Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
Գ. ԳՐՔԻ ԱՆՄԱՐԵԼԻ ՋԱՀԸ
Գ. ԳՐՔԻ ԱՆՄԱՐԵԼԻ ՋԱՀԸ

Հայերի ամենավաղ առնչությունը տպագրական արվեստին վերաբերում է 14-րդ դարին։ Պատմագիտական ուսումնասիրություններում առկա է այսպիսի ուշագրավ տեղեկություն. հիշյալ դարում վենետիկցի հայազգի նավապետ Անտոն Հայը (Հայկազունը) ի թիվս այլոց (Մարկո Պոլո եւ ուրիշներ) Չինաստանից Եվրոպա է բերում շարժական տառերով գիրք տպագրելու զինական գաղտնիքը։ Ինչպես երեւում է՝ դա բավարար չի եղել գիրք տպագրելու համար, այլ պարզապես նախապայման է դարձել, որ գերմանական Մայնց քաղաքի մի համեստ արհեստավոր երկար տարիների պրպտումներից, անվերջ փորձերից հետո վերջապես ստեղծի շարժական տառերով գիրք տպագրելու իր եղանակը՝ դրանով իսկ դառնալով առաջին տպագրիչն աշխարհում։

Այդ արհեստավորը, որն այլեւս դարձել էր մեծ գյուտարար, Յոհան Գուտենբերգն էր, տպագրված առաջին գիրքը՝ «Աստվածաշունչը», որը ծննդյան թվական էլ ունեցավ՝ 1445։

Մեծ, հեղաշրջիչ իրադարձություն տեղի ունեցավ համայն մարդկության պատմության մեջ՝ վառվեց գրքի անմարելի ջահը, եւ ժամանակի առաջադեմ մտածողները տեսան, հասկացան ու գնահատեցին դա։ Նրանցից մեկը գրեց, թե բոլոր ազգերը, որոնք գիր ունեն, պետք է փառաբանեն Գուտենբերգին «աստվածային գովեստներով»։

Մեկնարկը տրված էր, եւ գիրքը գնաց նվաճելու ողջ Եվրոպան։ Անհետաքրքիր չի լինի թվականներով, ըստ հերթականության նշել այն երկրները, որոնք տպագրեցին իրենց առաջին գիրքը. Իտալիա եւ Հոլանդիա՝ 1465, Շվեյցարիա եւ Չեխիա՝ 1468, Ֆրանսիա՝ 1470, Անգլիա եւ Լեհաստան՝ 1476, Դանիա՝ 1482, Շվեդիա՝ 1483, Պորտուգալիա՝ 1487…

Գուտենբերգի գյուտից 67 տարի անց` 1512-ին, Հայաստանից հեռու, Վենետիկում լույս աշխարհ է գալիս հայ առաջին գիրքը, որը կոչվում է «Ուրբաթագիրք»։ Ուղիղ չորս դար անց մեծանուն պատմաբան Լեոն իր «400 տարի հայ տպագրության» ուսումնասիրության մեջ հիացմունքով կգրի. «Արեւելքի հին, բազմաչարչար ազգը իր հատուկ ինքնուրույն գրքերով այսպիսով գալիս է, տպագրության պատմության այս վաղ առավոտյան, բազմելու գերմանացու, ֆրանսիացու, իտալացու եւ այլ եվրոպացիների կողքին։ Սա հրաշքի պես մի բան էր»։

Ո՞ւմ է պարտական հայ ազգն այդ հրաշքի համար։ Բարեբախտաբար, պատմությունը թողել է նրա անունը՝ Հակոբ Մեղապարտ։ Նա հայ առաջին տպագրիչն է, հայկական տպագրության սկզբնավորողն ու հիմնադիրը:

Եվ, այնուհանդերձ, ինչո՞ւ էր Հակոբ Մեղապարտի արածը «հրաշքի պես մի բան»։ Այս հարցի պատասխանի մեջ է, ահա, նրա գործի, ուրեմն եւ անձի մեծությունը։ Փորձենք հասկանալ դա։

