Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՔԱՐԻՆՏԱԿԻ ՀԵՐՈՍԸ
ՔԱՐԻՆՏԱԿԻ ՀԵՐՈՍԸ

Շուշիի շրջանի Քարինտակ գյուղը ծվարած է Կարկառ գետի ձախ ափին, ծովի մակերևույթից 1400մ բարձրության վրա: 1992թ. հունվարի 25-26-ին ադրբեջանական բանակի կանոնավոր ստորաբաժանումները պաշտպանության նախարար Թ.Մեհտիևի ղեկավարությամբ գրոհեցին Քարինտակ գյուղը: Սա Ադրբեջանի առաջին խոշոր օպերացիան էր, որ կազմակերպվեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Թշնամին 500-ից ավելի զինվորով, սպայական փորձառու կազմով, 3 զրահամեքենայի ուղեկցությամբ հարձակվեց: Նրանք շրջապատեցին գյուղը՝ փակելով բոլոր ճանապարհները, սակայն քարինտակցիները հանկարծահաս գրոհից խուճապի չմատնվեցին: Յոթանասուն ազատամարտիկներ՝ Վաղարշակ Առուշանյանի հրամանատարությամբ, տասներկուժամյա կատաղի դիմադրությունից հաղթող դուրս եկան: Հակառակորդը փախավ Քարինտակից՝ մարտի դաշտում թողնելով 136 դիակ: Նահատակվեց 21 հայորդի: Քարինտակի հերոսամարտով դրվեց Արցախի ամբողջական ազատագրման հիմքը: Մեկ օր անց տարածվեց ֆիդայական ջոկատները հայկական կամավորական բանակի վերափոխելու մասին լուրը: Հաջորդեցին հաղթանակները Շուշիում և հայկական մյուս տարածքներում:

Հունվարյան ցրտաշունչ այդ օրը ընկավ «Մահ կամ ազատություն» երդումը տված Նորայր Մանասարյանը: Նա Էդիկի եւ Էմմայի նորաստեղծ ընտանիքի առաջնեկն էր, միակ որդին. «Պատրաստվում էինք նշելու Նոր տարին: Հայրական տուն էի գնացել՝ Նորագյուղ, գաթա էինք թխում: Ես էլ օգնում էի՝ մոռացած, որ շուտով մայր եմ դառնալու: Հունվարի 1-ին ծնվեց որդիս, եւ քանի որ Նոր տարում լույս աշխարհ եկավ, Նորայր կոչեցինք: 1965թ. Ամանորը ամենահիշվողն ու հաջողվածն է մեր ընտանիքի պատմության մեջ»,-պատմում է տիկին Էմման եւ թերթում ընտանեկան լուսանկարների ալբոմը: Սեւ-սպիտակ կամ դարչնագույն լուսանկարներն այնքան գունավոր են թվում. չէ՞ որ պատկերում են անմոռանալի երջանիկ պահերը: Տիկին Էմման ասում է, որ Նորայրը, աղջիկները՝ Մարգարիտան ու Մարինեն, ամբողջ Հայաստանը տեսել են.

«Ամուսինս՝ Էդիկը, աշխատում էր ավտոդողերի գործարանում՝ չորս հերթափոխով, իսկ ես նուրբ բրդյա գործվածքների գործարանում՝ երկու հերթափոխով: Ժամանակ էի որսում ու երեխաներիս Հայաստանի ամեն մի անկյունը ցույց տալիս, ուզում էի, որ այն իրենց սեփականությունը դառնա»: Մայրը գլուխը մի փոքր բարձրացնում է, արցունքոտ աչքերով երկար նայում իր դիմացի անկյունում պահվող որդու մեդալներին, նկարներին, դրոշին, որի առջեւ գործին հավատարիմ լինելու երդում էր տվել: Լռությունը խախտվում է. «Այնքան թախծոտ էր հայացքը. թեեւ միշտ ժպտում էր, բայց կարծես ժպիտն ու ուրախությունը խորթ էին աչքերին: Խոհուն էր, բարի, հոգատար ու նվիրվող, զգայուն սիրտ ուներ: Հիշում եմ՝ փոքր էր, միասին «Անգլուխ ձիավորը» ֆիլմն էինք նայում: Եվ երբ կինոյում հերոսի գլուխը հատեցին, կուչ եկավ գրկիս մեջ ու այնպես լաց եղավ»…

