Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախաձեռնությամբ և պաշտպանության նախարարության աջակցությամբ հունվարի 16-ին Եռաբլուրում մեկնարկեց հայկական բանակի 20-ամյակին նվիրված` «Բանակը մենք ենք» միջոցառումների շարքը: Երիտասարդ համալսարանականներն ի հիշատակ զոհված ազատամարտիկների` կազմակերպեցին մոմավառություն և մոմերով գրեցին «Բանակը մենք ենք»:

Հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Մելքոնյանի խոսքով, միջոցառումների նպատակն է խրախուսել Հայաստանում ծառայող երիտասարդ համալսարանականներին և հարգանքի տուրք մատուցել Արցախյան պատերազմում հաղթած և զոհված հայ զինվորների հիշատակին:

Միջոցառումներին մասնակցում են ուսանողներ մի շարք բուհերից: Լիաննա Հովհաննիսյանը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող է: Նա նշեց, որ միանալով նախաձեռնությանը, նպատակ ունի քաջալերելու սահմանի անդորրը հսկող զինվորին. «Ես եղբայր չունեմ, որ ծառայի բանակում, բայց շատ համալսարանական ընկերներ ունեմ, որոնք ինձ եղբոր նման հարազատ են: Նրանք մեր հզոր, մարտունակ եւ խաղաղասեր բանակի անվախ զինվորներն են: Աստված թող զորավիգ լինի նրանց»: ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Վարդան Բաղդասարյանն էլ սպասում է, թե երբ կլրանա իր 18 տարին, որ ինքն էլ զինվոր դառնա. «Մինչ այդ կփորձեմ նման միջոցառումների մասնակցելով ծանոթանալ բանակային կյանքին, իսկ այնուհետեւ իմ ավանդը կբերեմ մեր բանակի հզորացման գործին»:

Նախաձեռնության անդամները ծրագրում են այցելել ՀՀ և Արցախի սահմանամերձ զորամասեր, կազմակերպել հանդիպումներ զինծառայողների հետ, պարգևատրել ժամկետային զինծառայության ընթացքում աչքի ընկած երիտասարդ համալսարանականներին: Միջոցառումների ավարտը կնշանավորվի հանդիսավոր երթով, որը տեղի կունենա 2012թ. դեկտեմբերի վերջին:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ավագ լեյտենանտ