Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁՈՆՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ



Ես զինվորի մայր եմ։ Որդիս ծառայում է սահմանային զորամասերից մեկում։ Հպարտ եմ, որ հայոց բանակում զինվոր որդի ունեմ։ Ցանկանում եմ, որ բոլոր հայ մայրերն արժանանան այս բախտին ու այս հպարտությանը։ Մեր բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ մի քանի տող չափածո անկեղծ գովք եմ գրել։ Ուրախ կլինեմ, եթե տպագրեք։

ԿՈՉ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Փառք ու պատիվ, զինվորներին
Մեր քաջարի տղաներին։
Եղե՛ք տոկուն, եղե՛ք կանգուն,
Ու մեզ բերեք ուրախություն։
Լավ ծառայեք, իրար հարգեք,
Եվ ձեր կյանքը սիրով ապրեք։
Կանցնի ամեն դժվարություն,
Ու կդառնա հիշողություն։
Իմ զավակներ, լավ հիշեցեք.
Ձեր մայրերի ճրագն եք դուք,
Հայրենիքի պատիվն եք դուք։
Դուք եք մեր սերն ու հույսը,
Հայոց ազգի անմար լույսը։
Այս խոսքերս լավ հիշեցեք,
Իրարով միշտ հպարտացեք։
Խաղաղություն, համբերություն,
Իմ որդիներ՝ ցտեսություն։

ՎԱՐԴՈՒՀԻ ՄԿՐՏՉՅԱՆ
ք. Գյումրի

♦♦♦

Պահեստի գնդապետ Մեսրոպ Մեսրոպյանը 1990թ. անդամագրվել է Հատուկ գնդին եւ մեկնել հայրենիքի սահմանը պաշտպանելու։ Բազմաթիվ հաղթական մարտերի մասնակից է։ 1994թ. վիրավորվել է Օմարի լեռնանցքի համար մղված մարտերում։ 1996թ. մինչեւ 2011թ. ծառայել է որպես զորամասի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ։

ԱՐԹՈՒՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Արծվաշենի հայոց բազեներ,
Ձեր փետուրներից մեկն էլ պակասեց,
Եվ մի ակնթարթ
Բազեի թռիչքն անավարտ մնաց։
Իմ հերոս ընկեր,
Այդ ինչպես հանկարծ
Երազանքներիդ օվկիանը թողած՝
Հեռացար անդարձ։
Սակայն վստահ եմ,
Դարավոր օձին խփելու ժամին
Քո սիրտն ու հոգին մեզ հետ կլինի։
Եվ թեւատարած, քաջարի բազեն,
Որ կանգ է առել լազուր երկնքում,
Նորից կճախրի…
2002թ.

♦♦♦

Մայր իմ թանկագին,
Դու հանգիստ քնիր, ես կռիվ կերթամ,
Թշնամին եկել, սուրբ հողս տիրել,
Կռիվ է ուզում. կռվի՛ ես կելնեմ։
Արծիվ որդիներ, կռիվ եմ գնում,
Ոտներդ ամուր դուք հողին դրեք,
Եվ հպարտ եղեք, կռիվ եմ գնում։
Իմ չքնաղ Գոհար, գլուխդ բարձր,
Քո թանկագինը կռիվ է գնում։
Գող հարեւանս հողս անարգել,
Տունս է մտնում՝ կռիվ եմ գնում։
Էլ չեմ սպասում ոսոխի գալուն.
Հիմա էլ ես եմ կռիվ որոնում։
Իմ նախնիների արյան վրեժից՝
Հիմա էլ ես եմ պատերազմ փնտրում,
Հիմա էլ նրանց մայրերը թող լան
Ու նրանց մանկտիք թող որբ մեծանան։
Ու նրանց կանայք՝ սեւ շորեր հագնեն։
Ժամս է եկել, էլ չեմ սպասում,
Վրեժից արբած՝ կռիվ եմ ուզում։

ՄԵՍՐՈՊ ՄԵՍՐՈՊՅԱՆ
գնդապետ

♦♦♦

ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՏՂԱՆ

Շուտ մեծանամ,
Զինվոր դառնամ,
Լավ ծառայեմ,
Հայրենիքս ես պաշտպանեմ։

Մասիս սարը ես գրավեմ,
Հայաստանին ուրախացնեմ։
Արաքս գետն էլ մերը դարձնեմ,
Մեր հողերը ամբողջացնեմ։