16-րդ դարն էր՝ հայ ժողովրդի պատմության ամենամռայլ ժամանակներից մեկը։ Հայաստանում այն սկսվեց Պարսկաստանի եւ Թուրքիայի միջեւ ծայր առած պատերազմով, որն ընդմիջումներով պետք է տեւեր ընդհանուր առմամբ ավելի քան հարյուր տարի, եւ հիմնական ռազմաբեմը հայոց հողն էր։ Ավերված էր երկիրն ու ասպատակված, ժողովուրդը՝ հուսալքված ու անտիրական։ Լեոն այսպես է նկարագրում իրավիճակը. «Կորցրել էր նա (ժողովուրդը) իր հին ազգային կազմակերպությունը՝ հայ հողատեր ազնվականությունը, եւ պաշտպանվելու այլեւս ոչ մի միջոց չուներ։ Հոգեվարքի վերջին րոպեներն էր ապրում եւ Սահակ-Մեսրոպյան ժառանգությունը՝ հայոց գրականությունը։ Միտք չէր մնացել, մտքի տեղ չէր Հայաստան անունով սպանդանոցը։ Ճիշտ է, մի-մի անգամ առկայծում էին մենավոր ճրագներ վանքերում, ուր սարսափահար վանականը դեռ գրիչ էր շարժում, բայց դա այլեւս գրականություն չէր, դա միայն արտագրությունների արհեստն էր»։

Այս աղետալի վիճակը, բնականաբար, ունեցավ իր դառը հետեւանքը՝ սկսվեց հայ բնակչության զանգվածային արտագաղթը եվրոպական երկրներ՝ Լեհաստան, Իտալիա, Հունգարիա, Ուկրաինա, Մոլդովա, Հոլանդիա, Ղրիմ եւ այլն։ Մամլուքների ահեղ հարվածների տակ կործանված Կիլիկյան Հայաստանը եւս սկսեց դատարկվել՝ ստվարացնելով հայ գաղթականության շարքերը։ Բայց ապրել պետք էր, եւ հայերի հոծ զանգվածները, պատսպարվելով այսուայնտեղ, գերագույն ճիգեր էին գործադրում՝ պահպանելու իրենց գոյությունը։ Ապրուստի հիմնական միջոցը արհեստն էր եւ վաճառականությունը։

«Հրաշքի պես մի բանը» հենց այստեղ էր. այդ որտեղի՞ց ուժ գտավ հայը՝ կանգնած լինել գոյապահպանման ծանր խնդրի առջեւ եւ… գիրք տպել: Ազգային հպարտության անխառն զգացում ապրելու մեծ, ծանրակշիռ առիթ, իրոք, կա. պետություն չունեինք, բայց գրատպությամբ ետ չմնացինք այն ազգերից, որոնք պետություն ունեին եւ այն էլ՝ հզոր։ Մեր հարեւան ժողովուրդները դեռ հետո, շատ հետո էին ունենալու իրենց առաջին տպագիր գիրքը։

Հայ ազգը ճակատագրի բերումով բարեբախտ չեղավ այնքան, որ հայկական տպագրությունն սկզբնավորվեր հենց հայրենիքում՝ Հայաստանում (ի դեպ, հայ մամուլն էլ «Ազդարար» թերթով սկզբնավորվեց հեռավոր Հնդկաստանում, Մադրաս քաղաքում, 1794-ին), եւ բնավ էլ Հակոբ Մեղապարտի մեղքը չէ, որ ոչ լրիվ երկու տարում (1512-13թթ.) կարողացավ ընդամենը հինգ գիրք տպագրել, ըստ հաջորդականության՝ «Ուրբաթագիրքը», «Պատարագատետրը», «Աղթարքը», «Պարզատոմարը», «Տաղարանը»։ Հիշյալ հինգ գրքերից եւ ոչ մեկի հեղինակն ինքը՝ Հակոբ Մեղապարտը չէ, ինչը բնավ չի նսեմացնում նրան, հակառակը՝ ընդգծում է նրա արած գործի կարեւոր առանձնահատկություններից մեկը, այն է՝ զգալ իր ժամանակի ընթերցողի պահանջարկը եւ ձգտել բավարարել այն համապատասխան նյութերով։ Այնուամենայնիվ, եթե խոսքը վերաբերում է ընդհանրապես հայ գրքի ծնունդին եւ հայկական տպագրության սկզբնավորմանը, ապա այդ պահանջարկը պետք է դիտարկել ավելի լայն առումով՝ նախ եւ առաջ հաշվի առնելով ժամանակի եւ ստեղծված պայմանների թելադրանքը։ Ո՞րն է այն։

