Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՇՎԵՑ 366-ՐԴ ԳՆԴԻ ՕՐԸ

Հունվարի 20-ին խորհրդային նախկին 366-րդ գնդի օրվա և Ստեփանակերտից գնդի դուրս բերման 20-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվել գնդի նախկին տեղակայման վայրում։ Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը, գնդի նախկին հրամանատար գնդապետ Յու. Զարվիգորովը՝ իր ռուսաստանցի ծառայակիցների հետ։ Նրանց էին միացել նաև գնդում ծառայած արցախցի վետերանները, որոնց մի մասն այժմ բանակում պատասխանատու պաշտոններ է զբաղեցնում։ Հանդիսավոր հանրահավաքի ժամանակ անդրադարձ կատարվեց 366-րդ գվարդիական գնդի անցած ուղուն և հատկապես այն դրվագներին, որոնք կապված են Արցախյան գոյապայքարի հետ։ Հակառակ այն ժամանակվա խորհրդային բարձրագույն ղեկավարության կամքին, որոշ սպաներ օգնում էին կազմավորման փուլում գտնվող ինքնապաշտպանական ստորաբաժանումներին և խաղաղ բնակչությանը։ Նրանցից մեկը՝ գումարտակի նախկին հրամանատար մայոր Եվգենի Նաբոկիխը, հանրապետության նախագահի հրամանով պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով, ինչը և հանդիսավորությամբ հանձնվեց նրան։ «Երբ սկսվեց պատերազմը, ես այն ընդունել եմ ինչպես Լեռնային Ղարաբաղի ցանկացած բնակիչ,- ասում է վետերանը։- Այն պատերազմ էր նաև իմ, իմ ընտանիքի, իմ պատվի ու արժանապատվության դեմ։ Եվ ես ձեռնամուխ եղա այդ արժեքները պաշտպանելու գործին։ Ես ոչ մի րոպե չեմ կասկածել, որ հաղթանակը մերը կլինի, և Ղարաբաղը կապրի ու կբարգավաճի»։

Վերջում 366-րդ գնդի մի խումբ նախկին ծառայողների շնորհվեց հոբելյանական հուշամեդալ, ինչը խորհրդանշում է համատեղ ծառայության ընթացքում ձևավորված ավանդույթներին հավահարմությունը, առաջին հերթին երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելու պատրաստակամությունը։

Մ. ԱՀՅԱՆ