Դպրոցում ուսանելուն զուգահեռ Նորայրը բասկետբոլ էր պարապում: Նրան հաջողվեց դառնալ առաջին կարգային մարզիկ, ԴՕՍԱԱՖ-ում էլ տանկ կառավարել սովորեց: Լավ պատրաստված էր բանակային կյանքին, ուստի Գերմանիայում ծառայեց պատվով ու վերադարձավ 1985թ՝ որպես հմուտ նշանառու. «Ուզում էր մեզ օգնել ընտանիքի կարիքները հոգալու գործում, ուստի ինձ հետ աշխատեց նուրբ բրդյա գործվածքների գործարանում` որպես ենթավարպետ: Ավտոբուսով էինք գործի գնում, նա էլ վերջում էր կանգնում, թեպետ ազատ նստատեղեր կային: Երբ հանդիմանում էի, հորդորում, որ նստի, նյարդայնանում էր ու ասում՝ մա՛մ, մեկ է, տեղս զիջելու եմ»:

Կյանքը հունի մեջ էր ընկել, եւ մայրը հավատում էր՝ տարիներով փայփայած երազը կիրագործվի՝ որդին կամուսնանա, ինքն էլ հարս ու թոռներ կունենա, բայց սկսվեց ազգային-ազատագրական շարժումը, եւ ամբողջ ընտանիքի համար «Միացում» կարգախոսը առաջնային դարձավ. «Մեր մեծերը թողել էին Իգդիրն ու Սուրմալուն, հաստատվել Արեւելյան Հայաստանում: Կանայան տատս մեզ պատմում էր թուրքերի ջարդերի մասին: Վախենում էր խոստովանել, որ Դրոն իր տատի եղբոր թոռն է, մտածում էր՝ կաքսորեն: Իսկ մենք ստիպում էինք պատմել: Այդ դաժանությունների մասին լսած լինելով՝ ես անկարող էի միակ որդուս ետ պահել պայքարի ճանապարհից»: Նորայրը մեկնեց Արցախ, իսկ տանը ասաց, թե գնում է Մեղրիի պահածոների գործարանում հերթափոխով աշխատելու: «Շուտով ամեն ինչ իմացանք, քանի որ տուն էր գալիս եւ արցախցիների ու տղաների համար մթերք հայթայթում, բերում էր լցնում սեղանին եւ քույրերին ասում՝ դժվար օրեր են, քաղցած եք, գիտեմ, բայց սա այնտեղի երեխաներինն է, ձեռք չտաք»:

Նորայրի համար Արցախը հարազատ էր դարձել: Երբ հունվարի 18-ին վերջին անգամ տուն եկավ, ասաց, որ գրանցվել է Քարինտակ գյուղում, ու պատերազմից հետո այնտեղ պետք է մշտական բնակություն հաստատեն. «Այդ օրը սեղան էի պատրաստել: Մարտական ընկերների հետ եկավ: Անուշավանն էր, Կարոն, Սաքոն… Տղաներից մեկը բաժակ բարձրացրեց ու ասաց՝ ո՞վ գիտե, գուցե մեկ շաբաթ անց մեզնից շատերը չլինեն: Սիրտս ահ ընկավ, տեղս չէի գտնում, երբեք չէի մտածել, որ հնարավոր է` որդիս տուն չվերադառնա»… Մեկ շաբաթ անց Նորայրը զոհվեց:

«Երբ Նորայրի զոհվելուց հետո իմացանք, որ Քարինտակը ազատագրված է, դա մեզ մխիթարեց: 1997թ. առաջին անգամ եղանք այդ հրաշք վայրում, չգիտեմ՝ կա աշխարհում նման եւս մեկ տեղ, թե ոչ: Պատերազմից հետո դեռ չէր սպիացել գյուղի վերքը. ամենուր ռմբակոծված տներ էին, չմշակված հող, բայց գյուղացիների հետ զրուցելուց հետո համոզվեցինք, որ ոտքի կանգնելու ցանկությունը մեծ է: Այս տարի լրանում է Քարինտակի հերոսամարտի 20-ամյակը, պատրաստվում ենք նորից գնալ, ինչքան էլ արդեն պատկառելի տարիքի ենք: Հույս ունենք, որ բնակչությունը ապրելու համար բարենպաստ պայմաններ է ստեղծել»,-ասում է ազատամարտիկի հայրը՝ Էդիկը, ու մոտենում է կողքի սենյակի պատուհանին. «Այստեղ սիրում էր կանգնել Նորայրը. երկար նայում էր պատուհանից բացվող տեսարանին, Երեւանը ասես ափիդ մեջ լինի…է՜հ, ինչ արած, որդիս ո՛չ առաջին սիրո բերկրանքը զգաց, ո՛չ երեխայի ճիչ լսեց, ես էլ թե՛ տան մեծն եմ դարձել եւ թե փոքրը… Հավիտյանս կսիրենք քեզ եւ կապրենք քեզնով»,-աչքից արցունքը սրբելով՝ կարծես երդվում է հայրը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ
ավագ լեյտենանտ
Լուսանկարը՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան