Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

3-ՐԴ «ԱՏԱՄՆԱՅԻՆ» ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ



Ասում են` ով ծառայել է բանակում, նա կրկեսում չի ծիծաղում: Բանակային կյանքի, սպաների, ենթասպաների ու զինվորների փոխհարաբերությունների մասին կան բազմաթիվ զավեշտալի պատմություններ: Ներկայացված փաստերից մի քանիսը նման են զավեշտի, սակայն դրանք իրական դեպքեր են, թեեւ երբեմն` տարօրինակ:

Ասում են՝ երբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրող Արկադի Ավերչենկոն թերթերից մեկին ներկայացրեց ռազմական թեմայով պատմվածք, գրաքննիչը ջնջեց «Երկինքը կապույտ էր» արտահայտությունը: Պարզվում է` այդ բառերով թշնամին կարող էր գլխի ընկնել, որ իրադարձությունները կատարվել են հարավում:

♦♦♦

1870-71 թթ. ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ ֆրանսիական բանակում արդեն կային գնդացիրներ: Սակայն ակնհայտ առավելություններով հանդերձ, դրանք չէին օգտագործվում, քանի որ գաղտնիության նկատառումներով զենքի հեղինակները գնդացրորդների համար ուղեցույց չէին գրել:

♦♦♦

Հակոբ I թագավորի ժամանակների Անգլիայում բանակում ծառայելուց խուսափողները շատ էին: Նրանց դեմ պայքարելու համար որոշվել էր՝ ով միապետի հաշվին խմի մեկ գավաթ գարեջուր եւ վերցնի մեկ շիլինգ կանխավճար, ինքնաբերաբար դառնում է զինվոր: Այդ նպատակով զինվորագրողները պետության հաշվին շրջում էին գարեջրատներով, գարեջուր էին հյուրասիրում, իսկ գավաթի հատակին հիշատակված շիլինգն էր: Այնպես որ, դրանից դեռ երկար ժամանակ անց ամեն մի բրիտանացի, որին գարեջուր էին հյուրասիրում, ուշադիր ուսումնասիրում էր գավաթը:

♦♦♦

1812թ. պատերազմի ժամանակ անտեղի զոհվել են բազմաթիվ ռուս սպաներ. այն ժամանակ, ինչպես հայտնի է, ֆրանսերենը Ռուսաստանում չափազանց տարածված էր, եւ որոշ սպաներ դրանից բացի, այլ լեզվի չէին տիրապետում, մինչդեռ հասարակ ժողովրդի ներկայացուցիչ զինվորները մթության մեջ թշնամուն կամ բարեկամին որոշելիս կողմնորոշվում էին ֆրանսերեն խոսքով:

♦♦♦

Նիկոլայ II կայսրը ինքնաձիգ զենք չէր սիրում: Նա կարծում էր, որ գնդացիրների եւ ինքնաձիգների պատճառով բանակը կարող է մնալ առանց փամփուշտների:

♦♦♦

1812թ. պատերազմի ժամանակ ապագա հերոս գնդապետ Երմոլովը գեներալի կոչումն ստացել է շատ ուշագրավ հանգամանքներում. նա այն աստիճանի հանդուգն էր խոսում իրենից բարձր կոչում ունեցող ծառայակիցների հետ, որ նրանք այդ կոչումը Երմոլովի համար պարզապես «կորզեցին» վերադասից: Ամեն դեպքում, նման խոսքեր կոչումով բարձր զինվորականից լսելն ավելի «հաճելի» է:

♦♦♦

Սիամի (այժմ` Թաիլանդ) թագավորներից մեկը նահանջելիս հրամայեց թշնամուն ռմբակոծել ոչ թե թնդանոթի գնդերով, այլ արծաթե մետաղադրամներով: Դրանով նա ամբողջովին կազմալուծեց թշնամուն եւ հաղթեց:

