Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈԿՐԻՇԿԻՆԻ 90 ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԽՍՀՄ-Ի



Սկիզբը` նախորդ համարում

ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ

Անհնար է, որ պատերազմի հատկապես վերջին փուլում խորհրդային ղեկավարությունը չմտածեր օդաչուների վերաբերյալ պետական քարոզչության մասին: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է կործանիչ օդաչուներին: Երևույթը հնագույն և հիվանդագին հարց էր ավիացիայում: Բնականաբար, Ստալինին հարկավոր էր այնպիսի հերոս, որն իր ցուցանիշներով առաջ լիներ դաշնակիցներից, միաժամանակ ունենար անաղարտ անցյալ, գեղեցիկ արտաքին և լիներ հնարավորինս երիտասարդ: Նման հարցերում միշտ առանցքային տեղ էր զբաղեցնում նաև ազգությունը: Դրանում առաջնորդն ավելի ուշադիր պետք է լիներ: Անհրաժեշտ էին լավ տվյալներ, որպեսզի քիչ աշխատանք տարվեր: Միանգամայն հասկանալի էր, որ իսկական հերոսն օդային մարտում հակառակորդի կողմից երբեք խոցված չպետք է լիներ: Առաջնորդին հարկավոր էր նախանձ շարժող մի օդաչու, որը պետք է լիներ լավագույնը:

Սակայն նախնական ուսումնասիրությունները գոհացուցիչ չէին: Ստացվում էր այնպես, որ բոլոր այն օդաչուները, որոնք իրենց ցուցանիշներով զբաղեցնում էին ԽՍՀՄ-ում առաջին դիրքերը կա՛մ մարտնչում էին Պոկրիշկինի հետ նույն գնդում, կա՛մ ազգությամբ ռուս չէին, կա՛մ անցյալում եղել էին օդաչուներ, կա՛մ օդային մարտում խոցվել էին, ինչն իր հետ առաջ էր բերում հարցերի շարան: Մեր ասելիքը ավելի պարզ դարձնելու համար նշենք խորհրդային կործանիչ բոլոր օդաչուներին, որոնք իրենց հաղթանակների քանակով առաջնակարգ դիրքերում էին, իսկ պատերազմի ավարտին այդ ցուցանիշը մոտեցավ 50-ին:

Դմիտրի Գլինկան չափազանց վառ կերպար էր, հիանալի օդաչու, երկու եղբայրն էլ օդաչուներ էին, Դմիտրին ուներ լավ տվյալներ: Թվում էր, թե հերոսի կերպարի փնտրտուքներն ավարտված էին, սակայն պարզվեց, որ վերջինս նույնպես Պոկրիշկինի սաներից էր:

Ցուցակում հաջորդը Կիրիլ Եվստիգնեևն էր, սակայն նա այդ դերի համար արդեն տարիքով էր և չնայած մարտնչում էր «Լա-7» կործանիչով, որը համարվում էր խորհրդային կործանիչաշինության վերջին խոսքը, այնուամենայնիվ հրամանատարությունն այնքան էլ գոհ չէր նրանից:

Արսենիյ Վորոժեյկին նույնպես տարիքով էր և նախկինում մարտնչել էր Խալխին-Գոլում և ֆինլանդիայում: Ստացել էր ամերիկյան շքանշան, ինչը ծայրաստիճան անցանկալի էր:

Գրիգորի Ռեչկալովը շատ գեղեցիկ էր, լավ տվյալներ ուներ և դարձյալ Պոկրիշկինի սաներից էր: Նա եսասեր օդաչու էր, մտածում էր միայն իր սեփական հաղթանակների մասին:

Նիկոլայ Գուլաևի մասին կասկածներ կան, որ նա ազգությամբ հայ է: Այդ հեղինակավոր օդաչուի կարիերայում ամերիկյան հետքը շատ էր: Նա էլ քիչ էր մնում ստանար երրորդ աստղը, սակայն մի փոքր միջադեպ փչացրեց ամեն ինչ:

