Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ



Քիչ էլ համբերիր, կգամ, մայրի՛կ,

Վերջին մարտերն են, զարկն է վերջին,

Ավելի չքնաղ հրաշալիք

Աշխարհում չկա ուրիշ ոչինչ,

Քան գերությունից անդարձ ելած

Հայրենի հողիդ պատկերը ջինջ։

Չտխրես, մայրի՛կ, շատ քիչ մնաց,

Վերջին գրոհին պիտի գնանք,

Մեր անպարտելի գնդի դիմաց

Ահով փախչում են արդեն նրանք,

Որ եկել էին երախով բաց՝

Արյունո՛վ, մահո՛վ զվարթանան։

Ծնկե՛լ է արդեն չարքն արնաքամ,

Մեր ոտքերի տակ շունչն է փչում,

Վերջին մի զա՛րկ էլ, ու ես կգամ,

Փառքով ու պատվով կմտնեմ տուն՝

Բերելով խի՛նդը մեր հաղթական

Ու անպարտելի հայոց ոգու։

ՎԻՐԱՎՈՐՆ ՈՒ ԸՆԿԵՐԸ

Ընկերոջս՝ հայոց բանակի գնդապետ
Վոլոդյա Ավետիսյանին

Արկերի պայթյունից խլացավ,

Շիկացավ փշրտված քարերից,

Արջի պես ծանրորեն վեր կացավ,

Ձեռքն առավ հրաձիգը նորից։

Քիչ հեռվում նկատեց, որ անձայն

Մի զինվոր արնածոր ընկել է,

Շտապող քայլերով մոտեցավ,

Նա իր հին մարտական ընկերն էր։

Երեսը սեւ հողին՝ շնչում էր,

Շաղվել էր մտքերից ցանուցիր,

Ունկերում բարձրաձայն հնչում է.

-Դիմացի՛ր, ախպե՜րս, դիմացի՛ր։

Շալակեց ընկերոջն ու անցավ

Անտառի թփառատ փեշերով,

Գնալով քայլերը ծանրացան,

Եվ ճամփան քողարկվեց գիշերով։

-Հերի՛ք է,- նա հազիվ շշնջաց,-

Մի փամփուշտ թող ինձ ու հեռացիր,

Թշնամին մոտենում է կամաց,

Իմ մեղքով նրանց զոհ մի դարձիր։

-Քիչ մնաց, որ հասնենք դիրքերին,

Դուրս կգանք ձորակով դիմացի,

Չեմ թողնի, որ մնաս դու գերի,

Դիմացի՛ր, ախպե՛րս, դիմացի՛ր։

Թվում է` ուժերը հատել են,

Ուր-որ է` սպառված կծնկի,

Կպայթեն թշնամու արկերը,

Եվ ոչինչ էլ նրանց չի փրկի։

Անտառում ոռնում են գայլերը,

Ոտքերն է արյունում փշերով,

Անզգա տանում են քայլերը,

Գնում են էս խավար գիշերով։

Քայլում էր զինվորը եւ գոհ էր,

Որ ողջ է ընկերը մնացել,

Երկու օր անընդմեջ գրոհ էր,

Կրակի ճամփեքով են անցել։

Հրաշք էր, որ նրանք փրկվեցին,

Ձորակով իջան ու անցան վեր

Եվ հետո դեռ երկար կռվեցին՝

Մոռացած ե՛ւ վերքեր, ե՛ւ ցավեր։

Հիմա լոկ հուշեր են մնացել,

Զենքերն են անփամփուշտ կրակում,

Քաջերն այն սպաներ են դարձել

Հարազատ հայկական բանակում։

Չփորձես անցյալից հարցնել.

Ոչ ոքի ոչ մի բան չեն պատմում,

Բայց նրանց ժպի՛տն է թաքցրել

Պատումն այս, որ եղե՛լ է մարտում։

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Հոգևոր-մշակութային


01/02/2012