♦♦♦

ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմում կա «3-րդ ատամնային գումարտակ» անվանումով ստորաբաժանում: Այն պատասխանատու է Օկինավայի ռազմաբազայում տեղակայված բոլոր ծովայինների ատամների վիճակի համար: Գումարտակի կազմում են 77 զինվորական ատամնաբույժ, 4 զինվորական բժիշկ, 181 զինվորական ատամնատեխնիկ եւ քաղաքացիական 26 աշխատակից:

♦♦♦

ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում 25 դոլարով հնարավոր է գնել ծովակալի դիպլոմ: Այդ փաստաթուղթն օրինական է եւ իրավունք է տալիս լինելու ամեն տեսակի ռազմանավի հրամանատար: Ճիշտ է, կա մի սահմանափակում` միայն այդ նահանգի տարածքում: Ամեն ինչ պարզ է դառնում, երբ նայում ենք քարտեզին. Նեբրասկա նահանգը գտնվում է ԱՄՆ-ի կենտրոնում, եւ մինչեւ մոտակա ծովը բոլոր ուղղություններով մոտ 2000 կիլոմետր է:

♦♦♦

Շվեյցարիայում բանակային աղավնափոստը վերացվել է միայն 2007 թվականին:

♦♦♦

Մեծ Բրիտանիայում միայն 1947 թվականին են չեղյալ համարել այն մարդու պաշտոնը, որը պարտավոր էր Նապոլեոնի` Անգլիա ներխուժելու պահին կրակել թնդանոթից:

♦♦♦

Անգլո-զանզիբարյան պատերազմը հայտնի է որպես ամենակարճատեւը աշխարհում: Այն տեւել է ընդամենը 38 րոպե: Զանզիբարի կորուստները կազմել են 500 հոգի, Անգլիայինը` 1:

♦♦♦

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աչքի ընկած սերժանտ Ստաբին աշխարհում միակ շունն է, որը մարտական գործողությունների համար պաշտոնապես զինվորական կոչում է ստացել:

♦♦♦

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանացի սպա Ջեկ Չերչիլը ֆաշիստների դեմ նախընտրում էր կռվել նետ-աղեղով ու թրով: Նա իր հետ չէր մոռանում վերցնել նաեւ պարկապզուկ: Քաջարի սպայի ենթակաները նրան կոչում էին Խելագար Ջեկ:

♦♦♦

Չինգիզխանի օրոք մոնղոլական զորքերի անպարտելիության պատճառներից մեկը շատերը համարում են այն, որ զինվորները երբեք չէին լողանում եւ մարմիններին ճարպ էին քսում: Այդ պատճառով նրանց բազմահազարանոց զորքից այնպիսի գարշահոտություն էր փչում, որ թշնամիները չէին դիմանում եւ փախչում էին:

♦♦♦

Ռազմական տարօրինակ միջադեպերից էր Ջենկինսի ականջի համար պատերազմը: Բրիտանիայի եւ Իսպանիայի միջեւ պատերազմը բռնկվեց 1739 թվականին այն բանից հետո, երբ բրիտանական առեւտրանավի հրամանատար Ռոբերտ Ջենկինսը հայտարարեց, որ իսպանացի մաքսավորները կտրել են իր ականջը: Սա կարելի էր անվանել զվարճալի միջադեպ, եթե այդ պատերազմը չտեւեր ինը տարի:

♦♦♦

Ռազմական ինքնաթիռաշինարարները օդանավերի եւ թռչունների ընդհարման հետեւանքները հետազոտելու նպատակով օգտագործում են հատուկ սարք, որը կոչվում է «հավի թնդանոթ»: Այն օգտագործվում է 1950 թվականից:

♦♦♦

Հայտնի ինքնաթիռաշինարար Օլեգ Անտոնովը պարտիզաններին աջակցելու նպատակով 1942 թվականին առաջարկեց A-40-ի` «թեւավոր տանկի» նախագիծը: Ի վերջո, այն մերժվեց իր բազմաթիվ թերությունների պատճառով, եւ այժմ գոյություն ունի դրա միակ նմուշը:

Պատրաստեց ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ենթասպա

Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Պատմության էջերից


25/01/2012