Ակնհայտ է, որ 16-րդ դարի Հայաստանում, իրոք, պարզապես անհնար էր գրատպություն սկսել ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական առումներով՝ գումարած մասնագիտականը։ Տպարան հիմնելը հեշտ և էժան գործ չէր (համեմատության համար արժե նշել, որ Երեւանում, օրինակ, առաջին տպարանը հնարավոր է դարձել հիմնադրել 1875-ին, այսինքն՝ Հակոբ Մեղապարտի առաջին գրքից ավելի քան երեքուկես դար անց), եւ միանգամայն բնական է, որ հայկական անդրանիկ տպարանը պետք է հիմնվեր դրսում, տվյալ դեպքում՝ Վենետիկում, որը, տարածված լինելով 118 կղզիների վրա եւ անմիջապես կապված լինելով ծովին՝ դեռեւս 10-րդ դարից դարձել էր աշխույժ նավահանգստային կենտրոն, արվեստների, արհեստների եւ վաճառականության քաղաք։ Ավելացնենք՝ նաեւ տպարանների քաղաք. Հակոբ Մեղապարտի ժամանակ այստեղ գործել է շուրջ 250 տպարան, որտեղ գրքեր են տպագրվել գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, հունարեն եւ այլ լեզուներով։

Հակոբ Մեղապարտի շնորհիվ էր, որ հայերենը եկավ լրացնելու լեզուների այս շարքը՝ դառնալով տպագիր գրքի լեզու, եւ դա կյանքի պահանջն էր, ժամանակի եւ ստեղծված պայմանների թելադրանքը։ Ակնհայտորեն հայ ձեռագիր գիրքը դադարել էր կատարել այն դերը, որ ուներ 5-րդ դարում եւ հետագա դարերում, գրիչները (ձեռագիր մատյանների ընդօրինակողներն ու բազմացնողները), որքան էլ ջանային, չէին կարող մեղմել գրքի սովը։ Ժամանակակիցների վկայությամբ՝ նույնիսկ «Աստվածաշունչը» դարձել էր հազվագյուտ գիրք, իսկ թե ինչ էր դա ազգապահպանման հզոր միջոցի՝ հայ եկեղեցու համար, պարզ է ինքնին։

Հայկական տպագրության սկզբնավորմամբ, ուրեմն, լուծվում էր համազգային խնդիր, բացվում էր ժողովրդի ինքնաճանաչման, կրթության եւ լուսավորության լայն մի դուռ, որը տանում էր դեպի քաղաքակիրթ աշխարհ, տպագիր գիրքը դառնում էր հզոր մի ուժ, որը գործելու էր ոչ միայն հայրենիքում, այլեւ բոլոր հայ գաղթօջախներում՝ հայ պահելով պետականությունը կորցրած, օտար ազդեցությունների մշտական վտանգի ներքո ապրող հային։ Այստեղ է, որ Հակոբ Մեղապարտի ծառայությունն իր ազգին դառնում է ոչ միայն անուրանալի, այլեւ անգնահատելի։

