Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻ ՄԱՐԴՈՒ ՊԵՍ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆ
ՄԻ ՄԱՐԴՈՒ ՊԵՍ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆ

ՄԻ ՄԱՐԴՈՒ ՊԵՍ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆՁյունախառն անձրեւը դադարել էր, երբ հասանք հյուսիսարեւելյան սահմանագոտի: Բնության զմրուխտն ավելի էր թարմացել, շքեղացել, վայրի կակաչների առատությունն էլ մի առանձնակի հմայք էր հաղորդում շրջակայքին: Ճանապարհին սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն էի մտաբերել. «Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից…»…

Հենակետում 25-օրյա վարժական հավաքների մասնակից պահեստազորայիններն են՝ տարբեր մարզերից, տարբեր տարիքի:

Սերժանտ Արսեն Ավետիսյանը Նոյեմբերյանից է, Ագրարային համալսարանն է ավարտել:

-Մի քանի օրից կավարտենք վարժական հավաքներին մեր մասնակցությունը, այս ընթացքում վերհիշեցինք մեր անցած զինվորական ուղին, թարմացրինք զինվորական գիտելիքներն ու հմտությունները: Միանշանակ է՝ պահեստազորը ժամանակ առ ժամանակ պետք է պատրաստվի. նմանատիպ հավաքների կարեւորությունը բոլորս էլ գիտակցում ենք՝ այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ անընդհատ սահմանային բախումների թիրախում է, պարբերաբար խախտվում է մեր հող ու ջրի անդորրը: 90-ականների ինքնապաշտպանական մարտերին հայրս էլ է մասնակցել, հորեղբայրս էլ:

44-օրյա պատերազմի ժամանակ մոբիլիզացիոն կազմով ես էլ մասնակցեցի վարժական հավաքների, այն ժամանակ երեք ամսով էր, հենց այս նույն հատվածում էինք կանգնած կազմ-պատրաստ:

Մեր երկիրը մենք պետք է ամրացնենք, մենք պաշտպանենք, որ մեր որդիներին արժանապատիվ ու ամրակուռ հայրենիք ժառանգենք:

Երկվորյակ զավակների հայր է Արսենը:

-Դեռ երկուսն էլ պիտի ունենամ, առնվազն…

-Գումարտակի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, ավագ լեյտենանտ Սեդրակ Մկրտչյան,- զինվորական հանգով ներկայանում է հաջորդ զրուցակիցս: Սեդրակը Շիրակի մարզի Անուշավան գյուղից է, նախկին զինվորականի առաջին մասնակցությունն է վարժական հավաքներին:

-Ծառայությունն ընթանում է իր բնականոն հունով, գլոբալ խնդիրներ չունենք:

Բոլորս էլ հասուն մարդիկ ենք, հստակ գիտակցում ենք՝ ինչի համար ենք եկել այստեղ, ու բոլորս էլ ջանում ենք առաջադրվածը գերազանց, առանց թերացումների ու ժամանակին կատարել:

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է տարին գոնե մեկ անգամ պատրաստ լինի կանգնելու սահմանին, պաշտպանելու հայրենիքի անվտանգությունը: Բոլորը, անկախ պաշտոնից, սոցիալական դիրքից, պետք է կամավոր մասնակցեն վարժական հավաքներին, ի վերջո, եթե երկրին վտանգ է սպառնում, բոլորին է անխտիր սպառնում: Առաջնահերթը հայրենիքի պաշտպան լինելն է, մնացյալ ամեն ինչ իրագործվում է կայուն հողի վրա:

Սեդրակը մասնագիտությամբ փաստաբան է, մայրաքաղաքում փաստաբանական գրասենյակ ունի:

Տարբեր մասնագիտությունների տեր են պահեստազորայինները՝ իրավաբան, մանկավարժ, շինարար, գործարար, բժիշկ…

Շիրակի մարզի Թորոսգյուղի դպրոցի տնօրեն Գարեգին Հակոբյանը մանկավարժական գործունեությունը 25 օրով փոխարինել է զինվորականով, նրա հետ վարժական հավաքներին մասնակցում է նաեւ իրենց դպրոցի զինղեկը՝ Դավիթ Հարությունյանը: Երկուսն էլ 44-օրյա պատերազմի մասնակից են:

-Պատերազմի ժամանակ մեր դպրոցի շրջանավարտները կռվել են ինքնամոռաց նվիրումով, հերոսին վայել, ցավոք, մեր գյուղը երեք զավակ է կորցրել, հրաշալի երիտասարդներ, կյանքով լեցուն, շնորհաշատ…

ՄԻ ՄԱՐԴՈՒ ՊԵՍ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆԳարեգինի արմատները Արեւմտյան Հայաստանից են, Բասեն գավառի Հարսնաքար գյուղից են տեղահանվել:

-Հայրենիքի պաշտպանությունն ինձ համար գաղափար է՝ պաշտպանելով հայրենիքը՝ պաշտպանում ենք մեր տունը, մեր օջախը, մեր սրբությունները՝ հող հայրենին,- ասում է բազմավաստակ մանկավարժն ու Նժդեհի խոսքերը մեջբերում. «Հայրենիք մի սպասեք օտարից եւ ճակատագրից, եթե այն ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք»։

Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանը, քիչ հեռու կանգնած, լուռ լսում է գումարտակի տղաներին: Դեմքին գոհունակ ժպիտ է ուրվագծվում: Նա հպարտ է իր տղերքով, նրանց հայրենանվեր ծառայությամբ:

-Գումարտակի պատրաստվածությունը գնահատում եմ լավ, բոլորն էլ հստակ գիտակցում են իրենց առաքելության կարևորությունը և սրտացավորեն իրենց գործն են անում: Վստահեցնում եմ՝ մարտունակ պահեստազորի կորիզը կա։ Արական սեռի յուրաքանչյուր անձ պարտադիր պետք է մասնակցի վարժական հավաքներին, որ ունենանք պատրաստված, մարտունակ պահեստազոր եւ հարկ եղած դեպքում ճիշտ, գրագետ եւ ներդաշնակ գործենք,- ասում է նա:

Բանակի նվիրյալ զինվորականներից է փոխգնդապետ Մարտիրոսյանը, որի զինվորական ուղին սկսվել է ռազմամարզական վարժարանից, այնուհետև ուսանել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

Գյումրեցի սպան անցել է պատերազմի բովով, կռվել ամենաթեժ հատվածներից մեկում՝ Մատաղիսում:

-Ընկերական զրույցների ժամանակ պահեստազորի տղաներին ներկայացնում ենք մեր անցած ճանապարհը, պատմում մարտական գործողությունների ընթացքում մեր սպաների և զինվորների անօրինակ սխրագործությունների մասին, խոսում ենք և՛ հաջողություններից, և՛ բացթողումներից:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