Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԻԼԼԵՐԻ «ԲԱԼԼԱԴՆԵՐԸ»



Սրբից սուրբ է սա, իմ անգին,

Արժանի քո գովասանքին,

Մեզ խաբեցին խոսքով ճարտար,

Բայց Տերն արեց իր դատն արդար.

Ետ եկ, որդյա՛կ, ձեռքդ ինձ տուր,

Փառքով ելար կռվից դաժան,

Այս խաչը առ ի տրիտուր

Ամենահաղթ քո հեզության։

(«Մենամարտ վիշապի հետ» բալլադից)

Գրքի կազմին այսպիսի գրառում կա. «Ղարաբաղի քաջ եւ իմաստուն մեր հայրենակիցներին՝ սիրով ու հարգանքով՝ Տելայաններ-Երեւան-1988թ.»։ Գիրքը 88-ի այն օրերին հասել է Ղարաբաղ, դրվել Մարտակերտի Մատաղիս գյուղի գրադարանում` մեր մյուս մեծերի երկերի կողքին։ Հիմա գիրքը վիրավոր է, քրքրված, տեսել է պատերազմ ու ավեր, կրակ:

Պատմում է ազատամարտիկ Ջեմմա Հովհաննիսյանը. «Երբ վերագրավեցինք Մատաղիսը, գյուղը ծուխ ու բոցի մեջ էր, թուրքերն արդեն թալանել-տարել էին ամեն ինչ` անշարժ ու շարժական, հավից սկսած մինչեւ կահույք։ Մնացել էին միայն գրքերը` վիրավոր, արնաքամ, ծխացող, այրված, ջարդված պատուհաններից ներխուժած քամուց թերթվող էջերով։ Դա իմ տեսած ամենատխուր օրերից մեկն էր` կողք կողքի ծխում էին մեծերի գրքերը՝ Լեո, Մուրացան, Աբովյան, Չարենց, Սեւակ, Հոմերոս, Շիլլեր, Բայրոն, Գյոթե, որոնք ասես վիրավոր զինվորներ լինեին եւ վերք էին ստացել զենքը ձեռքներին մեզ հետ մարտնչելիս։

Շիլլերի «Բալլադները» գիրքը նույնպես վիրավոր է։ Կռվող տղաների մակագրությամբ այն նորից կդրվի մյուս մեծերի շարքում՝ որպես հայրենիքի զինվոր։ Եվ չնայած իր բազում վերքերին՝ նորից կմաքառի ընդդեմ պատերազմի ու ոսոխի»…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #04 (920) 02.02.2012 – 08.02.2012, Հոգևոր-մշակութային


08/02/2012