Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՆՖՈՒՑԻՈՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ



Լրագրողներին շնորհավորելով Ամանորի կապակցությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղղակի դիմելով նրանց հարցրել է, թե ամենից շատ ի՞նչ են կամենում եկող տարվանից։ Լրագրողները թե՝ խաղաղություն։ Նախագահը ժպիտով է ընդունել ասվածը։ Իսկ փոխադարձ հարցին՝ ինքը՝ նախագահն ի՞նչ սպասելիքներ ունի Նոր տարուց, պատասխանել է. «ՀԱՎԱՏ»։

Կոնֆուցիոսը (անվան բուն չինական ձեւը՝ Կուն Ցյու) Չինաստանի առաջին մեծ մտածողն է (551-497մ.թ.ա.)։ Նրա անունը Հին Չինաստանի հոգեւոր եւ մշակութային միասնության խորհրդանիշն է։
Ներկայացված հատվածները քաղված են Կոնֆուցիոսի «Զրույցներ» գրքից։ Կարելի է ասել, որ նրա գաղափարների ամենաամբողջական երկը հենց այս գիրքն է։
Մարդկային վարքի հիմքը Կոնֆուցիոսի կարծիքով նրա դիրքն է ընտանիքում եւ հասարակության մեջ։ Ըստ նրա՝ կառավարել նշանակում է բարի գործ կատարել եւ յուրաքանչյուր մարդու պետության մեջ տալ այն տեղը, որին նա արժանի է։ Կոնֆուցիոսը համոզված է, որ պետության նկատմամբ ժողովուրդը հավատ պետք է ունենա, հակառակ դեպքում այդ պետության գոյությունն անհնարին է։ Նա դնում է իմաստուն եւ մարդասեր կառավարման պահանջը։
Կոնֆուցիոսի հայացքները խոշոր նշանակություն են ունեցել չինական միասնական պետության ստեղծման գործում։
Ցզի-գունը հարցրեց, թե ո՞րն է լավ կառավարությունը։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
-Դա այն կառավարությունն է, որը երաշխավորում է առատ սնունդ, ապահովում երկրի անվտանգությունը թշնամիներից եւ հոգ է տանում այն մասին, որ ժողովուրդը հավատա իրեն։
Ցզի-գունը կրկին հարց տվեց.
-Եթե անհրաժեշտ լինի այդ երեքից միայն երկուսը թողնել, ապա ո՞ր մեկից կարելի է հրաժարվել։
-Բանակից,- ասաց Ուսուցիչը։
Ցզի-գունը հարցրեց.
-Եթե հարկ լինի մնացած երկուսից մեկը թողնել, ապա որի՞ց կարելի է հրաժարվել։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
-Սննդի մասին հոգալուց։ Առանց սննդի մարդիկ կմեռնեն, բայց մահը, ի վերջո, բոլորի ճակատագիրն է։ Իսկ եթե ժողովուրդը չհավատա իր կառավարությանը, այն ժամանակ կմեռնի պետությունը։
***
Աշակերտ Ցզի-լուն ասաց Կոնֆուցիոսին.
-Եթե Վեյ երկրի թագավորը քեզ վստահի կառավարությունը, ի՞նչ կանեք դուք ամենից առաջ։
Ուսուցիչը պատասխանեց.
-Կճշտեմ բառերը։
-Մի՞թե։ Ումն է պետք դա։
Ուսուցիչն առարկեց.
-Ինչ անկիրթն ես դու, Ցզի-լու։ Ազնվական մարդը միշտ իրեն զուսպ ու զգույշ է պահում այն դեպքում, երբ խոսք է լինում իր չիմացած բաների մասին։
Եթե բառերը չհամընկնեն գաղափարների հետ, ապա լեզուն չի հասկացվի։ Եթե լեզուն չհասկացվի, ապա առաջ կգան անկարգությունն ու անհաջողությունը։ Անկարգության ու անհաջողության դեպքում վայելչությունն ու բարոյականությունը կհասնեն անկման։ Եթե կասկածի տակ դրվեն վայելչությունն ու բարոյականությունը, ապա չեն լինի այլեւս արդարացի պատիժներ։ Ժողովուրդն այլեւս չի իմանա, թե ինչը կարելի է եւ ինչը՝ ոչ։ Այդ պատճառով ազնվականը պետք է անունները եւ գաղափարները ուղիղ գործածի եւ վարվի ճիշտ եւ ճիշտ նրանց համապատասխան։ Նա երբեք չպետք է թեթեւորեն վերաբերվի իր բառերին։
***
Լուի թագավոր Դին-գունը հարցրեց.
-Կարելի՞ է այնպես անել, որ մեկ բառով երկիրը ծաղկի։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
-Մի բառով այդ անել հնարավոր չէ։ Բայց ասում են. «Թագավոր լինելը դժվար է, սակայն հեշտ չէ նաեւ պաշտոնյայի համար»։ Եթե կառավարողները հասկանան իրենց պաշտոնյաների դժվարությունները եւ լինեն հոգատար ու բարեխիղճ, այդ դեպքում ի՞նչ մի դժվար բան է մի բառով երկիրը ծաղկեցնել։
Ապա Դին-գունը հարցրեց.
-Իսկ հնարավո՞ր է այնպես անել, որ մի բառով երկիրը կործանվի։ Կոնֆուցիոսը պատասխանեց.
-Մի բառով դա անել հնարավոր չէ,- եւ ապա շարունակեց,- բայց առակն ասում է՝ հաճելի բան չէ թագավոր լինելը, քանզի ոչ ոք չի առարկում նրան։ Եթե թագավորի խոսքերը իրոք արդար են, եւ ոչ ոք նրան չի առարկում, ապա դա լավ է։ Բայց երբ թագավորը կեղծ ու անարդար բան է անում, եւ նրան ոչ ոք չի առարկում, ուրեմն չի՞ կարող այդ դեպքում մի բառը երկիր կործանել։
***
Երբ աշակերտ Ցզի-սիան Յու-ֆու գավառի իշխան դարձավ, Կոնֆուցիոսին հարց տվեց արդար կառավարելու մասին։
Ուսուցիչն ասաց.
-Ո՛չ պետք է աչքի առաջ ունենալ մանր օգուտները, ո՛չ էլ արագ հաջողությունների հետեւից ընկնել։ Նպատակին չի հասնում նա, ով արագ հաջողությունների է ձգտում։ Իսկ ով միայն մանր օգուտներն է տեսնում, չի կարող մեծ գործեր կատարել։
***
Շե գավառի իշխանը հարցրեց, թե ինչպե՞ս պետք է կառավարել։
Ուսուցիչը նրան պատասխանեց.
-Քո սեփական մարդկանց այնքան գոհ ու երջանիկ դարձրու, որ ուրիշներն էլ գան քեզ մոտ ապրելու։

Պատրաստեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #02 (867) 19.01.2011 – 26.01.2011, Հոգևոր-մշակութային


21/01/2011