Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԵԶ ԷԼԻ` ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ…



Հայաստան աշխարհ, քո փրկված հողով

Եվ քո նորօրյա եղեգան փողով,

Տիրել ես բախտի շռայլ գանձերին

Եվ հավասարվել բոլոր մեծերին…

Մեր պատմությունը Նոյ նահապետից՝ աղավնու ճախրանքով, խաղողի շիվով է սկսվել ու շարունակվում է արդեն հազարամյակներ շարունակ: Այն գրվել է մագաղաթի, վանքերի սրբատաշ քարերի վրա, որին պակասում էր մի կարեւոր բան… Եվ մենք գրեցինք մեր նորօրյա պատմության հաղթանակի էջը…

Արդեն 20 տարի է, ինչ Հայաստանն ամբողջ աշխարհին ներկայանում է որպես անկախ պետություն, անկախ երկիր` իր հաղթական բանակով, որը պետականության պահպանման և անվտանգության միակ և անփոխարինելի երաշխավորն է:

Հայկական բանակի հիմքը դրվեց այն օրը, երբ հայ տղամարդը զենք վերցրեց իր տունը, պատիվը, հայրենիքը պաշտպանելու համար:

Ազգային բանակը ծնվեց ռազմի բոցերում, խրամատներում: Հայկական բանակի առաջին զորակոչի զինվորները, կրելով անասելի դժվարություններ, չէին լքում դիրքերը, իսկ ժողովուրդը ավելի շատ հոգում էր իր զինվորի մասին՝ ինքը լինելով ծայրահեղ կարիքի մեջ: Արվեց ամեն ինչ, որ հասարակությունն անմիջականորեն մասնակցի բանակաշինությանը, բանակը հնարավորինս բաց դառնա հասարակության համար, ժողովուրդը իրազեկ լինի բանակի խնդիրներին:

Եվ այսօր Ազգային բանակի 20-ամյա հոբելյանը դիմավորում ենք ուժեղ, հաղթանակած: Բանակ, որ լավագույնն է տարածաշրջանում, լավագույններից ԱՊՀ երկրների մեջ, որը ի վիճակի է պաշտպանելու հարազատ երկիրն ու ժողովրդին: Մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ունենք թշնամուն արժանի հակահարված տալու պատրաստ բանակ: Ունենք ռազմական տեխնիկային և արվեստին կատարելապես տիրապետող, բարձրագույն ռազմական ուսումնարաններ ու ակադեմիաներ ավարտած զինվորականներ ու սպաներ, պատերազմում կոփված քաջարի մարտիկներ ու գեներալներ:

Հայոց բանակն արդեն 20 տարեկան է… Շնորհավո՛ր ծնունդդ «առնական երիտասարդ»…

Թող օրհնված լինի Հայկական Բանակի ծնունդը, թող հավերժական լինի նրա ճանապարհը, թող զինվորի ոգին անխորտակ լինի, բազուկը՝ պինդ, սիրտը՝ աներկյուղ: Թող ազգային բանակի ենթասպան, սպան, գեներալն ու նախարարը քաղեն իրենց տքնանքի պտուղները, թող նրանց ջանքերը փոխհատուցվեն հզոր ու ոգեղեն բանակի նորանոր ձեռքբերումներով, եւ թող մեր ժողովուրդը, ի դեմս ազգային բանակի, տեսնի իր ազգային իղձերի իրագործման հուսալի երաշխավորին:

Փառք ու պատիվ բանակաշինության նվիրյալներին՝ զոհված մարտիկներին, զինվորներին, սպաներին, գեներալներին… Ձեր հաղթանակն է, որ բանակ ծնեց։ Ձեզ էլի՛ հաղթանակներ։

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

լեյտենանտ
«Մայր Հայաստան» զինվորական թանգարան

Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Բանակ և հասարակություն


01/02/2012