Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸԱվիացիան այն ոլորտներից է, որտեղ ամենից առաջ պահանջվում են բացարձակ առողջություն, սուր տեսողություն, լսողություն, արագ կողմնորոշվելու և հավասարակշռված գործելու հմտություններ: Այս որակները  և մի շարք այլ չափանիշներ ներառված են այն ցանկում, որոնք պետք է ունենա և բավարարի երկնային ճախրանքի ձգտող յուրաքանչյուր ոք։ Պահանջները հատկապես խիստ են, երբ խոսքը ռազմական ավիացիայի մասին է.  չէ՞ որ նրանց է վստահվում երկրի օդային սահմանների պաշտպանությունը։ Ասում են, թե ռազմական օդաչու դառնում են միայն ընտրյալները, և ինչպես իրենք՝ օդաչուներն են սիրում կատակել՝ միայն իրենց է տրվում բարձրից խաղաղություն պարտադրելու հնարավորությունը։ Աշխարհին անհաս տիրույթներից խաղաղություն բերելու գայթակղությունն էր պատճառը, թե թռչող օբյեկտների՝ վաղ մանկության տարիների հիշողություններում վառ տպավորված շռնդալից սուլոցը, որ մի տեսակ առանձնահատուկ էներգիա էր տալիս, Նարեկը դժվարանում է տարանջատել։ Նարեկը մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի երրորդ կուրսի կուրսանտ է։ Շուտով կսկսվեն թռիչքային փորձերը, իսկ առայժմ անհրաժեշտ է անցնել համապատասխան պատրաստություն։

ԶՈՒ ավիացիայի վարչության ծառայության պետ Արտակ Հակոբյանն անձամբ է ղեկավարում ապագա օդաչուների թռիչքների պատրաստության այս փուլը՝ պարաշյուտային թռիչքների անցկացումն ու պարաշյուտից օգտվելու կանոններին տիրապետելը։

Պարաշյուտային թռիչքներին նախորդող օրերին անձնակազմը նախ բուժզննում է անցնում, առողջական վիճակի մասին բժշկի դրական եզրակացությունից հետո թույլատրվում է մասնակցել նախաթռիչքային պարապմունքներին։ Անցկացվում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պատրաստության պարապմունքներ։ Ծառայության հրահանգիչների ղեկավարությամբ զորամասի պարաշյուտային ավանում անցկացվում է վերգետնյա պատրաստություն, որի ընթացքում հնարավորինս իրականին մոտեցված պայմաններում անձնակազմը յուրացնում է թռիչքի ժամանակ գործողությունների հաջորդականությունը։ Թռիչքային անձնակազմի յուրաքանչյուր անդամ հրահանգչի վերահսկողությամբ անձամբ է նախապատրաստում իր պարաշյուտը։

Օրը եռուն աշխատանքային է, նախապատրաստությունը գերուշադրություն է պահանջում և թվում է, թե մթնոլորտը պետք է փոքր-ինչ լարված լինի… Բայց ավիացիան բացառիկ է նաև այս առումով. էմոցիաներ, թեթև թռիչք, ու ազատության վայելքը երաշխավորված է։ Այս զգացողություններն Ալեքսանդրը վայելելու երջանկություն է ունեցել դեռ մանկության տարիներից։ Օդաչուի մասնագիտության ողջ վայելչությունն Ալեքսանդրը տեսնում էր հոր կերպարում։ Ավաղ,  2014  թվականի նոյեմբերի 12-ին  ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվեց  ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, որի հրամանատարը Ալեքսանդրի հայրն էր՝ մայոր Սերգեյ Սահակյանը։

Չնայած բազմամյա փորձառությանը՝ երկնի կապույտում հայտնվելը ամեն անգամ աննախադեպ հաճույք է նաև հրահանգիչների համար։ Ծառայության ավագ հրահանգիչ Լարիսա Սարգսյանը դպրոցական տարիներից է զբաղվում պարաշյուտային սպորտով։ Հետո պարաշյուտը առիթ հանդիսացավ, որպեսզի հանդիպի իր կյանքի ուղեկցին։ Տարիներ անց, երբ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումը հրահանգիչների կարիք ուներ, ամուսինները համալրեցին ԶՈՒ շարքերը։

Փորձություններով, բայց աննկարագրելի զգացողություններով լի ճանապարհ են անցնում ռազմաավիացիոն համալսարանի կուրսանտները՝ անխոնջ ծառայությամբ սպասելով այն օրվան, երբ նրանց կվստահվի հայրենի երկրի օդային սահմանների պաշտպանությունը։

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