Շուտ մեծանամ,
Զինվոր դառնամ,
Հայրենիքս հզորացնեմ։

ԷԴՈՒԱՐԴ ԹԱՆԳՅԱՆ

♦♦♦

ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Աշնանային պայծառ օր էր… Երիտասարդ կինը ծանր-ծանր քայլում էր այգով։ Նրան
մոտեցավ մի տատիկ և ասաց.
-Բարով-խերով ծննդաբերես, աղջի՛կս, մի ղոչ տղա, հայրենիքի զինվոր լույս աշխարհ բերես…
Բերկրանքից թպրտաց աղջկա սիրտը։
♦♦♦
Սեպտեմբերի մեկն էր: Երիտասարդ կինը տղային տանում էր դպրոց: Ճանապարհին հարեւանը բարեմաղթանքներով կտրեց նրանց ճանապարհը.
-Լա՛վ սովորես, լա՛վ մարդ դառնաս։
-Ես զինվոր եմ դառնալու,- նեղացած պատասխանեց փոքրիկ տղան։
Մոր սիրտը նորից բերկրանքից թպրտաց:
♦♦♦
Աշուն էր: Զորակոչ։ Տասնութամյա պատանին բանակ էր գնում։
Այդ պահին նորից բերկրանքից թպրտաց մոր սիրտը։
Նրա աչքի առաջ հայտնվեցին բոլոր հայ զինվորները` Հայկ Նահապետը, Վարդան Մամիկոնյանը, Անդրանիկ Օզանյանը, Հովհաննես Բաղրամյանը, Վազգեն Սարգսյանը…
Որքան շա՜տ էին նրանք…
Մայրը սթափվեց, հավաքեց իրեն ու հպարտությամբ ասաց.
-Գնա՛, որդի՛ս, պաշտպանի՛ր քո հայրենիքի սահմանները: Գնա՛, որ հայ փոքրիկը հանգիստ քնի: Գնա՛, որ հայ մայրը միայն ուրախությունից լաց լինի: Գնա՛, որ հայոց երկնքում միայն հրավառության թնդանոթի ձայնը լսվի: Գնա՛, որ հայոց առավոտները խաղաղ բացվեն:
Աստված քեզ պահապան, հա՛յ զինվոր, թող Աստծո աջը ու մորդ սիրտը միշտ պաշտպանեն քեզ ու քեզ հետ լինեն:

ՌՈՒԶԱՆՆԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

♦♦♦

Հարգելի՛ խմբագրություն
Մեր որդին՝ Նարեկ Ավետիքի Սարիբեկյանը, ավարտելով Երեւանի ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը, զորակոչվեց հայկական բանակ, ուսումնական զորամաս, որտեղից իր ցանկությամբ տեղափոխվել եւ ներկայումս սովորում է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Ապագա հրետանավոր է։
Ուզում ենք Ձեր թերթի միջոցով հայկական բանակի 20-ամյակի առթիվ շնորհավորել մեր կուրսանտ որդուն, իր լավ ընկերներին՝ Կարենին, Գագիկին, Նարեկին եւ բոլոր-բոլորին, ինստիտուտի ամբողջ հրամանատարական եւ դասախոսական կազմին։ Մաղթել բոլորին առողջություն, խաղաղ երկինք եւ բարի ծառայություն։
– Շնորհավոր ծնունդդ, մեր սիրելի՛ զավակ, հայոց բանակի զինվոր, ուսումնական տարիդ ավարտելով՝ ծառայության կանցնես հայոց բանակում` որպես սպա։ Երկու պատվելի կոչումներ մեկտեղվում են քո մեջ։ Բարձր պահիր այսօր՝ զինվորի, վաղը՝ սպայի կոչումները։ Հպարտությամբ կրիր քեզ շատ սազող համազգեստը։ Դու ես նաեւ խաղաղության երաշխավորը, հեռավոր սահմանային գյուղում՝ մեր հանգիստ ապրելու գրավականը։ Քո բազկի մեջ է ուժն ու զորությունը հողի ու մեր նախնիների, քո հերոս նահատակ-հարազատների՝ հորեղբայր Սասունի եւ մորեղբայր Հարությունի վեհ պատգամները. «Կոփի՛ր քո մեջ հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրո կամք, որը քո տիրապետած թնդանոթի հետ միասին կդառնա աշխարհում ամենաուժեղ զենքը»։ Արժանի՛ եղիր նրանց թողած ժառանգությանը, պահի՛ր, պահպանի՛ր բոլոր այն արժեքները, որոնք պաշտպանվել են արյան գնով…
Ու քո նվիրական գաղափարներով ու նկարագրով, քո վարքագծով, շրջապատիդ նկատմամբ հարգանքով, հուսով ենք, կարդարացնես քո հարազատ գյուղի մարդկանց բոլոր սպասելիքները։
Տոնդ շնորհավո՛ր, մեր սիրելի որդի։

