ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
Ենթասպա Նարինե Աբգարյանը ռազմական ոստիկան է: Ավարտել է Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանը: Սակայն մեծ էր սերը զինվորական ծառայության հանդեպ, ու 2020 թվականից նա զինված ուժերում է:
-Զինվորական գործը միշտ սիրել եմ: Հնարավոր է՝ նաև Գալուստ պապս է դերակատարում ունեցել իմ ընտրության հարցում. նա զինվորական է եղել, Հայրենական մեծ պատերազմի մասնակից: Երբ դեռ երեխա էինք, հաճախ էր թոռներին պատմում իր բաժին պատերազմից: Նրա պատմածներից շատ բաներ արդեն աղոտ եմ հիշում, բայց իմ մանկական երևակայությամբ, ընկալմամբ պապս հերոս էր: Նրա կերպարով ոգևորված՝ մտածում էի՝ ե՞ս ինչպես կարող եմ ավելի օգտակար լինել Հայրենիքիս, ազգակիցներիս: Տարիների հետ հասունանալով՝ որոշեցի՝ զինծառայությունն է այն ոլորտը, որում կկարողանամ իմ ներդրումն ունենալ երկրիս պաշտպանության գործում: Անհավատալի է, բայց զինված ուժերում ծառայության անցա 2020 թ. մայիսին, և ընդամենը ամիսներ անց՝ սեպտեմբերին, սկսվեց 44-օրյա պատերազմը:
Նարինեն սեպտեմբերի 30-ից առաջնագծում էր: Կապի ջոկի հրամանատար էր, իր ստորաբաժանման կազմում մարտական գործողությունների է մասնակցել ամենաթեժ կետերում՝ Ջրականից մինչև Քարվաճառ: Ջրականում շրջափակման մեջ են ընկել, ու միայն հրամանատարի հմուտ ղեկավարման շնորհիվ կարողացել են հաջողությամբ դուրս գալ շրջափակումից:
Նարինեն նաև 2022 թ. սեպտեմբերին Իշխանասարի ուղղությամբ մղված մարտերի մասնակից է: Մեկ ամսից ավելի իր ստորաբաժանման կազմով մնացել է տեղանքում, մինչև կհամոզվեին, որ վտանգը չեզոքացված է:
-Փորձել ենք պահել մեր դիրքերը, թշնամուն թույլ չենք տվել առաջ գալ,- պատմում է Նարինեն: -Կարծում եմ՝ այն, ինչ կարողացանք անել, մեծ հաջողություն էր: Տվյալ ուղղությամբ մինչև օրս էլ սահմանն ապահով է:
2023 թվականից նախարարի հրամանով ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում:
-Մեծ հպարտություն է ռազմական ոստիկանությունում ծառայելը: Այստեղ ինձ հարազատի պես են ընդունել: Գոհ եմ նաև այն պատճառով, որ ծառայությունս ուղղակիորեն մասնագիտական կրթությանս է առնչվում: Ներկայումս առավելապես իրավաբանական ոլորտին առնչվող գործառույթներ ունեմ, բայց եթե սահմանին կարիքս լինի, միշտ պատրաստ եմ իմ գիտելիքներն ու փորձը ներդնել հանուն մեր երկրի, իմ ազգակիցների անվտանգության:
Զրույցի ավարտին Նարինեն հավելում է.
-Իմ կյանքում հիմնարար է արդարության սկզբունքը: Անարդարություն տեսնելիս բարությունս հետին պլան է մղվում: Մեր ազգի ընդհանուր պայքարն էլ հենց արդարության համար է: Հայրենիքիս խաղաղություն եմ մաղթում: Նվիրյալ շատ զինվորականներ իրենց կյանքը տվեցին Հայրենիքի ապահով ու խաղաղ ապագայի համար, թող նրանց զոհողությունը ծառայի մեր հզոր ու ամուր երկրի կայացմանը:
Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #16 (1481) 26.04.2023 - 02.05.2023, Ազգային բանակ