Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՏՎԱԾԸ» ՉԻ ԶԻՋԵԼ ԴԻՐՔԵՐԸ
«ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՏՎԱԾԸ» ՉԻ ԶԻՋԵԼ ԴԻՐՔԵՐԸ

Զրույց ԶՈՒ հրթիռային զորքերի եվ հրետանու պետ – վարչության պետ,
գնդապետ ԱԼԲԵՐՏ ՄԱՐԴՈՅԱՆԻ հետ

-Պարոն Մարդոյան, հրետանին պատերազմի Աստվածն է՝ հայտնի միտքը 60-70 տարվա վաղեմություն ունի։ Այժմ, երբ ստեղծվել են ժամանակակից ավելի հզոր զինատեսակներ, գերզարգացած տեխնոլոգիաներ, հրետանին չի՞ զիջել իր դիրքերը, այն այսօր է՞լ է «պատերազմի Աստվածը»։
-Պատերազմների ժամանակ հրետանին ունեցել է նշանակալի դերակատարում, որովհետեւ հզոր զենք է, կարող է մեծ ավերածություններ առաջացնել եւ վճռել ճակատամարտի ելքը։ Վերջին 60-70 տարվա պատմությունը ցույց է տվել, որ կրակային ամենահզոր ուժը հրետանին է, բախումների ժամանակ կրակային խնդիրների 80 տոկոսը հրետանին է կատարում։ Ես հաճախ կատակով ասում եմ, որ հրետանին հոգեբանական զենք է, որովհետեւ հրետանու ներկայությունը, հրետանային հուժկու կրակը ոգեւորում, գոտեպնդում, խանդավառում է յուրայիններին, եւ հակառակը, վախ ներշնչում հակառակորդին։ Հրետանու մեջ ինչ-որ պաթոս կա, ուժ ու վեհություն։ Բատյան (գնդապետ Եղոյանը) իմ մարտական ընկերն է ու երբեմն հիշեցնում է, թե ինչպես էի պատերազմի ժամանակ տղաներին ասում՝ վստահաբար առաջ շարժվեք, մեր հրետանին առջեւում աշխատում է, դիմահար կրակը նահանջել է։ Տղաները «դուխով» առաջ էին գնում, մինչդեռ մեր հրետանին չէր գործում. արկերը վերջացել էին։ Այն միտքը, որ հրետանին կողքիդ է, վստահություն էր ներշնչում, հավատ, հաղթելու կամք, վճռականություն։
-Հրետանին ի՞նչ առանձնահատկություններ ունի, ինչո՞վ է տարբերվում մյուս զորատեսակներից, ո՞րն է հրետանավորի հաջողության ամենակարեւոր պայմանը։
-Հրետանին տարբերվում է մյուս զորատեսակներից մի քանի առանձնահատկություններով։ Առաջինը մասնագիտական, մաթեմատիկական գիտելիքների անհրաժեշտությունն է։ Հրետանին կոլեկտիվ զինատեսակ է, եւ ցանկացած հրետանավորի վրիպումը ուղղակիորեն ազդում է վերջնական արդյունքի վրա։
-Ազգային բանակի համար հրետանավորներ են պատրաստում ե՛ւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ե՛ւ Ռուսաստանի Դաշնության համապատասխան բուհը։ Ի՞նչ կասեք կրթության որակի մասին։
-Ռուսական ռազմական բուհերը տարիների փորձառություն ունեն, հարուստ ավանդույթներ, զարգացման երկար ճանապարհ են անցել, բայց մեր ռազմական ինստիտուտը իր կարճատեւ կենսագրության ընթացքում հասցրել է այնպիսի նվաճումների հասնել, որ ոչ միայն չի զիջում Ռուսաստանի Դաշնության բուհերին, այլեւ որոշ հարցերում նույնիսկ գերազանցում է։ Ռազմական ինստիտուտի հրետանու ֆակուլտետն ունի հագեցած ուսումնանյութական բազա եւ որակյալ դասախոսական կազմ, ինչը ուղղակիորեն պայմանավորում է բուհի հրետանավոր շրջանավարտների բարձր մասնագիտական եւ բարոյահոգեբանական պատրաստությունը։ Միայն վերջին մի քանի տարվա ընթացքում մենք հրատարակել ենք բազմաթիվ մասնագիտական գրքեր՝ «Հրետանու հրաձգության եւ կրակի կառավարման կանոնագիրք», «Հրետանու օպտիկական հետախուզության ստորաբաժանումների մարտական աշխատանքի ձեռնարկ», «Մարտական պատրաստության ծրագիր» եւ այլն։ Բուհի յուրաքանչյուր շրջանավարտ ստանում է «Հրետանու հրաձգության եւ կրակի կառավարման բլոկնոտ», որը ներառում է հրետանավորի հետագա ծառայության համար անհրաժեշտ բոլոր ուղեցույցներն ու կողմնորոշումները։
-Ի՞նչ նորամուծություններ են արվել վերջին շրջանում՝ կապված զորքերում մասնագիտական ուսուցումը եւ վերապատրաստումը ավելի արդյունավետ դարձնելու հետ։ Մասնավորապես՝ ինձ հետաքրքրում է համակարգչային հնարավորությունների կիրառումը։
-Զորքերի ուսումնանյութական բազան նույնպես տարեցտարի հարստացվում է, այսօր բոլոր հրետանային զորամասերը եւ ստորաբաժանումներն ունեն մասնագիտական դասարաններ, որոնք հագեցած են կրակի կառավարման համար անհրաժեշտ սարքերով, հրետանային համակարգչային հրաձգարաններով, հակատանկային համալիրների օպերատորների պատրաստման վարժասարքերով։ Բոլոր մարտկոցներն ապահովված են կրովի ուսումնանյութական բազայով եւ այլն։ Հիշյալ վարժասարքերը նպաստում են ե՛ւ սպաների, ե՛ւ զինվորների մասնագիտական հմտություններն ամրապնդելուն եւ կատարելագործելուն։
Ռազմարվեստը գիտություն է, որը քաջությունից եւ նվիրումից բացի, պահանջում է նաեւ մանրակրկիտ ուսուցում։ Առաջին անգամ մեր սպաներից մեկին գործուղեցինք սովորելու Սանկտ Պետերբուրգի ադյուկտուրայում։ Նա կպաշտպանի թեկնածուական թեզ եւ իր գիտելիքները կներդնի ազգային բանակի հրետանու զարգացման գործում, իր փորձառությունը կփոխանցի երիտասարդ սերնդին։
-Պարոն Մարդոյան, ի՞նչ հաջողություններ է արձանագրել հրետանին վերջին մեկ տարվա ընթացքում զորավարժությունների, ուսումնական փուլի ամփոփման եւ նախագահին առընթեր ռազմական տեսչության ստուգումների ժամանակ։
-Հրետանային զորամասերը եւ ստորաբաժանումները ավելի քան 150 տարբեր կարգի (համատեղ եւ առանձին) զորավարժություններ են անցկացրել, կրակի կառավարման վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ եւ առանց մարտական հրաձգության, ճամբարային հավաքներ եւ այլն, ու միշտ գոհացրել են։ Ցանկանում եմ առանձնակի շեշտել ՀՀ նախագահին առընթեր ռազմական տեսչության անակնկալ ստուգումները մեր երկու զորամասերում եւ գնդում։ Անակնկալ ստուգման պայմանները գրեթե նույնանում են մարտական իրավիճակի հետ։ Մեր հրետանավորներն առաջադրանքը կատարեցին՝ ցուցադրելով մասնագիտական բարձր գիտելիքներ, վճռականություն, կազմակերպվածություն, օպերատիվություն եւ արժանացան խրախուսանքի։ Օրինակ՝ հրետանային գունդը (հրամանատար՝ գնդապետ Ս. Սեդրակյան) մարտական զորավարժության ժամանակ ցույց տվեց 100 տոկոսանոց արդյունք, այսինքն՝ մեր հրետանավորները խոցեցին բոլոր թիրախները։
-Պարոն Մարդոյան, ի՞նչ վիճակում է հրետանային զինտեխնիկան։
-Սպառազինությունը պարբերաբար թարմացվում է, հագեցվում ժամանակակից սարքավորումներով, որոնք մեծացնում են կրակի կառավարման արդյունավետությունը։ Օրինակ՝ վերջերս Հայաստանում արտադրվել են հրետանային մի քանի սարքեր եւ էլեկտրոնային թվային բուսոլ (դիրեկցիոն անկյունները չափող սարք)։ Այս սարքերի կիրառումը կմեծացնի հրետանային հետախուզության եւ կրակի սպասարկման հնարավորությունները։ Սարքերը դեռեւս փորձարկման փուլում են, եւ շուտով կսկսվի սերիական արտադրությունը։ Արդիականացրել ենք նաեւ հրամանատարաշտաբային մեքենաները։
-Պարոն Մարդոյան, Ձեր ղեկավարած վարչությունը «Հայ զինվորի» միջոցով ամեն տարի անցկացնում է «Կրակային վահան» մրցույթ սպայական ավագ եւ կրտսեր խմբերի համար։ Վերջերս մրցույթի արդյունքները ամփոփվեցին։ Մասնագիտական տոնը լավ առիթ է շնորհավորելու հաղթողներին։
-Ասեմ, որ նման մրցույթները հրետանավորների մասնագիտական գիտելիքները բարձրացնելու խթան են, սեփական ունակությունները ստուգելու եւ ինքնակատարելագործմամբ զբաղվելու լրացուցիչ ազդակ։ «Կրակային վահան» մրցույթին մասնակցել են բազմաթիվ հրետանավորներ, եւ նրանցից լավագույնն են ճանաչվել երկուսը։ Ավագ սպայական խմբից լավագույն արդյունք է ցույց տվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրետանու ֆակուլտետի ավագ դասախոս փոխգնդապետ Կարեն Ուստաբաշյանը։ Կրտսեր սպայական խմբից առաջին մրցանակը շահել է ռեակտիվ հրետանային դիվիզիոնի ավագ սպա-դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Սեւակ Սարդարյանը։ Բացի «Կրակային վահանից», մենք կազմակերպել ենք նաեւ «Լավագույն հրետանավոր» մրցույթը, որի արդյունքները նույնպես ամփոփվել են։ Առաջին մրցանակ է շահել դիվիզիոնի հրամանատար մայոր Ս. Տառախչյանը։ Երկրորդ մրցանակին արժանացել է դիվիզիոնի հրամանատար մայոր Ն. Հայրապետյանը, երրորդ տեղում դիվիզիոնի հրամանատար մայոր Ս. Ծառուկյանն է։ Ինչպես մրցանակային տեղերի արժանացած սպաները, այնպես էլ բարձր արդյունքներ ցուցաբերած հրետանավորները հոկտեմբերի 19-ին տոնական միջոցառման ժամանակ հանդիսավորությամբ պարգեւատրվելու են։ Քանի որ խոսեցիք լավագույնների մասին, ցանկանում եմ առանձնացնել մի քանի հրետանային զորամասերի, ստորաբաժանումների եւ սպաների արդյունավետ աշխատանքը եւ ծառայական հաջողությունները։ Մասնագիտական տոնը էական ձեռքբերումներով են դիմավորում գնդապետ Ս. Սեդրակյանի, գնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասերը։
Շնորհավորում եմ բոլոր հրետանավորներին մասնագիտական տոնի առթիվ, ուզում եմ հիշեցնել, որ նրանք զորագնդի կազմավորման օրվանից աչքի են ընկել իրենց գիտելիքներով, կարգապահությամբ, նվիրվածությամբ։ Վստահ եմ, որ ավանդույթները ապագայում եւս կշարունակվեն, եւ ազգային բանակի հրետանին կկատարի իր վճռորոշ դերը ե՛ւ խաղաղ պայմաններում, ե՛ւ մարտական գործողությունների ժամանակ։ Մաղթում եմ ծառայական հաջողություններ, նոր ձեռքբերումներ եւ անձնական երջանկություն։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Մայոր