Իսկ ի՞նչ գիտենք Հակոբ Մեղապարտի անձի մասին։ Դժբախտաբար՝ շատ քիչ բան, եւ «մեղավորը» հենց ինքն է։ Ահա թե ինչու. հայ հին պատմիչները սովորություն ունեին իրենց ձեռագիր մատյաններում թողնել հիշատակարաններ, որոնք տեղեկություններ էին պարունակում ինչպես տվյալ մատյանի պատվիրատուի, գրելու շարժառիթների, այնպես էլ պատմիչի մասին։ Այս սովորությունը ժառանգել են նաեւ հայ հին տպագրիչները, եւ նրանց թողած հիշատակարաններից այսօր որոշակի տեղեկություններ ենք քաղում նաեւ իրենց մասին։ Այդպիսի հիշատակարան թողել է նաեւ Հակոբ Մեղապարտը, բայց իր տպագրած հինգ գրքերից միայն մեկում՝ «Պատարագատետրում»։ Ահա այն. «Այս սուրբ գիրքը գրվեց 962-ին Վենեժ աստվածապահ քաղաքում, որ է Վենետիկ՝ Ֆրանկստան, մեղապարտ Հակոբի ձեռքով։ Ով որ կարդա, թող մեղքերիս թողություն խնդրի Աստծուց» (962-ը ներկայիս թվարկությամբ 1513 թվականն է)»։

Ինչպես տեսնում ենք՝ մեր առաջին տպագրիչի անձնանունից բացակայում է Մեղապարտ բաղադրիչը, այն գրված է փոքրատառով, այլոց կողմից հետո է գրվել մեծատառով, այսինքն՝ դարձվել հատուկ անուն եւ կցվել տպագրիչի բուն անվանը՝ Հակոբ։

Հայ հին տպագրիչները պատմիչներից ժառանգել են եւս մեկ սովորություն՝ իրենց անձնանվան երկրորդ բաղադրիչը կազմել ծննդավայրի անվանումից։ Օրինակ՝ Աբգար Թոխաթեցի, Խաչատուր Կեսարացի, Հովհաննես Ջուղայեցի եւ այլն, որից գոնե իմանում ենք, թե որտեղից են ծնունդով։ Հակոբ Մեղապարտի դեպքում դա էլ չկա։

Բարեբախտաբար՝ նման հարցերը ժամանակի ընթացքում ստացել են իրենց պատասխանները, եւ այսօր ոչ մի կասկած չի հարուցում այն փաստը, որ Հակոբ Մեղապարտը եղել է ոչ միայն տպագրիչ, այլեւ տպարանատեր եւ հայերեն տպատառերի ձուլումն է միայն, որ պատվիրել է օտարազգի վարպետներին, որովհետեւ դա եղել է նրանց մենաշնորհը։

Այնուամենայնիվ, շատ հարցերում Հակոբ Մեղապարտի բախտը պարզապես չի բերել։ Նախ՝ երկար ժամանակ նրա անունը մոռացության է տրվել, եւ հայ առաջին տպագրիչ է համարվել Աբգար Թոխաթեցին, որը, անտարակույս, մեծ ծառայություն է մատուցել հայկական գրատպության գործին, բայց բոլոր դեպքերում եղել է երկրորդ հայ տպագրիչը Հակոբ Մեղապարտից հետո։ Հաստատված է, որ նա 1560-ական թվականներին իր տպագրական գործն սկսելիս ձեռքի տակ ունեցել է հայ առաջին տպագրիչի գրքերը և օգտվել նրանցից։

Հակոբ Մեղապարտի անունը մոռացությունից հանվեց միայն 1892 թվականին, երբ Երուսաղեմում գտնվեց նրա «Պատարագատետր» գիրքը, որի հիշատակարանում, ինչպես արդեն նշել ենք, գրված էր նրա անունը։ Հիշատակարանի շնորհիվ ճշտվեցին նաեւ հայերեն առաջին տպագիր գրքի անունը՝ «Ուրբաթագիրք», եւ հրատարակման տարեթիվը՝ 1512։ Ցավոք, երկար ժամանակ հայ առաջին տպագիր գիրքը համարվել է «Պարզատոմարը», որը Հակոբ Մեղապարտի տպագրած հինգ գրքերից չորրորդն էր։

