Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՏՎԱԾՆ Է



Զրույց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ ՎԱԼԵՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ

-Պարոն գեներալ, «Հայ զինվորի» անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում եմ սիրով, ներդաշնակությամբ, ձեռքբերումներով լեցուն երկար տարիների կյանք։ …Կուզենայի, որ մեր այս զրույցը տարբերվեր նախորդներից, երբ Դուք հարցերին պատասխանում եք զինվորականին բնորոշ հակիրճությամբ ու դիվանագիտորեն… Հուսով եմ, այսօր ավելի ջերմ, անկեղծ ու մտերիմ զրույց կծավալվի, եւ կփորձեք հիշել-վերապրել Ձեր 60-ամյա կենսագրության իրադարձային դրվագներն ու անմոռաց պահերը…

-Ես Խաչենից եմ, Արցախից… Ես հրաշալի ընտանիք ունեի՝ համերաշխ ծնողներ, երկու եղբայր, որոնց անչափ սիրում էի։ Եղբայրներս շատ երիտասարդ հեռացան կյանքից, մայրս օրերս մահացավ։ Իմ երբեմնի ընտանիքից միայն հայրս է մնացել… Մեր զրույցը տխուր սկսվեց…

-Իմ արցախցի ընկերներից մեկը երբ իմացավ, որ Ձեզ հետ հարցազրույց եմ անելու, ասաց՝ «Օր շատ կա, գնացեք» գյուղից է… կվերծանե՞ք այդ արտահայտությունը։

-Երբ Խաչենով անցնող օտարականները հարցրել են մեր գյուղացիներին, թե կհասցնե՞ն հասնել կողքի գյուղ մինչեւ օրը մթնելը, մերոնք պատասխանել են՝ օր շատ կա, այսինքն՝ կհասցնեք… Ու մարդիկ դա բացատրել են մերոնց անհյուրընկալությամբ ու ժլատությամբ՝ իբր չեն ցանկացել հյուրընկալել օտարականին… Մինչդեռ մերոնք աշխատասեր, կարգապահ ու նաեւ հյուրասեր ժողովուրդ են, չեն սիրում այսօրվա գործը վաղվան թողնել…

-Այս փոքրիկ նախաբանը Խաչենի մասին, կարծում եմ, հուշեր արթնացրեց… ինչպիսի՞ն էիք Դուք մանկության տարիներին, ի՞նչ նախասիրություններ, ի՞նչ երազանքներ ունեիք…

-Հայրս շատ խիստ մարդ էր. իր երեխաներին շատ հետեւողականորեն էր դաստիարակում։ Մինչեւ հիմա, երբ հայրս ներս է մտնում, ես ոտքի եմ կանգնում…

…Ես խաղաղ, զուսպ, սովորող երեխա էի։ Ֆուտբոլ էի խաղում եւ երազում էի օդաչու դառնալ։ Դա իմ ամենամեծ ու անկատար տենչն է… Երկինքը՝ ազատ, հզոր, բարձր՝ առանց պայմանականությունների, բացարձակ…

-Իսկ Ձեր որդինե՞րը…

-21-րդ դարը իր հարաբերություններն է բերել։ Եվ անմտություն է դրան դիմակայելու ցանկացած փորձ։ Ես լավ ընտանիք ունեմ։ Ես փորձում եմ հասկանալ որդիներիս, նրանց ձգտումները, մտածելակերպը, բարոյական չափանիշները ու ոչինչ չեմ պարտադրում։

-Զինվորակա՞ն են…

-Ո՛չ…

-Դուք սովորել եք մանկավարժական ինստիտուտում, հետո կիսատ թողնելով ուսումը` ընդունվել եք ռազմական ինստիտուտ…

-Հասկացա, որ մանկավարժությունն իմ կոչումը չէ։ Առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու որոշում կայացրի… Բաքվի ռազմական կրթօջախից ինձ մնացին թանկ հիշողություններ՝ կապված զինակից ընկերներիս հետ։ Մենք շատ ամուր, համերաշխ, համահավաք կոլեկտիվ էինք։ Ու մեր հաջողությունները հենց դրանով էին պայմանավորված։ Ես շատ եմ կարեւորում կոլեկտիվի գործոնը։ Գաղափարական եւ հոգեւոր միասնությունը մեծ ուժ է եւ բազմապատկում է հաղթանակելու հնարավորությունը…