Ի վերջո, ի՞նչ էր նշանակում ամերիկյան հետք կամ Պոկրիշկինի սան: Մի՞թե այդքան պանծալի հերոսն անցանկալի էր առաջնորդի համար:

Բանն այն էր, որ Պոկրիշկինի փառապանծ 16-րդ գունդը երկար ժամանակ զինված էր ամերիկյան արտադրության «Փ-39 Աերկոբրա» կործանիչներով: Անձամբ մեր հերոսը մեկ անգամ չէ, որ բացասաբար էր արտահայտվել խորհրդային տեխնիկայի և մարտավարության հասցեին: Բնականաբար, այսպես նա թշնամիներ պիտի ձեռք բերեր: Նա օդային մարտի համար մշակել էր սեփական մարտավարություն: Վերը նշված լավագույն օդաչուները հենց այս կործանիչով ու Պոկրիշկինի մշակած կանոններով էին տարել իրենց հիմնական հաղթանակները: Ինքը` Պոկրիշկինը, այս կործանիչով հաղթել էր ավելի քան 38 օդային մարտ: Իհարկե, սա անթույլատրելի էր, սակայն դժվար էր առաջնային օդաչուներից գտնել այնպիսի մեկին, ով գոնե մեկ անգամ չէր թռել «Լենդ-Լիզով» ստացված կործանիչներով: Մինչև 15-20 օդային հաղթանակ ունեցող խորհրդային բոլոր օդաչուների հիմնական մասը թռել էին նման կործանիչներով: Ոչ միայն թռել, այլ նաև զգալի հաղթանակներ էին տարել: Քանի որ 1941-42թթ.-ին խորհրդային ռազմարդյունաբերությունն ի վիճակի չէր արտադրելու անհրաժեշտ քանակությամբ կործանիչներ, ապա ամերիկյան «Փ-39 Աերկոբրա» կործանիչները համարվում էին խորհրդային կործանիչ օդաչուների հիմնական ինքնաթիռը: Պատերազմի նախնական փուլում օդաչուները դժվարին պայքար էին մղում գերմանացիների հետ: Նման մարտերում դժվար էր նաև չխոցվել: Հերոսի կերպար գտնելը բարդ էր, սակայն ոչ անիրագործելի:

1943թ.-ի կեսից ռազմաճակատում ավիագնդերում արդեն շատ էին խորհրդային արտադրության կործանիչները, իսկ գերմանական երբեմնի գերակայությունը երկնքում արդեն թուլանում էր: Պատերազմի սկզբում մարտնչած հերոսները ենթակա էին հակառակորդի կողմից խոցվելու վտանգին, և գրեթե բոլորն էլ խոցվել էին, սակայն 1943թ.-ի կեսից արդեն հնարավոր էր մնալ նաև անխոցելի: Պոկրիշկինը նույնպես խոցվել էր և ոչ միայն խոցվել, այլ նաև պատերազմի հենց առաջին օրը սխալմամբ խփել էր խորհրդային «Սու-2» թեթև ռմբակոծիչին: Հերոսն ազատամիտ էր, օդային կարգազանց և նույնպես ստացել էր ամերիկյան շքանշան: Ահա թե ինչու նա «չէր կարող լինել առաջինը»: Պատճառներ գտնելը դժվար չէր` գնդի փաստաթղթերն էին կորել, հաղթանակները հավաստող չկար և այլն: Ստալինը շատ էր սիրում օդաչուներին, սակայն չցանկացավ ո՛չ հանդիպել փառապանծ Պոկրիշկինին և ո՛չ էլ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում առաջին անգամ եռակի հերոսի կոչմանն արժանացած մարդուն անձամբ շնորհել այդ մեծագույն կոչումը: Մինչև առաջնորդի մահը, նա այդպես էլ մնաց գնդապետ, երբ դեռ 1945թ. կարող էր ստանալ գեներալական կոչում, իսկ հետո նորից մոռացության մատնվեց: Կարմիրների չափանիշներից այս հերոսը շատ հեռու էր…