Ճիշտ է, չափազանց սուղ են հայ գրքի մեծ երախտավորի կենսագրական տվյալները, նույնիսկ ծննդյան եւ մահվան թվերը հայտնի չեն, այնուամենայնիվ՝ նրա անձի մասին շատ բան ասում է հենց իր գործը։ Այսպես, Հակոբ Մեղապարտը հատուկ հոգ է տարել, որ իր տպագրած գրքերն ինչպես տառաձեւերով, այնպես էլ նախշազարդերով նման լինեն հայոց հին մատենագիրների ձեռագիր գրքերին։ Դա ինքնանպատակ քայլ չի եղել։ Նա լավ է իմացել, թե հայը դարեր շարունակ ինչ ամուր կապերով է կապված գրչագիր գրքին եւ տպագիր գրքերի անսովորությամբ չի ցանկացել կտրել այդ կապը, նրան օտարել գրքից։ Այսպես կարող էր վարվել միայն իր ազգի մասին մտածող անձը, հեռատես մարդը։ Սովորելով նրանից՝ այդպես են վարվել նաեւ նրա անմիջական հետնորդները։

Հակոբ Մեղապարտը հատուկ հոգ է տարել նաեւ այն մասին, որ իր գրքերը տպագրվեն ամուր, որակյալ թղթի վրա եւ լինեն կաշեկազմ, ունենան իր ժամանակի համար բարձր տպաքանակ՝ 500-600 օրինակ։ Ուրեմն՝ մտածել է նաեւ հաջորդ սերունդների, ապագայի մասին, եւ պատահական չէ, որ նրա տպագրած գրքերի օրինակներ, օգտագործվելով դարեր շարունակ, քիչ թե շատ բարվոք վիճակում հասել են մեր օրերը։ Դրանցից ներկայումս պահվում են Երեւանում, Երուսաղեմում, Նոր Ջուղայում, Վիեննայում, Վենետիկում, այսինքն՝ շատ էլ հազվագյուտ չեն։

Հակոբ Մեղապարտը եղել է գրագետ մարդ, եւ դրա վկայությունը իր տպագրած գրքերն են, որոնց խմբագրական, սրբագրական աշխատանքները բավական բարձր մակարդակով կատարել է ինքը։ Հենց միայն «Տաղարան» գրքով կարելի է դատել հայ միջնադարյան քնարերգության նրա լայն իմացության, նաեւ նկարչական ճաշակի մասին, որովհետեւ այդ գիրքը դեռ երկար ժամանակ անմրցելի եղավ իր ձեւավորմամբ։

Հակոբ Մեղապարտի շնորհիվ Վենետիկի հայ վաճառականությունն ունեցավ բոլորովին նոր տեսակի եւ որակի ապրանք՝ հայ գիրքը։ Նավերով, այլ փոխադրամիջոցներով այն հասցվեց Հայաստան, տարածվեց հայ գաղթօջախներում՝ ձեռքից ձեռք անցնելով։ Ունեցավ նաեւ միջազգային նշանակություն։ Ռուս նշանավոր գրքագետ-պատմաբան Ա. Սիդորովի հեղինակավոր վկայությամբ՝ հայ առաջին տպագրիչի հրատարակած գրքերից Մոսկվա են հասել դեռեւս 16-րդ դարում, ընկել ռուս առաջին տպագրիչ Իվան Ֆեոդորովի ձեռքը, եւ նա որոշակիորեն կրել է Հակոբ Մեղապարտի ազդեցությունը հատկապես գրքի ձեւավորման ասպարեզում։

Հայկական գրատպության սկզբնավորումն ամենամեծ մշակութային իրադարձությունն էր 16-րդ դարի հայ կյանքում։ Այս տարի լրանում է այդ նշանակալից իրադարձության 500-ամյակը, որը պետականորեն նշվելու է մեծ շուքով։ Երախտապարտ ազգը մեծարանքի խոսք է ասելու իր Մեղապարտ զավակին։

Ամեն տարի մոլորակի պետությունների մայրաքաղաքներից որեւէ մեկը հռչակվում է գրքի համաշխարհային մայրաքաղաք։ Այս տարի, ապրիլի 23-ին, այդ պատիվը կվերապահվի Երեւանին։ Դրանում, անշուշտ, կա հայերեն առաջին տպագիր գրքի ստեղծող, հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի մեծ վաստակը։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