-Ադրբեջանցի ընկերներ ունե՞ք…

-Ունեի… տարբեր ազգությունների ընկերներ ունեի։ Մեր կյանքը այնպիսի ընթացք ունեցավ, որ կորցրինք իրար։ Հիմա ես ավելի շատ եմ կարոտում անցյալը, փորձում եմ գտնել ընկերներիս եւ ոչ միայն ուսանողական, այլեւ Աֆղանական պատերազմի զինակիցներիս… Աֆղանստանում մենք մի ընտանիք էինք, մտերիմ էինք, հաղորդակից էինք միմյանց հոգսին, ուրախությանը, միմյանց սրտին… Հիմա ես նրանց կարիքն ունեմ, փնտրում եմ, զանգում եմ աշխարհի տարբեր ծայրեր, որ գտնեմ իմ ընկերներին…

Մեր եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ տեսա համակուրսեցուս՝ Ջաֆարովին։ Հիմա գեներալ է։ Մի պահ ասես ժամանակը հետ գնաց, երբ հեռախոսով լսեցի նրա ձայնը, անմիջապես ճանաչեցի։ Այս աշխարհը լի է պարադոքսներով, կյանքը քեզ պարտադրում է իր օրենքները…

-Ի՞նչ տվեց Ձեզ Աֆղանական պատերազմը…

-Ես գումարտակի հրամանատար էի Աֆղանստանում։ Խաղաղ պայմաններում գնդի հրամանատարի մեծ դերակատարությունը թույլ չի տալիս գումարտակի հրամանատարին կայանալ որպես լիարժեք հրամանատար, իսկ Աֆղանստանում ես պատասխանատվություն էի կրում իմ անձնակազմի յուրաքանչյուր անդամի կյանքի, ծառայության, կենցաղային խնդիրների համար… Ու ես, իրոք, հրամանատար դարձա։ Աֆղանական պատերազմն ինձ տվեց մարտական ծառայության փորձառություն… Իհարկե, այդ պատերազմը էապես տարբերվում էր Արցախյան պատերազմից, բայց ծայրահեղ իրավիճակներում կողմնորոշվելու, արագ որոշումներ կայացնելու եւ ռազմիկի հոգեբանությունը հասկանալու փորձառությունը օգնեց նաեւ Արցախյան պատերազմի ժամանակ։

-Ի՞նչ դասեր է տվել մեզ Արցախյան պատերազմը` հնարավոր պատերազմում օգտագործելու համար։

-Եթե նոր պատերազմ բռնկվի, նախորդի նման չի լինի։ Վերահաս պատերազմը կլինի շատ ավելի արագ ու շատ ավելի դաժան։

-Այդ պատերազմում մեր ռազմիկի ոգին, որով այդքան հպարտանում ենք, կունենա՞ այնպիսի վճռորոշ դերակատարում, ինչպես Արցախյան պատերազմում էր։

-Ռազմիկի ոգին միշտ էլ էական դերակատարում ունենալու է։ Ի վերջո, զենքը ռազմիկի ձեռքին է, եւ զե՛նքը չի կռվում, այլ ռազմիկը։ Խիզախությունը բոլոր պատերազմների Աստվածն է…

-Իսկ զինտեխնիկա՞ն… Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը մեզնից լավ է զինված։

-Ճիշտ է, Ադրբեջանը լավ է զինված։ Բայց մենք ունենք այնքան զենք եւ այնպիսի զենք, որ վստահաբար կկարողանանք փակել թշնամու ճանապարհը եւ անառիկ պահել մեր հայրենիքի սահմանները։ Սա պետք է միանշանակ իմանա մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի։ Բանակը անառիկ է պահելու մեր երկրի սահմանները եւ անվտանգ՝ ժողովրդի կյանքը։

-Որո՞նք են երաշխիքները…

-Մենք լիովին պատրաստ ենք դիմակայելու հակառակորդի առաջին հարվածը եւ տալու ջախջախիչ հակահարված՝ նվազագույն կորուստներով։ Գալիք (հնարավոր) պատերազմը լինելու է գիտելիքի, արհեստավարժության պայքար… Հավելած խիզախությունն ու միասնականությունը։

-Շուտով ազգային բանակը կնշի իր ծննդյան 20-ամյակը, ո՞րն է այդ տարիների ամենամեծ նվաճումը եւ ամենամեծ բացթողումը։

-Ամենամեծ նվաճումը մեր բանակի մարտունակությունն է… Խաղաղության 15 տարիները, որ պարգեւեց հայոց բանակը հարազատ ժողովրդին։ Ամենամեծ բացթողո՞ւմը… Իմ կարծիքով՝ մենք խնդիր ունենք զինվորական կառույցներում ավելի ամրապնդելու կոլեկտիվի գաղափարը… Սպայական կորպուսը, զինվորական խավը, ըստ իս, հավաքականության գաղափարը լիովին չեն յուրացրել։ Զինվորական կոլեկտիվը չի ապրում մեկ միավորի, բարոյական-հոգեւոր-մտավոր ամբողջականության սկզբունքով… 20 տարին բավական ժամանակահատված է՝ ձեւավորելու կայուն հավաքական նկարագիր ունեցող զինվորական խավ եւ կուռ ու համահավաք զինվորական ստորաբաժանումներ…

