Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԵՏԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԿՐԱԿԻ
ՀՐԵՏԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԿՐԱԿԻ

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԳՈՀ ՄՆԱՑԻՆ

Գնդապետ Ս. Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասի սպառազինության մեջ ընդգրկված են տարբեր տիպի հրթիռահրետանային կայանքներ, որոնք ի վիճակի են ոչնչացնելու հակառակորդի մոտիկ ու հեռու կրակակետերը, ռազմավարական նշանակության օբյեկտները, կենդանի ուժն ու տեխնիկան։ Անհրաժեշտ ուսումնական բազան, կրակադաշտը սովորելու, գիտելիքները հարստացնելու, հմտությունները կատարելագործելու հնարավորություն են տալիս ինչպես զինվորներին, այնպես էլ սպաներին։ Այս տարվա ձմեռային-գարնանային եւ ամառային-աշնանային ուսումնական փուլերի մեկնարկային մարտավարաշարային պարապմունքներն ավարտվեցին ուսումնական տագնապներով, որոնց ընթացքում կատարվեց անձնակազմի եւ ամբողջ մարտական տեխնիկայի տեղաշարժ դեպի կենտրոնացման շրջան։ Երկու դեպքում էլ առաջադրանքները կատարվեցին ամբողջությամբ, գործընթացին հետեւող սպառազինության եւ հրթիռահրետանային զորքերի վարչությունների մասնագետները գոհ մնացին ռազմական տեխնիկայի եւ փոխադրամիջոցների հուսալի աշխատանքից։

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂ ԱՆՑԱՎ

Գնդապետ Ս. Հովհաննիսյանն ազգային բանակի փորձառու հրամանատարներից է։ Պատերազմի մասնակից հրետանավոր սպան տարիներ շարունակ առաջնագծի զորամասում ծառայելուց հետո տեղափոխվեց հրետանային ուսումնական զորամաս եւ այն մի քանի տարի հաջողությամբ ղեկավարելուց հետո ստանձնեց վերակազմավորված մարտական զորամասի հրամանատարությունը։ Պետք է նկատել, որ գնդապետ Ս. Հովհաննիսյանի ղեկավարությամբ զորամասի բոլոր օղակներում կտրուկ բարձրացել են ծառայողական կարգապահությունը եւ ուսումնական գործընթացի արդյունավետությունը։ Սպաների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները։ Նրանց մի մասը տեղափոխվել է սահմանամերձ զորամասերից, մյուսները՝ անմիջապես ուսումնական հաստատություններից։
-Բոլորս գիտենք, որ հրետանին տարբեր ստորաբաժանումների համագործակցությամբ օգտագործվող զենք է, եւ մենք աշխատում ենք ստորաբաժանումների՝ հաշվարկների, յուրաքանչյուր անդամի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, այլ ստորաբաժանումների հետ ներդաշնակումը կատարելագործելու ուղղությամբ։ Սեպտեմբերի երկուսից մինչեւ հոկտեմբերի մեկը ճամբարային հավաքի մեջ էինք։ Դաշտային պարապմունքներն ավարտվեցին ցուցադրական մարտավարական զորավարժությամբ՝ զորամասի կրակի կառավարումով։ Զորավարժության ընթացքին հետեւում էին հրթիռահրետանային զորքերի եւ հրետանու վարչության պետ գնդապետ Ալբերտ Մարդոյանը, վարչության մասնագետ սպաները, զորամիավորումների ծառայությունների պետերը։ Ռեակտիվ կայանքներով, հրթիռներով առաջադրված խնդիրները կատարեցին մայոր Թ. Թամրազյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոնի մարտկոցները։ Մյուս դիվիզիոնները հրաձգությունը կատարեցին փոխարինող զենքերով։
-Զորավարժությունը հաջողված էր, մենք համոզվեցինք, որ ստորաբաժանումները մարտունակ են։ Ընդհանուր առմամբ, այս հավաքը բավական հաջող կազմակերպեցինք։ Այժմ ուսումնական գործընթացը շարունակվում է զորամասում, առանձին հաշվարկներ նախապատրաստվում են մասնակցելու հրետանավորների համաբանակային մրցույթին,- ասաց գնդապետ Ս. Հովհաննիսյանը։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ

Զորամասի ուսումնական տեղամասը կարծես փորձադաշտ լինի։ Այստեղ բազմաթիվ հրանոթներ կան, որոնց մոտ ամեն օր գործնական պարապմունքներ են անցկացվում։ Իսկ որոշ կայանքներ էլ, որոնցից է նաեւ «գրադը», այստեղ է հայտնվում միայն պարապմունքի ժամերին։ Գործնական պարապմունքների ընթացքին հետեւելով՝ սպայական հաշվարկով նորմացույցներ էին կատարում մարտական պատրաստության գծով հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Մինասյանը, շտաբի պետի տեղակալ մայոր Ս. Զեյնալյանը, դիվիզիոնի հրամանատար մայոր Թ. Թամրազյանը, մարտկոցի հրամանատար կապիտան Է. Եղիազարյանը։
Մայոր Թ. Թամրազյանն իրեն լավագույնս դրսեւորեց հրետանային մեկ այլ զորամասում, նրա ղեկավարած ստորաբաժանումները՝ մարտկոց, դասակ, առանձնանում էին բարձր կարգապահությամբ ու մարտունակությամբ։ Տեղափոխվելով այստեղ եւ նշանակվելով դիվիզիոնի հրամանատար՝ նա շարունակում է բարեխղճորեն ծառայել։
Շարունակելով ճամբարային հավաքի եւ զորավարժության թեման, մայոր Թամրազյանն ասաց.
-Զորավարժությունը տեւեց երեք օր։ Այդ ընթացքում դիվիզիոնը շարժվում էր տարբեր ուղղություններով եւ խուսավարում։ Զինվորները պարապում էին ամբողջ օրը եւ քնում բաց դաշտում, պատրաստում կրակային դիրքեր եւ դիտարկումներ կատարում։ Ի վերջո, եկավ մարտական կրակի պահը, եւ մարտկոցներն իրենց առաջադրանքները հաջողությամբ կատարեցին։ Հատկապես աչքի ընկան կապիտաններ Է. Եղիազարյանի եւ Վ. Սարգսյանի մարտկոցները։ Դիվիզիոնը երկար ժամանակ է, ինչ լավագույնն է զորամասի կազմում եւ կրկին ապացուցեց, որ արժանի է այդ կոչմանը։

ԱՄԵՆԱՄԱՐՏՈՒՆԱԿ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

Երբ մոտեցանք մարտական մեքենային, մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Ս. Սարդարյանը կայանքը մարտական դրության բերելու հրաման տվեց։ Հրամանը կրկնեց հաշվարկի հրամանատար կրտսեր սերժանտ Սամվել Հարությունյանը։ Զինվորները գործի անցան եւ կարճ ժամանակ անց շարք կանգնեցին հրամանը կատարած.
-Ինչքա՞ն ժամանակ է տրվում այս հրամանը կատարելու համար,- հարցրի հաշվարկի տղաներին։
-Մեկ րոպե 30 վայրկյանը «գերազանց» է,- պատասխանեց հաշվարկի հրամանատարը։
Իմ հաշվով նրանք առաջադրանքը կատարել էին 30-35 վայրկյանում։ Քիչ անց իմացա, որ հաշվարկն ամենամարտունակն է դիվիզիոնի կազմում եւ զորավարժությանը հաջողությամբ մասնակցելուց հետո նախապատրաստվում է համաբանակային մրցումներին։ Շարքային Իշխան Սաֆարյանը, որ երկու ամիս անց զորացրվելու է, դիվիզիոնի լավագույն նշանառուն է։ Իրենց գործը գերազանց են կատարում հաշվարկի համարներ շարքայիններ Արմեն Հաջոյանը եւ Հրաչյա Ավագյանը։ Վերջինս հաշվարկի վարորդն է։ Այս տղաներն իրենց ծառայության ընթացքում երեք ճամբարային հավաքի եւ երկու զորավարժության են մասնակցել։ Շարքային Արմեն Հաջոյանը լավագույն հաշվարկի համարն է, իսկ Հրաչյան՝ լավագույն վարորդը։
Համաբանակային մրցումներին էին նախապատրաստվում նաեւ հաշվարկի հրամանատար կրտսեր սերժանտ Վարդգես Սուքիասյանը, նշանառու շարքային Ստյոպա Ազիզյանը, հաշվարկի համարներ շարքայիններ Դավիթ Օչինյանը եւ Հակոբ Կարապետյանը։
Առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար կարեւորվում է նաեւ կապի անխափան աշխատանքը։ Այս հաշվարկների հետ ինչպես զորավարժության ժամանակ, այնպես էլ այժմ աշխատում էր կապավոր կրտսեր սերժանտ Նարեկ Խաչատրյանը։

ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՈՉՆՉԱՑՎԵՑ

Հաջորդ ուսումնական կետերում Դ-20 հրանոթի հաշվարկներն էին, իսկ նրանց թիկունքում դիրքավորվել էր լեյտենանտ Հովհաննես Եղիազարյանի ղեկավարման դասակը։ Երիտասարդ սպան, որ այս տարի է ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ վիճակահանությամբ ծառայության է անցել այս զորամասում, պարզաբանեց, որ իրենք, հետախուզություն կատարելով, հայտնաբերում են պայմանական հակառակորդի նշանակետերը, որոշում են տեղագրական տվյալները, ճշտում կոորդինատները եւ դրանք անցկացնում քարտեզի վրա, ապա նշանակետերի տվյալները հաղորդում կրակային դասակներին։ Ստորաբաժանման կազմում էին հետախույզներ կրտսեր սերժանտ Ժորա Վարդանյանը, շարքային Մանվել Թադեւոսյանը, հաշվարկող շարքային Անդրանիկ Մուսայելյանը, կապավոր շարքային Նարեկ Հարությունյանը։ Վերջինիս մասին դասակի հրամանատարն ասաց, որ զորավարժության ժամանակ ապահովել է ամենաարագ եւ ամենահուսալի կապը։ Ակնհայտ էր, որ դասակում ընդգրկված են բանիմաց, իրենց մասնագիտությանը լիովին տիրապետող տղաներ։

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ Է. ԱՊՐԻԱՄՈՎԻ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑԸ

Մենք դեռ շարունակում էինք ծանոթանալ ղեկավարման դասակի՝ առաջադրանքների կատարման ընթացքին, երբ ուսումնական տեղամաս եկան ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, հրթիռահրետանային զորքերի եւ հրետանու վարչության պետ գնդապետ Ալբերտ Մարդոյանն ու զորամասի հրամանատար գնդապետ Ս. Հովհաննիսյանը։ Դիվիզիոնի շտաբի պետը գեներալ-լեյտենանտ Ապրիամովին զեկուցեց դիվիզիոնի ստորաբաժանումների հետ տարվող ուսումնական գործընթացի մասին։
Մոտենալով ղեկավարման դասակին՝ գեներալ-լեյտենանտ Ապրիամովը զրուցեց երիտասարդ սպայի եւ դասակի զինվորների հետ, հետաքրքրվեց անցկացվող պարապմունքի թեմայով եւ ստուգեց կատարված աշխատանքը։ Այնուհետեւ, մոտենալով Դ-20 մարտկոցի հաշվարկներից մեկին, մասնագիտական հարցեր տվեց զինվորներին, մարտկոցի ավագ սպա ավագ լեյտենանտ Սահակ Սինանյանին, հետաքրքրվեց, թե նա թեմայի մատուցման համար ինչ կոնսպեկտ է պատրաստել եւ ինչ մեթոդներով է պարապմունքն իրականացնում։ Գեներալ-լեյտենանտ Ապրիամովը պատասխաններից դժգոհ չէր։

ՄԻԱՅՆ «ԳԵՐԱԶԱՆՑ»

Մարտկոցի ավագ սպա ավագ լեյտենանտ Արմեն Մազմանյանը մեզ ներկայացրեց ճամբարային հավաքի ընթացքում աչքի ընկած հաշվարկներից մեկին։ Հաշվարկի հրամանատար սերժանտ Արտավազդ Տատինցյանը մեզ ծանոթ էր դեռեւս ուսումնական զորամասից, որտեղ նույնպես գորիսցի տղան, որ ԵՊՀ ուսանող է, լավ էր ծառայում։ Նշանառու Արմեն Շավարշյանը, հաշվարկի համարներ շարքայիններ Ավետիս Թումանյանը եւ Գեւորգ Գեւորգյանը դաշտային պարապմունքների ժամանակ միայն «լավ» եւ «գերազանց» գնահատականներ են ստացել։ Հաշվարկի հրամանատարը վարժ ու հստակ ներկայացրեց պարապմունքի թեման եւ պարզաբանեց, թե ինչպես են համագործակցում ղեկավարման դասակի հետ։
Ուսումնական կետում կրտսեր սերժանտ Արկադի Սավթալյանի հաշվարկի զինվորները կատարելագործում էին իրենց մասնագիտական հմտությունները։ Շարքայիններ Կարեն Հակոբյանը, Սեւակ Ֆռանգյանը եւ Արմեն Մնացականյանը ստուգում էին, թե որքան ժամանակում կկարողանան հրանոթը նախապատրաստել երթային վիճակի։ Մի քանի փորձից հետո Արկադի Սավթալյանը ասաց.
-Բավակա՛ն է, երեք րոպեում կարողացա՛ք։
Զինվորները գիտեին, որ այդ արդյունքը «գերազանց» է։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան