Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՏԵՐԱՆԸ ԳԻՏԻ ԲԱՆԱԿԻ ԱՐԺԵՔԸ



ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքում օրերս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ՀՀ վետերանների միության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ: Հանդիսավոր միջոցառման սկզբում ելույթ ունեցավ ՀՀ վետերանների միության նախագահ գնդապետ Ս. Եսայանը: Նա հակիրճ ներկայացրեց բանակի կազմավորման պատմությունը եւ այդ գործընթացում վետերանների ունեցած դերակատարումը: Ողջույնի խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասաց.

-Միայն զինվորը կարող է գնահատել այն հաջողությունները, հաղթանակները, դժվարությունները, որ եղել են պատերազմի ժամանակ: Առավել քան լավ դա կարող է գնահատել, արժևորել հին զինվորը: Ես Հայրենական մեծ պատերազմի բոլոր մասնակիցներին համարում եմ հին զինվորներ, փորձառու մասնագետներ, որոնց փորձառությունը փոխանցվել է մեր սերնդակիցներին: Մեր երկու սերունդներն էլ նույն ճակատագիրն են ունեցել, պայքարել են դաժան թշնամու դեմ: Հայրենական Մեծ պատերազմի սկզբում շշերի մեջ վառելիք էին լցնում և նետում ֆաշիստական տանկերի վրա, իսկ Արցախյան պարտադրված պատերազմում մենք այստեղից-այնտեղից մի քանի որսորդական հրացան էինք ճարում, երբեմն նաև քարերով կռվում ադրբեջանցիների դեմ: Ու թեև դժվարությունները հենց այդ փուլում շատ-շատ էին, բայցեւայնպես մենք ունեցանք հաջողություններ և հասանք հաղթանակի: Պատահական չէ, որ բանակի 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքն սկսում ենք մեր պապերի, մեր մեծերի սխրագործությունները` անցած հերոսական ճանապարհը մեծարելով, որն էլ ուղի հարթեց պարտադրված պատերազմում մեր հաղթանակի համար: Այսօր ՀՀ զինված ուժերը պատվով են կատարում ձեր պատգամները, հարգելի վետերաններ: Նրանք պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, մեր ժողովրդի անվտանգությունը և պատրաստ են ցանկացած պահի արձագանքելու այն սպառնալիքներին, որ գոյություն ունեն ՀՀ և ԼՂՀ շուրջ: Իհարկե, մենք հաղթանակների դափնիների վրա չենք նիրհում, հաջողություններից գլուխներս չենք կորցնում: Բանակում գոյություն ունեցող թերությունների վերացման ուղղությամբ լուրջ աշխատում ենք` ձգտելով մարտունակության եւ կարգապահության բարձր աստիճանի:

Այնուհետև, շնորհավորելով բոլորին Բանակի տոնի կապակցությամբ, Սեյրան Օհանյանը պարգևներ հանձնեց մի շարք վետերանների և զինծառայողների:

Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Բանակ և հասարակություն


01/02/2012