Քո հայր, մայր, եղբայր, քույր, ընկերներ եւ հարազատներ
Հարգանքով՝ Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
գ. Վահան

♦♦♦

ԶԻՆՎՈՐԻՆ

Զինվո՛ր, հիմա իմ տաք կոպին
Խրամատիդ սառ գիշերն է,
Ու ալեկոծ հոգուս ափին,
Հարազատ տան քո հուշերն են:

Իմ անհանգիստ, խռով ունկին
Ծառայության քո հոգսերն են,
Ու քեզ ձոնած տողիս կրկին
Մորդ սրտի ակոսներն են:

Որքան էլ որ դու հեռվում ես,
Ես թռչում եմ մտքով քեզ մոտ,
Ու մայրաբար համբուրում եմ
Ձեռքերը քո վառոդահոտ:

Քեզ հետ վազում, նստում` հոգնած,
Փայլեցնում եմ ինքնաձիգդ,
Նամակ գրում աղջկադ սիրած,
Քեզ հետ կարում եմ օձիքդ:

Զինվո՛ր, քեզնով ցնծում եմ ես,
Դու ուժեղ ես, արի` կամքով,
Ու պարտքն այս սուրբ` վստահված քեզ,
Գիտցի՛ր, պետք է կրես պատվով:

ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

♦♦♦

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Հայո՛ց բանակ, հայոց բանակ դու զորավոր,
Հաղթանակներդ եղել են հարազնիվ, արդար,
Թեւածել է արիական ոգիդ անպարտ՝
Պարգեւելով քո քաջերին Սեր ու Հավատ։
Հայոց ազգի աստվածների բարի կամքով՝
Ոգի ու Միտք մեկտեղել ես անանց փառքով,
Եվ գալիքը ազնիվ ցեղիս տեսնում ես դու
Մասսին փարված,
Որ ոգեղեն ճանապարհով տանելու է
դեպի Երկիրը մեր ավետյաց։
Հաղթանակիդ ղողանջները մինչեւ երկինք
թող տարածվեն,
Դու միշտ մնաս որպես բարու սերմեր ցանող,
հայոց բանակ,
Նվիրական կռիվը քո եղել է միշտ ու կլինի
չարիքի ու չարին ընդդեմ։
Արիածին մեր մեծ Ազգի դուք արծիվնե՛ր,
Նվիրական իղձերը մեր դարձրե՛ք ներկա
եւ հարատեւ,
Հաղթանակներ բերեք հայոց ծիրանագույն
դրոշներով,
Հայոց անպարտ Արքաների ոգով արե՛ք մեծ
թռիչքներ։
Արարչաստեղծ մեր հայրենյաց այրե՛ր հայոց՝
քաջ ու արի,
Եղե՛ք զգոն, եղե՛ք պատրաստ ախոյանի
դավերի դեմ։
Փակե՛ք ճամփան հերեւելի-աներեւույթ մեր
թշնամյաց,
Ազա՛տ պահեք դրախտավայր մայր
Հայաստան։

ՄԱՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

♦♦♦

Նվիրվում է հայկական բանակի 20-ամյակին

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

Հաղթանակած, հերոսացած
Հայոց երկրի հզոր բանակ,
Քո մարտական ջահը վառած
Պահիր, որպես փառքի պսակ։

Դու դեռ ջահել, դեռ պատանի,
Քսան տարիդ նոր բոլորած
Դարձել ես քաջ, անհաղթելի,
Անպարտելի կորյուն դարձած։

Շնորհավո՛ր քո տարեդարձը,
Մաղթում եմ քեզ լիարժեք կյանք,
Մնա այդպես փառքով, պատվով,
Հոգով արի՝ անկոտրում կամք։

Հզորացի՛ր, դեռ ավելի
Հզորացրու քո ապագան,
Չունենաս դու էլ թշնամի,
Ապրես կայուն ու անսասան։

Մարտիկներիդ համախմբիր,
Սատար կանգնիր քո վեհ ազգին,
Ամուր պահիր սահմաններդ,-
Աստված ուժ տա քո կուռ բազկին։

ՌԱԻՍԱ ՎԱՀՐԱՄՅԱՆ

Խորագիր՝ #04 (920) 02.02.2012 – 08.02.2012, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


08/02/2012