Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՔԱՋԻ ԼԵԳԵՆԴԸ
ՔԱՋԻ ԼԵԳԵՆԴԸ

«Սասնա ծռեր» ազատագրական ջոկատի հրամանատար, «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանակիր Սամվել Գեվորգյանը հերոսաբար զոհվեց Մարտակերտի ազատագրության մարտերում, երբ ընդամենը 42 տարեկան էր։ Նրա կնոջ՝ Սվետա Գեվորգյանի հիշողություններն ավելի վառ ու ամբողջական են դարձնում հրամանատարի ազնիվ ու առաքինի, վեհ ու հերոսական կերպարը։

Մեր առաջին հանդիպումը շատ տպավորիչ էր։ Սամվելը բարձրահասակ էր, թիկնեղ, ատլետիկ կազմվածքով ու շատ գեղեցիկ էր։ Նրա հայացքում ինչ-որ յուրահատուկ բան կար՝ ուժեղ, ազնիվ, տիրական, վստահելի, որ անմիջապես գրավում էր։ Նա ժամանակից շուտ էր հասունացել, տակավին երիտասարդ՝ ինքնուրույն տղամարդ էր, որից բոլորը ակնածում էին, որի կարծիքը հաշվի էին առնում։ Հարազատները պատմում էին, որ Սամվելը մանկուց էլ տարբերվել է հասակակիցներից, եղել է համարձակ, սկզբունքային, անզիջում։ Անարդարություն չի հանդուրժել։ Որտեղ մի թույլ, մի անպաշտպան՝ Սամվելը հայտնվել է կողքին։ 15 տարեկանում սպորտի վարպետ է դարձել, հետո ընդունվել է ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ։ Սամվելը յոթ տարի անընդմեջ եղել է Հայաստանի չեմպիոն, Խորհրդային Միության հավաքականի անդամ։
Սամվելը հզոր էր, խիզախ, առնական, նա զերծ էր կենցաղային խորամանկությունից։ Սամվելին անհնար էր չսիրել։ Նրա ընկերներին, ծանոթներին թիվ ու սահման չկար։ Սամվելի բնավորության ամենավառ գիծը մարդասիրությունն էր։ Երբ նրանից օգնություն էին խնդրում, երբ նրան դիմում էին զանազան հարցերով, ու Սամվելը ամեն գնով փորձում էր օգնել, զարմացած հարցնում էի՝ ո՞վ է՝ ընկե՞ր է, բարեկա՞մ է… (որովհետեւ միայն ամենահարազատ, ամենամտերիմ մարդու համար կարելի էր այդքան չարչարվել)։ Այդպիսին էր Սամվելը։ Որտեղ մի կարիքավոր կար, Սամվելը կողքին էր։ Այնքան շռայլ էր, այնքան վեր էր նյութապաշտությունից, մանրախնդրությունից։
Սամվելը շատ աշխատասեր էր, եռանդուն, պայծառ, լավատես։ Երբեք չէր հուսահատվում։ Ամենադժվար պահին անգամ հավատում էր, որ ինքը հաղթելու է, որ իրականանալու են իր բոլոր երազանքները։ Հույսը դնում էր իր ուժի, խելքի, իր առաքինությունների վրա, ասում էր՝ արդարությունը ի վերջո հաղթելու է, ասում էր՝ բարությունը ճանապարհ կբացի։
Սամվելը հավատարիմ էր ու կնամեծար, կարող էր այնքան քնքուշ, նրբանկատ ու սիրալիր լինել։ Նրա կողքին ես ինձ թագուհի էի զգում։ Ինչ հոգատարությամբ էր խնամում երեխաներին, իր ձեռքով նախաճաշ էր պատրաստում, օգնում էր, որ սովորեն դասերը։ Որդիներին բռնցքամարտի էր տանում, երազում էր, որ նրանց պատվին հնչի Հայաստանի օրհներգը։
Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, ես վստահ էի, որ Սամվելը ճակատ է գնալու։ Նա առաջիններից մեկն էր, որ կազմավորեց ազատագրական ջոկատ եւ գնաց Արցախ։ Մարտադաշտից բերված մի տեսաժապավեն կա. Սամվելն ուրախ, հանգիստ, հպարտ կեցվածքով ասում է. «Մինչեւ Միրբաշիրը չգրավենք, ես սարից իջնողը չեմ»։ Վերջին անգամ տուն եկավ կրտսեր որդուս ծննդյան օրը։ Իրեն հատուկ եռանդով, երգուպարով քեֆ արեց։ Վերջում ինձ ասաց. «Արի պարենք վերջին անգամ»։ Այնքան հանգիստ ասաց, ժպիտով, անխուճապ։
…Նա ճակատից վերադարձավ «վահանի վրա», ինչպես վայել է իսկական քաջին։ Ու մեզ թողեց այն լեգենդը, որն ապրելու է է սերնդեսերունդ, որն ապրելու է հավերժ։ «Մարտակերտի մատույցներում թեժ կռիվներ էին։ Լուր ստացան, որ «Նաիրի» ջոկատի տղաները շրջափակման մեջ են ընկել։ Դրությունն օրհասական էր, տղաներին մինչեւ վերջին մարդը զոհվելու վտանգ էր սպառնում։ Սամվելը որոշեց միանալ «Նաիրի» ջոկատի հրամանատարին եւ «Վիլիսով» գնաց ծուղակն ընկած ազատամարտիկներին օգնության։ Հանկարծ շրջափակման մեջ ընկած տղաները տեսան դեպի թշնամու տանկերը շարժվող յուրային «Վիլիսը»։ Մտածեցին՝ շփոթել են ճանապարհը, սկսեցին ավտոմատներով կրակել, հասկացնել, որ ստույգ մահվան են գնում, որ առջեւում թշնամու զինտեխնիկան է։ Վայրկյաններ անց Սամվելն ընդունեց անհավանական որոշում. մեքենայից իջեցրեց մյուսներին, ինքը միայնակ նստեց «Վիլիսի» ղեկին ու շարժվեց առաջ։ Մինչ տղաները կհասցնեին ուշքի գալ, մինչ կփորձեին հերթական կրակահերթով հետ պահել մահվան գնացող քաջին, Սամվելի մեքենան հայտնվեց թշնամու տանկերի կրակի տակ։ Տանկերը փոխեցին ուղղությունը, տանկերը շրջեցին փողերը շրջափակման մեջ ընկած տղաներից ու սկսեցին գնդակոծել միայնակ «Վիլիսը»։ «Նաիրի» ջոկատի՝ ծուղակն ընկած տղաները վերջապես հասկացան Սամվել Գեւորգյանին։ Հրամանատարն իր կյանքի գնով ճանապարհ բացեց մարտական ընկերների համար։ Տղաները ճեղքեցին շրջափակումը, տղաները փրկվեցին։ Ուշ երեկոյան կարողացան մարտադաշտից դուրս բերել հերոսի մարմինը»։
15 տարի առաջ Դավթաշենի թիվ 189 դպրոցը անվանակոչվեց Սամվել Գեւորգյանի անունով։ Հետո ազատագրական ջոկատի հրամանատարի եւ նրա զոհված ընկերների պատվին Արցախում մի սրբատեղի էլ ավելացավ։ Վերջերս Սամվել Գեւորգյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվեց նրա կիսանդրին։ Կիսանդրու մոտ պատվո պահակ էին կանգնել դպրոցականները։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնյաներ, ազատամարտիկներ եւ պարզապես Սամվել Գեւորգյանին հարգող բազմաթիվ դավթաշենցիներ։ Հավաքվածները դիտեցին Սամվել Գեւորգյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը։ Սամվել Գեւորգյանի որդու՝ Դավթաշենի վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հեծանվավազքի մրցույթ, որը դարձել է ավանդական։ Այսուհետ Սամվել Գեւորգյանի անունը կրող դպրոցի լավագույն շրջանավարտները բուհում սովորելիս կստանան Սամվել Գեւորգյանի անվան կրթաթոշակ։ Կիսանդրու տեղադրումը եւ միջոցառումը նախաձեռնել էին Սամվել Գեւորգյանի որդիները՝ Արթուր եւ Արտյոմ Գեւորգյանները։
Իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ օրը մեծ խորհուրդ ունի, քանի որ ոգեկոչում է Արցախյան պատերազմի հրամանատարներից մեկի՝ Սամվել Գեւորգյանի հիշատակը։ «Նա այն կամավորականներից մեկն էր, որը առաջինը նետվեց պայքարի հանուն Արցախի ազատագրության։ Նա անձնազոհ ու հմուտ ռազմիկ էր եւ ապացուցեց, որ հայ ժողովուրդը միշտ պատրաստ է պաշտպանելու իր հայրենիքի սահմանները»։
Ես 1997 թվականից Դավթաշենի թիվ 62 նախադպրոցական ուսումնական հաստատության (մանկապարտեզի) տնօրենն եմ։ Ամեն ինչ անում եմ, որ մեր փոքրիկները ճիշտ դաստիարակվեն, բարի լինեն, սիրեն բնությունը, սիրեն ընկերներին, հարգեն մեծերին, ապրեն քրիստոնյային վայել առաքինություններով… Հայրենիքը սիրեն։ Մեր մանկապարտեզում պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում՝ նվիրված եկեղեցական տոներին, պետական տոներին, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին՝ հանձինս «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Սամվել Գեւորգյանի։ Վերջերս ես արժանացա պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալին՝ մատաղ սերնդին ռազմահայրենասիրական ոգով տոգորելու եւ ազգային դաստիարակություն տալու համար։ Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ մեր հզոր, հաղթանակած բանակի «Գարեգին Նժդեհ» մեդալին։ …Ես արցախցի եմ։ Ծնվել, մեծացել եմ Ստեփանակերտում։ Ծնողներս Մարտակերտից են։ …Ամուսինս Մարտակերտում ընկավ՝ իմ ծննդավայրում։ Այդուհետ Արցախի հողը ինձ համար կրկնակի սուրբ է ու պաշտելի։ Ամռանը կրկին գնացի իմ ծննդավայրը։ Արցախը չքնաղ էր։ Արցախը օր օրի է փոխվում, բարեկարգվում, թոթափում պատերազմի վերքերը, դառնում ամուր, հզոր, անառիկ։ Նոր տներ են բարձրանում, նոր օջախներ են հիմնվում, դպրոցներ են կառուցվում, մշակույթի օջախներ, հյուրանոցներ, ժամանցի վայրեր։ Այսինքն՝ արցախցին գոյատեւման խնդիր չի լուծում այսօր, ապրում է 21-րդ դարի ռիթմով, հավատով է նայում ապագային։ Իմ հպարտությունը կրկնակի է, որովհետեւ ես, իմ ընտանիքը ամենածանր գինն ենք վճարել Արցախի ազատագրության համար, ու այսօր էլ ամեն ինչ անում ենք, որ արժանի լինենք հրամանատար, I աստիճանի «Մարտական խաչի» արժանացած Սամվել Գեւորգյանի անվանն ու հիշատակին՝ մեր ապրած կյանքով, հանուն հայրենիքի մեր տքնանքով, մեր ամենօրյա աշխատանքով։
Սամվել Գեւորգյանն իր ընտանիքին, իր որդիներին, թոռներին թողել է ամենամեծ, ամենաթանկ ժառանգությունը՝ հերոսի իր անունը։ Սամվելին նվիրված մեծարման ցերեկույթին թոռնուհիս՝ Սվետլանան մի բանաստեղծություն արտասանեց.
Երբ ամեն անգամ առավոտ կանուխ
Ես մոտենում եմ այս սուրբ դարբնոցին,
Իմ՝ դեռ նոր սերտած մայրենի լեզվով
Ես քո անունն եմ կարդում, ի՛մ պապիկ…
Այդ անունը, բոլոր քաջերի անունները պիտի պարտավորեցնեն մեզ, դառնան նրանց անկատար երազանքները իրականացնելու, նրանց զոհողությունները իմաստավորելու, նրանց երազած երկիրը կառուցելու հրամայական։

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