Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ
ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ

ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱՀՀ նախագահի հրամանագրով եւ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մարտի 28-ի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված կոտայքցի զինծառայողների հետմահու պարգեւատրման արարողությունն էր։

Պատվո պահակային վաշտի զինծառայողները ներս բերեցին հայոց եռագույնը, հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Կոտայքի թեմի առաջնորդ տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը աղոթքով ազդարարեց միջոցառման սկիզբը:

Արարողությանը ներկա էին հայրենիքին կյանքը նվիրաբերած հերոսների հարազատները, զինվորականներ, հոգեւորականներ, մարզի համայնքների եւ վարչական շրջանների ղեկավարներ: Հուզմունք, արցունք, հոգու խռովք, անփարատ վիշտ ու հպարտություն միախառնվել էին…

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը իր խոնարհումն ու երախտագիտությունը հայտնեց հերոսածին ծնողներին՝ հայրենասեր ու հայրենապաշտ զավակներ դաստիարակելու համար. «Ցավոտ հպարտություն է, ցավ նրա համար, որ մեր տղաները կյանքի նորամուտին զոհվեցին հանուն մեր հայրենիքի, իսկ հպարտության զգացողություն է բոլորիս հոգիներում, որ թվապես ու սպառազինությամբ գերազանցող թշնամու առաջ նրանք չընկրկեցին, չերկնչեցին: Պատասխանատվության զգացողություն ունենք այդ հերոս տղաների առաջ եւ պարտականություն՝ ավելի ուժեղ եւ հզոր հայրենիք կառուցելու»:

Պետական պարգեւները հերոսածին ծնողներին հանձնեցին ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հարությունյանը: Մեդալների հանձնման արարողության ընթացքում համառոտ ներկայացվեց մերօրյա քաջերի անցած կարճ, բայց խիզախումներով լի հերոսական ուղին:

Ու մեր քաջակորով տղաները սեգ լեռների պես կանգնեցին նենգ ոսոխի դեմ…

Ամեն մեկը՝ մի տան ճրագ,

Ամեն մեկը՝ մի մոր որդի,

Ամեն մեկը՝ մի աղջկա

Երազանքը անապական,

Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան…

Հազար երազանք ու իղձ ունեին իրենց սրտում անթեղած, հազար նպատակ, սակայն կյանքն այդքան սիրող, կյանքով լեցուն տղերքը առանց վարանելու ամենաթանկը նվիրաբերեցին հայրենիքին, իրենց կյանքը դարձնելով վահան…. Ու յուրաքանչյուրը փառքի ու հերոսության նոր էջ գրեց մեր պատմության ոսկե մատյանում։ Հավերժի ճամփորդներ ու հավերժ ներկա՝

Վալերի Սարգսյան

Միքայել Պողոսյան

Ռոբերտ Հայրապետյան

Նորիկ Պետրոսյան

Կարեն Ավետիսյան

Արսեն Առաքելյան

Վարդան Աբրահամյան

Շահեն Սիրեկանյան

Աշոտ Համբարձումյան

Արամ Պետրոսյան

Յուրի Հունանով

Ռուբեն Պողոսյան

Վազգեն Անդրեսյան

Սերյոժա Ղազարյան

Գոռ Գևորգյան

Պարույր Քերոբյան

Արտյոմ Պարունակյան

Արայիկ Ներսեսյան

Կարեն Խուրշուդյան

Վահե Նազարյան

Բորիս Կարախանյան

Սամսոն Կոստանդյան…

Քաջորդիները չեն մահանում, նրանք անմահանում են։ Նրանց թողած լուսավոր հետագիծը մնում է որպես պատգամ հայրենասիրության, քաջության, հայրենիքին անմնացորդ նվիրվելու։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