Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵՆՔԻ ՀԱՅ ԲԱՐՈՆԸ



2011 թվականի հոկտեմբերի կեսերին աշխարհի տարբեր թերթերում կարելի էր հանդիպել «Մահացել է մահ վաճառողը» նմանաբնույթ վերնագրերով մահախոսականների։ Մայամիի հիվանդանոցներից մեկում 82 տարեկան հասակում սրտի կաթվածից վախճանվել էր Սարգիս Սողանալյանը՝ 20-րդ դարի ամենախոշոր մասնավոր զինավաճառներից մեկը, որը այդ գործով զբաղվել էր Լիբանանում, Նիկարագուայում, Անգոլայում, Իրաքում, ինչպես նաեւ իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ։ Հանդուգն ու արկածախնդիր այս անձնավորության գործարքների մասին լեգենդներ ու առասպելներ էին շրջում, նրա դեմ հարուցված դատական գործերն անսպառ էին, թեեւ պետք է խոստովանել, որ նա զարմանալի վարպետությամբ միշտ էլ կարողացել էր ջրից «չոր» դուրս գալ, քանի որ հզոր կապեր ուներ քաղաքական գործիչների, բռնակալների, թագավորական տների հետ։ Համագործակցում էր ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության, հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ ամերիկյան այլ պետական գործակալությունների հետ։ «Երբ իմ կարիքը զգում են, անմիջապես գալիս եւ ինձ ազատ են արձակում։ Ես կարող եմ նրանց հետախուզական ինֆորմացիա տրամադրել»,- ասում էր մահ վաճառողը (1993թ. Սողանալյանին 6,5 տարվա բանտարկության էին դատապարտել 103 ուղղաթիռ անօրինական ճանապարհով Իրաք փոխադրելու համար, բայց պատիժը նվազեցրին, երբ նա ամերիկացի հետախույզներին հայտնեց Լիբանանում կեղծ 100 դոլարանոց բարձրորակ թղթադրամների շրջանառության մեջ դնելու վայրը)։ «Լսում ես բերանով, խոսում՝ ականջներով»՝ սա մեծ զինավաճառի սիրած արտահայտությունն էր։

Սարգիս Սողանալյանը ծնվել է Իսքենդերունում (Թուրքիա) 1929թ. փետրվարի 6-ին։ Հոր մահից հետո ընտանիքը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ Սարգիսը ապրուստը հոգալու համար կիսատ է թողել ուսումը եւ աշխատանքի անցել որպես ավտոմեխանիկ։ Շուտով ավտոմեքենաների հրաշալի գիտակի համբավ է ձեռք բերել։ Նրա հաճախորդների թվում են եղել Լիբանանի նախագահներն ու վարչապետները, Հորդանանի թագավորական ընտանիքի անդամները։ Այնուհետեւ Սողանալյանը զբաղվում է ավիափոխադրումներով, զենքի փոխադրումներով եւ զինավաճառությամբ։ 1958թ. գաղթում է ԱՄՆ՝ դառնալով M-16 տեսակի ինքնաձիգ արտադրող «Colt» ընկերության գաղտնի գործակալը։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ զենք է առաքում քրիստոնյա կամավորականներին։ Նրա ամենամեծ գործարքը՝ 1,5 մլրդ դոլար, իրականացվել է Սադամ Հուսեյնի հետ՝ 1980-ականներին իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ։ Զենք է մատակարարել Նիկարագուայի նախագահ Անաստասիո Սոմոզային` սանդինիստական շարժման դեմ մղված պայքարի ժամանակ, ինչպես նաեւ հրթիռներ` Արգենտինային։

Կյանքի վերջին տարիներին առողջությունն արդեն այն չէր, թեեւ նրան դեռ շարունակում էին այցելել հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները, ովքեր դեռեւս ցանկանում էին Սողանալյանի հետ գործարքներ կնքել։ Ֆլորիդայում, Փարիզում, Աթենքում եւ այլ քաղաքներում բազմաթիվ տներ ունեցող զինավաճառը սնանկացել էր։ Իր ապրած խայտաբղետ կյանքի նման հակասական են նաեւ նրա հասցեին հնչած բնութագրերը. մահ վաճառող, լրտես, խաբեբա, ավազակ, արկածախնդիր հաստլիկ (133 կգ էր)… Այսօրինակ բազմաթիվ պիտակավորումների կողքին լսելի են եւ նման որակավորումները. ազնիվ եւ պատասխանատու, վստահելի եւ հաջողակ։ Նրա փաստաբան Մարկ Կիրակոսը նշում է, որ «Սողանալյանը միլիոնավոր դոլարներ է հատկացրել հայ համայնքին, դպրոցներ կառուցել»։ Մայամիում կառուցել է Սուրբ Սարգիս եկեղեցին՝ իր բազմաթիվ մեղքերի թողության համար։

1988թ. Հայաստանի երկրաշարժի ժամանակ օգնություն է տրամադրել հայերին։ Նրա այդ մարդասիրական գործունեությունը բարձր են գնահատել Մայր Թերեզան, Ջորջ Բուշ ավագը։ Վերջինս բարերարին համարել է մարդկությունը միավորող կապերի ամրապնդող։

Ամերիկյան թերթերից մեկի թղթակցի այն հարցին, թե ինչն է համարում իր ամենամեծ ձեռքբերումը, մեծագույն զինավաճառը հպարտորեն պատասխանել է. «Ես օգնել եմ շատ երկրների` պահպանելու իրենց անկախությունը»։

Եվ հենց այս հայազգի զինավաճառն է ներշնչել Նիկոլաս Քեյջին խաղալու «Զենքի բարոնը» (2005թ.) հրաշալի գեղարվեստական ֆիլմում։ Ի դեպ, ֆիլմում զինավաճառի ծնողների դերում հանդես են գալիս հայազգի դերասաններ Շաքե Թոխմալյանը եւ Ժան Պիեռ Նշանյանը։

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր

Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Պատմության էջերից


01/02/2012