Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐՏԱԿԱՆ  ՏԱԳՆԱՊ
ՄԱՐՏԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ

«Գործողությունները տագնապով վերկացի ժամանակ» թեմայով պարապմունքների երրորդ օրը գնդապետ Ալ. Հարությունովի հրամանատարությամբ գործող զորամասում ազդարարումը կատարվեց վաղ առավոտյան` ժամը 6:40 րոպեին։ Զորամասի հերթապահը հրամանը փոխանցեց ստորաբաժանումների հերթապահներին, վերջիններս` անձնակազմերին։

ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սկսվեցին զորամասը մարտական պատրաստականության բերելու միջոցառումները։ Միաժամանակ բացազատվեցին դիմավորման եւ ընդունման կետեր։ Նախորդ երկու օրերի պարապմունքների ընթացքում ձեռք բերված փորձի շնորհիվ ավելի արագ կատարվեցին ստորաբաժանումների վերկացը, բեռնաբարձման համար զորանոցային իրերի նախապատրաստությունը, զինվորական հանդերձանքի, զենքի, զինամթերքի ստացումը։ Այս բոլոր գործողությունների ժամանակ առաջնահերթությունը տրված էր մեխանիկ-վարորդներին, որոնք շտապեցին հավաքակայան։ Նրանց հետեւից դեպի պահեստները շարժվեցին բեռնավորող խմբերը, իսկ անձնակազմերը (հաշվարկները) գնացին նստեցման շրջան։ Այդ ընթացքում կազմակերպվեց զորամասի պահպանությունը։ Մինչ ռազմական տեխնիկան ու սպառազինությունը, պահպանությունից հանվելով, նախապատրաստվում էին ելքի, հրամանատարի որոշմամբ` նստեցման շրջանում բացազատվեցին հրամանատարական (ղեկավարման) կետեր։ Քիչ անց ուսումնական նպատակներով օգտագործվող դաշտային տարածքը, որն օգտագործվում է որպես նստեցման շրջան, լցվեց ռազմական տեխնիկայի շարասյուներով։

ՆՍՏԵՑՄԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Դիվիզիոնները կազմ ու պատրաստ սպասում էին հաջորդ հրամանին։ Անցնելով շարասյուներով` զրուցեցինք սպաների եւ զինվորների հետ։

Հաշվարկի համարներից շարքայիններ Շիրակ Մանուկյանը եւ Արա Աղաջանյանն առաջին անգամն էին մասնակցում այսպիսի պարապմունքի, իսկ Գեւորգ Հարությունյանը ավելի փորձառու է։ Հաշվարկի մեխանիկ-վարորդն էլ առաջին օրվա պարապմունքներից մեզ ծանոթ շարքային Հովհաննես Հովակիմյանն էր՝ զորամասի լավագույն վարորդներից։

-Մեքենադ ո՞նց գործարկեցիր,- հարցրինք նրան։

-Շատ հանգիստ, բարդությունները բացառվում են։

Դիվիզիոնի հրամանատարի տեղակալ կապիտան Հակոբ Գեւորգյանը ստուգում էր շարասյան մեջ գտնվող հաշվարկների համարների թիվը՝ ով որտեղ է նստել, եւ զինվորներին պատվիրում էր լինել զգույշ եւ պահպանել անվտանգության կանոնները։

Մոտենում ենք ԲՄ-21-ի՝ «Գրադի» շարասյանը։ Հաշվարկներից մեկի հրամանատարը սերժանտ Արման Մաթեւոսյանն է, նշանառու օպերատորը` կրտսեր սերժանտ Նորայր Ստեփանյանը, վարորդը շարքային Մերուժան Կարապետյանը։

Հաշվարկի համարներից մեկը` շարքային Անան Գեղամյանը, նույնպես ծանոթ է մեզ առաջին օրվա պարապմունքներից։

-Ժամանակին ենք դուրս եկել, ամեն ինչ ճիշտ է,- ասաց սերժանտը։

-Քաղցած չե՞ք, նախաճաշե՞լ եք,- հարցնում ենք։

-Ասել եմ, որ այստեղ ենք նախաճաշելու, ոտքի վրա, բերելու են հաց, կարագ, ձու, թեյ։

Կապիտան Է. Կարապետյանը շարասյան առջեւը կանգնած` հեռախոսակապով փորձում էր ճշտել հետագա անելիքները։

