Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՍՆԱԿՑԵԼ ՈՉ ԹԵ ԽՈՍՔՈՎ, ԱՅԼ ԳՈՐԾՈՎ



ՄԱՍՆԱԿՑԵԼ ՈՉ ԹԵ ԽՈՍՔՈՎ, ԱՅԼ ԳՈՐԾՈՎՀանրապետությունում շարունակվում են քսանհինգօրյա վարժական հավաքները, որոնց նպատակն անփոփոխ է՝  բարձրացնել պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական պատրաստության մակարդակն ու մասնագիտական ներուժը:

-Մասնակիցների տրամադրությունը բարձր է, բոլորն էլ գիտակցում են հավաքների կարևորությունը, հասկանում են, որ հայրենանվեր առաքելություն են կատարում,- ասում է ՊՆ ԶԶՀԾ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ, փոխգնդապետ Հայկ Մանթաշյանը:

Զրուցում ենք վարժական հավաքի մասնակիցների հետ: Մեր առաջին զրուցակիցը:

-Ողջունում եմ հավաքների գաղափարը: Արհեստավոր եմ, ժամկետային ծառայության ժամանակ էլ հրաձիգ եմ եղել: Կարծում եմ՝ բոլոր հայ տղամարդիկ պարտավոր են գալ ու մասնակցել հավաքներին, որ, հարկ եղած դեպքում, կարողանան կատարել իրենց առաքելությունը,- ասում է վահագնաձորցի Վահրամ Սարգսյանը:

-Խուսափել չկա: Իմ շրջապատի մարդկանցից խուսափողներ չկան ու չեն էլ լինի,- վստահեցնում է հավաքի մասնակից Գերասիմ Կիրակոսյանը:

Զորակոչվողների մեջ է նաև քառօրյա մարտական գործողությունների մասնակից Հովհաննես Մելիքյանը:

-Նման հավաքների առաջին անգամ եմ մասնակցում: Տրամադրությունս մարտական է: Շատ սիրով ու պատրաստակամորեն եմ գնում պարտքս հայրենիքիս առաջ կատարելու: Ինչքան էլ պետք լինի՝ գնալու եմ,- ասում է նա:

Արման Մնացականյանն էլ, ըստ հավաքների պլանի, գումարտակներից մեկի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն է: Մեր հանդիպման պահին նա իր ապագա ենթականերին օգնում էր համազգեստ ստանալ.

-Անձնակազմը հանդերձանքը ստանալուց հետո կներկայանա համապատասխան ստորաբաժանում, որտեղ կիրականացվի  հաստիքային զենքի և սպառազինության կցագրումը: Իմ խորին համոզմամբ՝ այս հավաքներն իսկապես անհրաժեշտ են, քանի որ մասնակիցները հնարավորություն կունենան թարմացնելու իրենց զինվորական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, ինչն էլ կնպաստի, որ նրանք հմտորեն կատարեն առաջադրված խնդիրները:

ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #12 (1477) 29.03.2023 - 04.04.2023, Ազգային բանակ


31/03/2023