-Դուք պատասխանատու եք շատ կարեւոր ոլորտների աշխատանքների համար։ Կանոնադրային հարաբերությունների արմատավորման աշխատանքներում առկա բացթողումները, միջանձնային անկատար բարքերը այսօր որոշակի անջրպետ են առաջացրել եւ խարխլել են բանակ-հասարակություն կապը, փոխվստահությունը… Պարոն գեներալ, այդքան դժվա՞ր է ստեղծել կանոնագրքի կանոններին ենթարկվող սպայական կորպուս։ Ես զինվորների մասին չեմ խոսում, որովհետեւ վստահ եմ, որ կանոնադրային հարաբերությունների ոտնահարումը սկսվում է սպաներից եւ տարածվում ներքին օղակներում՝ այդ նույն սպաների թողտվությամբ։

-Արել եւ անում ենք հնարավորը, որ զորքերում ծառայական փոխհարաբերությունները ձեւավորվեն կանոնագրքի կանոններին համապատասխան։ Զորքերում միջանձնային հարաբերությունների կատարելագործման դրական միտումը հաստատուն է։ Ես չէի ցանկանա խոսել այդ մասին, բայց ստիպված եմ նշել, որ զորքերում ներքին փոխհարաբերությունների, զինվորների ֆիզիկական-հոգեբանական պաշտպանվածության առնչությամբ ստեղծված աղմուկն ու տպավորությունը շինծու են, միտումնավոր… Բավական է նշել, որ մենք արձանագրել ենք մահվան ելքով դեպքերի նվազում 33,3 տոկոսով… Կտրուկ նվազել են նաեւ սպանությունները՝ համեմատած 2010-ի հետ։ Մինչդեռ որոշ խմբեր հետեւողականորեն խոսում են հետընթացի ու վատթարացման մասին։

-Պարոն գեներալ, եկեք կրկին անդրադառնանք Ձեր կենսագրությանը։ Մի զրույցի ժամանակ ասացիք, որ կնոջ ամենակարեւոր արժանիքը նրա գեղեցկությունն է…

-Չէ, երեւի ասել եմ արժանիքներից մեկը, որովհետեւ կարեւոր է նաեւ լավ տնտեսուհի լինելը, երեխաներին ու ամուսնուն խնամելու պատրաստակամությունը։

-Իսկ մտավոր ունակությունները… կանացիությունը…

-Կին լինելը շատ բարդ արվեստ է, ես չեմ էլ փորձի տարրալուծել կնոջ արժանիքները եւ գնահատել… Տղամարդը միշտ որոնում է ամենալավը, միշտ համեմատում է, նրա հայացքը միշտ թափառում է… Կինը պիտի շատ խելացի լինի ու շատ հարուստ հոգի ունենա տղամարդու «թափառող» հայացքը տուն բերելու համար։

-Կպատմե՞ք Ձեր սիրո պատմությունը։

-Ասացի, որ հայրս խիստ, իրասածի մարդ էր։ Մի անգամ, հերթական արձակուրդի ժամանակ, երբ տուն էի վերադարձել ծառայությունից (Ախալքալաքից), հայրս ու մայրս, առանց իմ կամքը հարցնելու, գնացին հարսնախոս եւ իմ նշանադրության մատանին ընծայեցին հարեւանիս աղջկան։

…Հետո ես, արդեն նշանված, ծանոթացա ապագա կնոջս հետ։

-Ինչպիսի՞ն էր նա…

-Շատ գեղեցիկ… Սկսեցինք ընկերություն անել։ Մի օր էլ զագսի մոտով անցնելիս գլխումս անակնկալ միտք ծագեց. մտանք զագս ու օրինականացրինք մեր միությունը։

-Պարոն գեներալ, ի՞նչ կասեք, որպես վերջաբան, 60 տարիների «բարձունքից»…

-Ես այնքան իմաստնացել եմ իմ 60 տարիների ընթացքում, որ խուսափեմ բանաձեւումներ անելու եւ խելոք երեւալու գայթակղությունից… Կյանքն ինձ ամեն օր զարմացնում է, ես ամեն օր բացահայտում եմ աշխարհը…

-Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ամեն ինչ սկսելու սկզբից…

-Ավելի լեցուն կապրեի…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Ազգային բանակ, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


01/02/2012