Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՐԻԱԴ. ՉԻՆԱԿԱՆ ՄԱՖԻԱՅԻ «ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ»



Ժամանակ առ ժամանակ մամուլում տեղեկություններ են հայտնվում իտալական, ամերիկյան, ռուսական, չեչենական, նույնիսկ հայկական մաֆիաների մասին, սակայն շատ քիչ է խոսվում չինական մաֆիայի մասին: Մինչդեռ չինական մաֆիան` տրիադը, համարվում է աշխարհի ամենակազմակերպված մաֆիան: Այն համաշխարհային էթնիկական բիզնեսի խոշորագույն խմբավորումն է: Տրիադները աշխարհով մեկ վերահսկում և պաշտպանում են չինական բիզնեսը տեղական ռեկետից, այդ թվում նաև` պետականից: Իր կազմակերպվածությամբ և արդյունավետությամբ տրիադների հետ չի կարող մրցակցել ո՛չ իտալական, ո՛չ ռուսական, ո՛չ էլ մեկ այլ մաֆիա:

«Տրիադ» հասկացությունը կապված է աշխարհի կոնֆուցիական ընկալման հետ: Օբյեկտիվորեն գոյություն ունեցող տրիադում` երրորդությունում (երկիր, մարդ և երկինք) մարդը կանգնած է տիեզերքի կենտրոնում և միացնում է հակադիր բևեռները:

Չինական տրիադներն ավելի քան 2500 տարվա պատմություն ունեն: Տրիադը հանցավոր հանրության ավանդական ձև է, որը սկիզբ է առել Չինաստանում մ.թ.ա. 2-րդ դարից եւ հասել մինչև մեր օրերը: Չինական պատմագրության մեջ տրիադների մասին առաջին հիշատակումները հայտնվել են Ցին Շիհուանդի կայսեր տիրապետության ժամանակ (մ.թ.ա. 220-210թթ.), երբ ծովահենների ու ստրկավաճառների փոքր խմբավորումները որոշում են միավորվել երեք մեծ հանրության մեջ «Լոտոսի ստվեր» անվան տակ:

Տրիադները կազմակերպում են գաղտնի պարտիզանական ջոկատներ մանջուրների դեմ, որոնք 1644թ. զավթում են Չինաստանը և ավերում իր մարտարվեստներով հայտնի Շաոլին վանքը: Կենդանի են մնում միայն երեք վանականները, որոնք էլ ստեղծում են «Երկրի, մարդու և երկնքի միությունը` հանուն արդարության» տրիադը: Նոր գաղտնի միության մարտական բջիջները պատում են ողջ երկիրը, իսկ բոլոր խանութպանները հարկ էին մուծում վերջիններիս, որով զենք էր գնվում տրիադի պարտիզանների ջոկատները զինելու եւ մանջուր-զավթիչների դեմ պայքարելու համար:

Վանականների ստեղծած կազմակերպությունն ուներ երկաթյա կարգապահություն, աներկբա ենթակայություն և ցանկացած հրաման կատարելու պատրաստ բազմաթիվ կողմնակիցներ: Սակայն վանականների մահից հետո տրիադի նոր ղեկավարները պարտիզանական պատերազմի փոխարեն գերադասեցին զբաղվել ստրկավաճառությամբ, ծովահենությամբ, ոսկու ապօրինի արդյունահանմամբ և ռեկետով, պատճառաբանելով, թե միության ֆինանսական միջոցները բավարար չեն մանջուրների դեմ պայքարի համար: Ահա հենց այդ ժամանակ էլ տրիադը դառնում է մաֆիա:

Այսօր չինական տոնգերը և տրիադները հանցագործությունների քանակով աշխարհի հանցավոր խմբերի մեջ զբաղեցնում են երկրորդ տեղը` իտալական մաֆիայից հետո: Նրանք հիմնավորվել են Չինաստանում, Հոնգկոնգում, Թայվանում, Հարավարևելյան Ասիայի այլ երկրներում: Տրիադները ճյուղավորված համակարգ ունեն Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայի և Ռուսաստանի Հեռավոր Արևելքի չինական համայնքներում:

Ըստ որոշ տեղեկությունների, այսօր Հոնգկոնգում կա տրիադի 160 հազար անդամ: Բուն Չինաստանում գործում են հազարավոր առանձին խմբավորումներ, (ընդհանուր թիվը` 1մլն 200 հազար մարդ), որոնք վերահսկում են երկրի ամբողջ ապօրինի բիզնեսը:

Տրիադի կառուցվածքը բրգաձև է: Բուրգի գագաթին կամ առաջին դիրքում առաջնորդն է, որին անվանում են կա՛մ վիշապի գլուխ, կա՛մ մեծ եղբայր: Երկրորդ դիրքում են տրիադի մեջ մտնող կազմակերպությունների ղեկավարները և նոր անդամների հավաքագրումը ղեկավարող հատուկ անձը: Երրորդ դիրքում են զինյալները, որոնք ղեկավարում են տրիադների օպերատիվ գործող խմբերը: Չորրորդ դիրքում վարչական և ֆինանսական հարցերով փորձագետն է, իսկ հինգերորդում` այլ հանցավոր խմբերի հետ փոխգործակցություն իրականացնողը: Ամենավերջին` վեցերորդ տեղում են հասարակ անդամները կամ զինվորները:

Չինական տրիադների բոլոր պաշտոններն ընդունված է նշանավորել հատուկ թվերով, որոնք անխտիր սկսվում են 4-ով, ինչը համապատասխանում է հին չինական լեգենդին այն մասին, որ աշխարհը շրջապատված է 4 ծովերով: Այսպես, առաջնորդի թիվն է 489, երրորդ դեմքինը` 426, 4-րդինը` 432, 5-րդինը` 415, 6-րդինը` 49:

Այժմ անդրազգային հանցավոր գործունեությամբ զբաղվող առավել հայտնի տրիադներն են Սուն Ե Օնը, 14Կ-ն, Վո Հոպ Տուն և Վո Օն Լոկը, որոնք զբաղվում են դրամաշորթությամբ, թմրանյութերի շրջանառությամբ, անօրինական միգրացիայով, մարմնավաճառներով, խաղային բիզնեսով, զենքի վաճառքով, ռեկետով և տեղական բիզնեսմեններին «տանիք» լինելով:

Ներկայումս չինական տրիադները հերոինի` դեպի ԱՄՆ և Արևմտյան Եվրոպա խոշոր մատակարարներից են: Տարբեր տվյալներով, նրանց միջոցով է կատարվում Ասիական մայրցամաքում թմրանյութերի շրջանառության 25%-ը: Հետաքրքիր է, որ չինական տրիադը արդեն իսկ դարձել է քրեական Ռուսաստանի մաս: Նրանք են վերահսկում Պրիմորիեում կտրվող անտառների փայտանյութի արտահանումը, «տանիք» են ապահովում Հոնգկոնգում և Մակաոյում աշխատող ռուս մարմնավաճառների համար, անօրինական ձևով Ռուսաստան են ուղարկում տասնյակ-հազարավոր չինացիների:

Այժմ Չինաստանում կա երկու մաֆիոզ դինաստիա` «14Կ» և «Կանաչ վիշապ», որոնք գոյություն են ունեցել դեռ կայսր Ցին Շիհունադիի օրոք` մ.թ.ա. 2-րդ դարում: Տրիադներում իշխանությունը հորից անցնում է որդուն:

Օրինակներ կան նաև, երբ մաֆիայի ղեկավար է դարձել առաջնորդի դուստրը: Այս կապակցությամբ նշենք ծովահենների անվանի կապիտան մադամ Լիլի Վոնգին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարտանավերի նավատորմի օգնությամբ և նախկին նացիստական վարձկան սպաների ղեկավարությամբ մոտ 10 տարի զբաղվում էր ամբողջ մալայական ափը թալանելով:

Պատմությանը հայտնի են նաև դեպքեր, երբ չինական մաֆիան կանգնել է ժողովրդի կողքին, օրինակ` 1930-ականներին ճապոնական զավթիչների դեմ ազատագրական պայքարի ժամանակ:

Տրիադները գոյություն ունեն այնքան ժամանակ, ինչքան գոյություն ունի Չինաստանը: Կայսրերին չհաջողվեց դրանք վերացնել, չհաջողվեց նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական ռեժիմին: Չինական ոստիկանության վետերանների կարծիքով, եթե նույնիսկ տրիադի բոլոր առաջնորդներին բանտ նետեն, նրա մեխանիզմի ոչ մի պտուտակ չի խափանվի:

Չինաստանում բավականին յուրահատուկ և անսովոր են փոխհարաբերությունները պետության և կազմակերպված հանցավորության միջև: Այսօր Չինաստանի տարբեր քաղաքների փողոցներում կարելի է հանդիպել ատլետիկ կազմվածքով, դատարկ հայացքով, թևերին գանգի, վիշապի և կոբրայի դաջվածքներ ունեցող երիտասարդների: Նրանք տրիադների ներկայացուցիչներ են եւ ոստիկանության հետ միասին հետևում են փողոցային կարգուկանոնին: Նման շահագրգռվածությունը բացատրվում է նրանով, որ այսօր չինական մաֆիան ուշադիր հետևում է Չինաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը և այս կամ այն կերպ աջակցում նրան (ինչքան էլ դա պարադոքս թվա): Օրինակ, տրիադները երբեք չեն թալանում օտարերկրյա զբոսաշրջիկներին, քանի որ 2002-ից ՉԺՀ-ն հռչակվել է «համաշխարհային զբոսաշրջության» երկիր: Իսկ ինչքան շատ զբոսաշրջիկ գա, այնքան ավելի շատ գումար կարելի է քամել խանութպաններից և ռեստորանատերերից:

Չինացիների կյանքի սկզբունքներից մեկն ասում է. «Մի՛ շտապիր, նստի՛ր և մտածի՛ր»: Չինական մաֆիան ամեն բան լավ մտածում է և ծրագրում տեւական ժամանակի համար: Ընկերություն, ռեստորան, խանութ բացելով` ոչ ոք չի ակնկալում մեկ ամիս անց հսկայական շահույթ ստանալ: Իմաստ չունի շտապել, եթե բռնածդ գործը ճիշտ է: Եվ հենց համբերատարությամբ էլ տրիադները տարբերվում են ներկա ԱՊՀ «ստվերային կառույցներից», որոնց հարկավոր է ամեն ինչ և միանգամից:

Տրիադները ձգտում են ամրապնդել Չինաստանի տնտեսությունը: Ի տարբերություն ԱՊՀ մաֆիոզների, որոնք իրենց փողերն են լվանում անթալիաներում, չինացի մաֆիոզները նունիսկ ԱՄՆ-ում թմրանյութերի վաճառքից «աշխատած» փողերը փոխանցում են ՉԺՀ: Եվրոպայում, Աֆրիկայում մաքսանենգ զենքից, հարավային ծովերում գործող ծովահենների արյունոտ եւ մաքսանենգ դոլարները նույնպես հոսում են Չինաստան: Նրանց մոտ ընդունված չէ գումարներ դնել շվեյցարական բանկերում:

Անուրանալի է, որ չինացի հանցագործները նպաստում են իրենց երկրի «բարգավաճմանը»:

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Պատմության էջերից


01/02/2012