Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՋՈԿԱՏՈՒՄ



2012թ. հունվարի 7-ը ամրահաստատ մտավ Անաստաս Միկոյանի անվան «Կարմիր աստղի» շքանշանակիր ՌԴ սահմանապահ զորամասի Արմավիրի սահմանապահ ջոկատի (հրամանատար` գնդապետ Ա. Ի. Զլոբին) տարեգրության մեջ։

Առավոտյան 10.00-ին դրոշակակիր խումբը շարահրապարակ բերեց ՌԴ պետական եւ ջոկատի մարտական դրոշները, ջոկատի շտաբի պետ փոխգնդապետ Վ. Վ. Դրոզդովը ջոկատի պետ գնդապետ Ա. Ի. Զլոբինին զեկուցեց, որ նորակոչիկները պատրաստ են երդման արարողությանը։

Հարյուրից ավելի պատանիներ այդ օրը երդվեցին հայրենիքին ծառայել անձնվիրաբար, ենթարկվել գործող օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները, խստորեն պահպանել ռազմական գաղտնիքը։

Արմավիրի սահմանապահ ջոկատը անցել է կազմավորման ու կայացման դժվարին ուղի` իր կենսագրության ընթացքում կանխելով սահմանախախտման բազմաթիվ դեպքեր, վնասազերծելով հարյուրավոր դիվերսանտների ու թշնամու գործակալների։ Այսօր էլ խաղաղ պայմաններում սահմանապահները տանում են դժվարին մարտական հերթապահություն` փակելով պետական սահմանի բարդ ու վտանգավոր հատվածները։

Զինվորական երդման արարողությունից հետո ջոկատի պետ գնդապետ Զլոբինը, դիմելով նորաթուխ սահմանապահներին, ասաց. «Շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին, ամբողջ անձնակազմին այս պատմական ու հիշարժան օրվա կապակցությամբ, մաղթում զգոն ծառայություն։ Հայրենիքը սկսվում է սահմանից, եւ դուք այն առաջամարտիկներն եք, որոնք առաջինն են իրենց բազուկներով դիմակայում սահմանախախտ հակառակորդին»։

Գեներալ-լեյտենանտ Մ.Գրիգորյանը, դիմելով սահմանապահների շարքերը համալրած տղաներին, ասաց. «Դուք պետք է այնպես ծառայեք, որ սահմանի այն կողմում կանգնածը վախենա ձեզանից, եւ հարգի ձեզ»։ Այն սպաները, որոնք ձեզ սովորեցրել են սահմանային ծառայության հմտություններն ու գաղտնիքները, արհեստավարժներ են, եւ դուք պետք է լսեք նրանց ու սովորեք նրանցից։ Մի բան միշտ լավ իմացեք. սահմանապահները միշտ էլ աչքի են ընկել բարձր կարգապահությամբ»։

Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը, դիմելով նորաթուխ սահմանապահներին, ասաց. «Այս օրը պատմական է, եւ դուք ձեր ամբողջ կյանքում հիշելու եք այն։ Այն երդումը, որ տվեցիք ձեր ծնողների, ձեր հրամանատարների, ձեր հայրենիքի առաջ, սուրբ է։ Տղամարդը երբեք չպետք է երդմնազանց լինի։ Այն, ինչ մենք տեսանք ու լսեցինք, հավաստում ու հաստատում է, որ ձեզանից յուրաքանչյուրի հոգում առ հայրենիք ունեցած մեծ սիրո կրակ կա։ Այսօր դուք մեծ կյանք մտնելու առաջին վճռական ու հաստատուն քայլը կատարեցիք։ Շնորհավորում եւ բարի ծառայություն եմ մաղթում բոլորիդ»։

Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, դիմելով սահմանապահներին, ասաց. «Տա Աստված, ձեր զենքը գործածելու անհրաժեշտություն չզգացվի։ Եղբայրական սիրո մեջ ծառայեք, քանզի քրիստոնեական հավատի հիմքը հենց սերն է։ Թող Աստված բոլորիդ պահպանի ու փրկի աներեւույթ եւ երեւացող թշնամիներից»։

Զինվորական երդման արարողությունից հետո սահմանապահները խրոխտ քայլերով անցան շարահրապարակով՝ եւս մեկ անգամ հաստատելով, որ մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունը հուսալի ձեռքերում է։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Ազգային բանակ


25/01/2012