-Դեռ նոր հրաման չկա, պետք է սպասենք, հրամանատարը պետք է ստուգի շարասյուները, տեսնի` թերություններ եղե՞լ են, թե՞ ոչ,- ասաց նա։

ԲԱՑԱԶԱՏՎԱԾ ԲՈՒԺԿԵՏՈՒՄ

Բուժկետը դաշտային պայմաններում պատրաստ էր աշխատելու։ Փոխգնդապետ Արտակ Սարգսյանը, բժիշկներ ավագ լեյտենանտ Արտաշես Մակիչյանը, լեյտենանտ Արմեն Ասատրյանը տեղափոխել էին բուժսարքավորումները, դեղորայքով լի պայուսակները, տեղադրել էին մահճակալներ։

-Ունենք ամեն ինչ` նման պայմաններում բուժօգնություն կազմակերպելու համար։ Փառք Աստծո, դեռեւս որեւէ մեկը լուրջ գանգատով մեզ չի դիմել,- ասաց փոխգնդապետը։

ԹԻԿՈՒՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԿԵՏՈՒՄ

Այստեղ դեռեւս շարունակվում էին բացազատման աշխատանքները։ Կապիտան Ռ.Ֆարմանյանը զինվորների հետ նախաճաշի սնունդն էր բաժանում դիվիզիոնների զինվորներին:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏՈՒՄ

Այստեղ նույնպես ամեն ինչ պատրաստ էր աշխատանքներն սկսելու համար։ Մայոր Ս.Հովհաննիսյանն անընդհատ առաջադրանքներ էր ստանում հրամանատարից եւ ստուգում, նշումներ անում քարտեզների վրա։ Մայոր Կարինե Արշակյանի համար նույնպես գործ շատ կա։

-Դժվար չէ՞ կնոջ համար,- հարցնում եմ տիկին Կ. Արշակյանին։

-Դժվարը պատերազմի ժամանակ էր, երբ զորամասը նոր էր կազմավորվում, եւ աշխատում էինք ամբողջ գիշեր, լամպի լույսի տակ։ Այժմ ամեն ինչ կարգավորված է բարձր մակարդակով,- ասաց մայոր Կ.Արշակյանը։

Կարինեի ամուսինը՝ կապիտան Գուրգեն Արշակյանը, զոհվել է Արցախյան ազատամարտի ժամանակ։ Նրանք երկուսով մեծ ներդրում ունեն զորամասի կազմավորման, կայացման գործում, իսկ վերջերս ծնվել է նրանց թոռնիկը՝ Գուրգեն Արշակյան կրտսերը։

♦♦♦

Դիվիզիոնների շարասյուներն ստուգելուց հետո հրամանատարական կետ են գալիս զորամասի հրամանատար գնդապետ Ալ. Հարությունովը եւ գնդապետ Ա. Մկրտչյանը։ Նրանք նախ ստուգում են հրամանատարական կետի կահավորանքը, փաստաթղթերը, ճշտում, թե ինչպես է իրականացվում տարածքի պահպանությունը եւ այլն։ Այնուհետեւ հրամանատարական կետ են հրավիրվում ծառայությունների պետերը եւ ստորաբաժանումների հրամանատարները։ Խնդիրների կատարումը նոր է սկսվելու։

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում զորամասի դուրսբերումը նստեցման շրջան, կա՞ն թերություններ, որոնք շտկման կարիք ունեն։

-Զորամասն ինձ լավ է ծանոթ եւ շատ հարազատ է, – ասաց գնդապետ Ալ. Հարությունովը։- Բնականաբար, խնդիրներին նույնպես քաջատեղյակ եմ։ Ամեն ինչ կարգին է, մարդիկ գիտեն, թե ինչն ինչպես է արվում, եթե թերություններ էլ կան, ապա կշտկվեն պարապմունքների, ուսումնական փուլի ընթացքում։ Սպասելիքները մեծ են մեր զորամասից, եւ մենք պարտավոր ենք արդարացնել դրանք, չեմ թաքցնում, պայքարելու ենք պատվո դրոշի համար, այնպես որ` բոլորը պետք է գիտակցեն եւ ծառայեն ողջ ներուժով:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