Ո՞Վ ԷՐ ԻՎԱՆ ԿՈԺԵԴՈՒԲԸ

Եվ հենց այստեղ հարց է առաջանում՝ արդյոք Կոժեդուբի կերպարը ա՞յն է, ինչ մենք գիտենք:

Իհարկե կերպարը շինծու չէր, նա իսկապես գերազանց օդաչու էր, իր կամքով էր մեկնել ռազմաճակատ, գյուղացու ընտանիքից էր, եղբայրը զոհվել էր ռազմաճակատում և այլն, սակայն շատ բան կանխավ ընտրված էր և հետագայում ամեն ինչ հավանաբար ընթացել էր ճշգրիտ պլանավորված սցենարով:

Սովորաբար շատ հրահանգիչներ, ովքեր մնացել էին օդաչուական դպրոցներում, 1941թ.-ին կամավոր մեկնել էին ռազմաճակատ: Այդ ժամանակ ավելի էր հարկավոր ցուցաբերել իրենց մասնագիտական պատրաստվածությունը: Ոմանց չէին թողնում մեկնել ռազմաճակատ, սակայն նրանք փախչում էին:

Նա հրահանգչի պաշտոնը թողնում և 1942թ. աշնանը մեկնում է 240-րդ ավիագունդ, որը սակայն ռազմաճակատ է գործուղվում 1943թ.-ի մարտ ամսին միայն: Կոժեդուբը առաջին անգամ մարտական գործողություններին մասնակցել է հունիս-հուլիս ամիսներին, այսինքն` հիանալի պատրաստված հրահանգիչը մոտ մեկ տարի ևս պատրաստվում էր պահեստային գնդում, իսկ երեքից չորս ամիս ռազմաճակատին մոտ գտնվելով, հղկում իր հմտությունները: Պատերազմի սկզբից մարտական գործողություններին մասնակցող օդաչուները նման շքեղություն չէին կարող իրենց թույլ տալ: Նա իր առաջին հակառակորդին խոցել է միայն 40-րդ մարտական թռիչքի ժամանակ, 1943թ.-ի հուլիսի 6-ին, սակայն ինչ-որ հրաշքով ընդամենը 7 ամսում խոցում է արդեն 20-րդ ինքնաթիռը և ստանում հերոսի առաջին կոչումը: Բնականաբար, նա պիտի ստանար անհատական ինքնաթիռ և շատ շուտով նոր պաշտոն, կոչում և ընդամենը վեց ամիս անց արդեն 48 հաղթանակ ու երկրորդ աստղը: Կրկնակի կոչում` ընդամենը կես տարում: Այն ժամանակ, երբ ոչ ոք չէր կասկածում Գերմանիայի կործանմանը:

Կոժեդուբը 25 տարեկան գեղեցիկ երիտասարդ էր, հրահանգիչ և հիանալի տիրապետում էր օդային մարտին: Մարտական գործողությունների ամբողջ ընթացքում նա պայքարել էր խորհրդային «Լա-5» և «Լա-7» կործանիչներով, և ինքնին հասկանալի էր, որ հենց այս օդաչուն պիտի խոցեր գերմանական ամենաժամանակակից և սարսափելի կործանիչ «Մե-262»-ը: Շատ օդաչուներ հավաստիացնում էին, որ այդ կործանիչին սովորական մխոցավոր կործանիչով խոցելն անհնար էր: «Մե-262»-ի և նման կառուցվածքով կործանիչների դեմ պայքարելու համար խորհրդային կոնստրուկտորները հատուկ կործանիչներ ստեղծելու հանձնարարություն էին ստացել: Կոժեդուբը, բնականաբար, օդային մարտում ոչ մի անգամ չէր խոցվել: Չնայած սա պաշտոնական վարկածն է, իրականում նրան հենց առաջին մարտական թռիչքի ժամանակ խոցել էին, սակայն նա ինքնաթիռով մի կերպ վայրէջք կատարեց: Հենց Կոժեդուբը պիտի Բեռլինի երկնքում խոցեր ամերիկյան երկու կործանիչ, որոնց մասին տեղեկությունը իբր գաղտնի էր պետք պահել: Գաղտնիք, որը հետագայում համապատասխան կարգով համապատասխան մարդկանց ցույց կտրվեր` սպասվող պատերազմում օդաչուների մարտական ոգին բարձրացնելու համար:

