Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԻՏԻ ԳՆԱՄ…



Գագիկ թոռան զոհվելուց 10 օր անց մահացավ Սեդրակ պապը։ Արփիկ տատը ապրեց եւս տասը տարի, սակայն պատահականությամբ, թե նախախնամության կամքով մահացավ նույն ամսին՝ դեկտեմբերին։ Նրանք Զանգեզուրի Տեղ գյուղի ծնունդ էին ու տեղափոխվել-ապրում էին Գորիս քաղաքում։

Աշխարհ բերեցին 5 երեխա` 4 աղջիկ` Աստղիկ, Սեդա, Սվետա, Ալլա եւ մեկ արու զավակ՝ Ստեփան։ 15 թոռ եւ նույնքան էլ ծոռներ ունեն։

Քույրերից ավագը` Աստղիկը, արդեն ութսունի սահմանին է։ Տղաներին` Հակոբին ու Հրանտին սննդի կապոցներով սահման էր ճանապարհում, հետո ընդունում Սվետա քրոջ որդուն` Գագիկին իր մարտական ընկերների հետ։ Հետո մեկ այլ ջոկատ։ Արցախ մեկնող տղաները անպայման հյուրընկալվում էին այդ օջախում, կիսում Աստղիկ մայրիկի ձեռքի հացը։ Երբ պատրաստվում էին գիշերելու՝ սենյակներով մեկ փռում էին ներքնակներն, ու որը քնում էր, որը մինչեւ լույս զրույցի էր բռնվում, պատմում… Այսպես քանի՜-քանի գիշերներ… Հետո եկան փախստականներ` Արցախից, Բաքվից, Սումգայիթից՝ այդ ի՜նչ մայրական հոգատարությամբ էր օգնության ձեռք մեկնում նրանց, օթեւան ու սնունդ բաժին հանում։ Եվ մինչեւ հիմա այդ կապը կա` Գորիս գնալիս նրանք անպայման պիտի այցելեն Աստղիկ մայրիկին…

-Վերջին անգամ, երբ Գագիկս եկավ ու մեր տանը գիշերելուց հետո, առավոտյան պետք է մեկներ՝ ես չէի համաձայնում, վատ կանխազգացում ունեի ու երեւի միակ անգամն է եղել, որ դեմ եմ եղել Գագիկիս գնալուն։ Ասացի. «Գագիկ ջան, ուր-որ է` Հակոբն ու Հրանտը Կոռնիձորից կգան, կզրուցենք, կխոսենք։ Ինչքան ժամանակ է` իրենց չես տեսել»։ Այսպես ուզում էի համոզել այդ անգամ, հետ պահել՝ ախր շատ էր սիրուն, շատ էր ջահել՝ 20-ը դեռ չէր բոլորել։ «Չէ, ասաց, Աստղիկ մորաքույր, պիտի գնամ Զանգեզուրի, ողջ Հայաստանի ճակատագիրը գրվում է Արցախում»։ Այսպես գնաց ու,-… աչքերը սրբելով հոգոց է հանում Աստղիկ մորաքույրը, որը արդեն դարձել է Աստղիկ մեծ տատ։

-Հիմա ապրում եմ ավելի շատ հիշողություններով,- շարունակում է Աստղիկ տատը,- մեր ընտանիքի ամեն մի անդամ, որքանով կարողացավ` իր օգնությունը բերեց մեր ժողովրդի օրհասական պահերին։ Հիմա տղաս՝ Հակոբը, ապրում է Բերձորում՝ իր ազատագրած հողում։ Երբ գնում, ազատ շրջում ես այդ հողերում, նոր ես հասկանում, թե ինչի համար իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հերոս տղաները, իմ Գագիկն ու իր ընկերները՝ Վաչեն, Վարդանը, Ռոստոմը, Ատոմը…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Հոգևոր-մշակութային


25/01/2012