Մնացածը ինքնին պարզ է, ոչ մի օդաչու չէր կարողանում իր բոլոր խոցումների փաստն ապացուցել, և գրեթե բոլորի մեջ կան նմանները, սակայն Իվանը նման խնդիր չուներ: Բնականաբար, Կոժեդուբը պիտի ղեկավարեր Կորեական երկնքում խորհրդային առաջին կործանիչային ավիադիվիզիան, որին բախտ էր վիճակված աշխարհին ցույց տալ կարմիրների առավելությունը կապիտալիստների նկատմամբ: Նշենք, որ պատերազմում նրա վերջին զբաղեցրած պաշտոնը եղել էր գնդի հրամանատարի տեղակալ, իսկ այստեղ պետք էր ղեկավարել նորագույն ինքնաթիռների դիվիզիա: Խորհրդային ՌՕՈւ-երում կային տասնյակ փորձառու հրամանատարներ: Բնականաբար, այս ամենը կրում էր ձևական, ցուցադրական բնույթ: Իբր նրա և առհասարակ խորհրդային օդաչուների ներկայությունը Կորեայում գաղտնիք էր, սակայն կարմիրները շատ լավ հասկանում էին, որ ամերիկացիները ուշ թե շուտ իմանալու են: Կոժեդուբին այնտեղ արգելված էր մարտական թռիչքներ կատարել, սակայն ըստ ասեկոսեների` նա այնտեղ ունեցել է տասնյակից ավելի հաղթանակ և անգամ մի անգամ խոցվել է ու քիչ է մնացել գերի ընկնի:

Արդյոք խորհրդային երկրի քարոզչական ռազմավարներն այս ամենը հաշվարկե՞լ էին, թե ոչ, լիովին պարզ չէ, սակայն ակնհայտ էր, որ նրանք մի հարցում սխալվեցին: Նրանք կարծում էին, թե գլխավորը դաշնակիցներից առաջ անցնելն է, իսկ պարտվող երկրներն իրենց հաջողությունների մասին երբեք չեն կարողանա թմբկահարել (օրինակ` ճապոնական կամ գերմանական օդաչուների մասին լեգենդին ո՞վ պիտի հավատա, միևնույն է, նրանք պարտվել են): Սակայն ազատ հասարակությունն այնքան էլ չի հավատում բռնապետական ռեժիմների կողմից ստեղծված կեղծ կերպարներին:

Վերջին հաշվով` պատմաբաններն իրենց ուսումնասիրությունների մեջ այսօր ազատ են: Թող մեզ ների Իվան Նիկիֆորի Կոժեդուբը, նա իսկական աս է եղել, դրանում կասկած չկա, սակայն զբաղեցնում է ուրիշի տեղը: Պոկրիշկինն իրավամբ մեծագույն օդաչու էր, և եթե անգամ Կոժեդուբն իրոք օդային մարտում խոցել է 62 ինքնաթիռ, միևնույն է, իր հեղինակությամբ մնում է Պոկրիշկինի ստվերում, քանի որ, բացի բազում պատճառներից, վերջինս նաև առաջինն է ԽՍՀՄ-ում համարձակվել օդային մարտը վերածել մտքի մարտի, առաջնորդվելով շախմատային քայլերի հաջորդականության սկզբունքով:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խորագիր՝ #04 (920) 02.02.2012 – 08.02.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից, Ռազմական


08/02/2012