Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բելառուսական կողմի խնդրանքով կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը Բելառուսում, ինչպես Միացյալ Նահանգները վաղուց անում է իր դաշնակիցների տարածքում։ ՌԴ նախագահի խոսքով՝ դա կարվի առանց միջուկային զենքի չտարածման ռեժիմը խախտելու, իսկ Մինսկը չի ստանա վերահսկողություն միջուկային լիցքերի նկատմամբ: Նա նաև հայտնել է, որ Մոսկվան արդեն Մինսկին է հանձնել միջուկային զենք կրելու կարողությամբ «Իսկանդեր» համալիրներ, տեղակայվել են նաև 10 ինքնաթիռներ, որոնք նույնպես ունակ են մարտավարական միջուկային զենք կրելու։ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի շինարարությունը կավարտվի հուլիսի 1-ին։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Անաբել Գոլդին հայտարարել էր Ուկրաինային սպառված ուրանով արկեր մատակարարելու մտադրության մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նշել էր, որ Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել, քանի որ Արևմուտքը սկսում է միջուկային բաղադրիչով զենք օգտագործել։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին. «Ռուսաստանին հասցվել է պատժիչ հարված, որին հավասարը դեռ չի եղել նորագույն պատմության մեջ»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ռազմական դաշինք չեն ստեղծում, պարզապես զարգացնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական։ Միևնույն ժամանակ, նա կարծում է, թե արևմտյան երկրները փորձում են ստեղծել «գլոբալ ՆԱՏՕ»՝ աշխարհի նոր տարածաշրջանների մասնակցությամբ։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գնահատմամբ՝ ԱՄՆ-ը վաղուց «չեմպիոն» է դարձել աշխարհի տարբեր մասերում սանձազերծած պատերազմների թվով եւ այլ պետությունների ինքնիշխանության խախտումներով:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի աջակցել Չինաստանի, Բելառուսի, Վենեսուելայի, ԿԺԴՀ-ի, Նիկարագուայի, Սիրիայի եւ Էրիթրեայի հետ համատեղ Ռուսաստանի առաջարկած բանաձեւին, որում առաջարկվում է միջազգային հետաքննություն սկսել 2022 թվականի սեպտեմբերին Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից Գերմանիա անցնող «Հյուսիսային հոսք» գազատարներում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ։ Գերմանիան, Դանիան եւ Շվեդիան շարունակում են գազատարների պայթյունների վերաբերյալ ազգային հետաքննությունները, որոնք էլ Անվտանգության խորհրդի շատ անդամների համար ձեռնպահ քվեարկելու պատճառ են դարձել։ Ռուսաստանը ՄԱԿ-ում իր բանաձեւը ներկայացրել է ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշի հետաքննության հրապարակումից հետո, որը պնդել է, թե՝ «Հյուսիսային հոսքերում» պայթեցումների կազմակերպիչը ԱՄՆ-ն է։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մարտի 20-22-ը պետական այցով մեկնել է Ռուսաստան, բանակցություններ է վարել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանն առաջին երկիրն է, ուր նա այցելել է երրորդ ժամկետով նախագահ վերընտրվելուց հետո։ Պետությունների ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ համագործակցությունը, այնպես էլ Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ խնդրի կարգավորման համար Պեկինի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագիրը։

Բանակցությունների ավարտին երկու կողմերը կարևոր հայտարարություններ են արել։ Մասնավորապես՝ Չինաստանը Ռուսաստանի հետ վճռական է պաշտպանելու ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային համակարգը եւ հսկելու աշխարհակարգի պահպանումը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Ռուսաստանն ու Չինաստանը հայտարարել են միջուկային պատերազմի սանձազերծման անթույլատրելիության մասին։ Ձեռք են բերվել տնտեսական և քաղաքական փոխգործակցության շուրջ կարևոր պայմանավորվածություններ, իսկ Սի Ծինփինը նշել է, որ ՌԴ-ի հետ գործընկերության զարգացումը գերակա կլինի Չինաստանի համար։ Սի Ծինփինը՝ որպես պետության ղեկավար, 2013 թվականից հետո ութ անգամ այցելել է Ռուսաստան՝ ավելի շատ, քան ցանկացած այլ երկիր։ Տասը տարիների ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը տարբեր ձեւաչափերով հանդիպել են ավելի քան 40 անգամ։

Արաբական ծովում անցկացվել են եռակողմ ռազմածովային զորավարժություններ՝ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի ռազմանավերի եւ մատակարարող նավերի մասնակցությամբ։ Զորավարժության մասնակիցները մշակել և իրականացրել են տարբեր համատեղ և փոխլրացնող գործողություններ՝ պարեկություն, ծովային և օդային թիրախների ոչնչացում ցերեկային և գիշերային ժամերին, պատանդներով նավի ազատ արձակում և այլն:

ՄԱԿ-ը հաստատել է հացահատիկային գործարքի երկարաձգումը 60 օրով, ինչը հնարավորություն է տալիս անվտանգ արտահանելու ուկրաինական հացահատիկը սևծովյան մի քանի նավահանգիստներից։ Ռուսաստանը Արևմուտքից պահանջում է մեղմացնել պատժամիջոցները ռուսական գյուղատնտեսության մատակարարումների շղթայի նկատմամբ գործարքը հետագայում երկարաձգելու համար:

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի դատախազի եւ դատավորների դեմ, որոնք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու կարգադրություն են տվել։

Ռուսաստանն աստիճանաբար զարգացնում է աֆրիկյան պետությունների հետ համագործակցությունը։ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ դուրս է գրել աֆրիկյան երկրների ավելի քան 20 մլրդ դոլարի պարտքը, իսկ փոխադարձ ապրանքաշրջանառությունը հասել է գրեթե 18 միլիարդ դոլարի՝ հետագա ավելացման միտումով։

Ուկրաինայում Ռուսաստանի նպատակներին այս պահին հնարավոր է հասնել միայն ռազմական ճանապարհով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիան ապրիլի վերջին կներկայացնի աշխարհում առաջին անօդաչու սարքը, որը կարող է թռիչք եւ վայրէջք կատարել նավերի վրա՝ կարճ թռիչքուղով։ Այն կարող է 1,5 տոննա բեռ կրել, թռիչքի առավելագույն արագությունը 900 կմ/ժ է, հեռահարությունը՝ 930 կմ, թռիչքի տեւողությունը՝ 5 ժամ։

Փարիզի Առեւտրի միջազգային պալատի արբիտրաժային դատարանը հօգուտ Իրաքի վճիռ է կայացրել Թուրքիայի դեմ հայցով, որով վիճարկվում էր Իրաքյան Քրդստանից այդ երկրի տարածքով նավթի արտահանումը: Իրաքյան կողմը պնդում էր, որ Թուրքիան խախտել է 1973 թվականի կնքված խողովակաշարով տարանցման համաձայնագիրը։ Գործը քննվել է գրեթե ինը տարի։ Վճռի ընդունումից հետո Թուրքիան պաշտոնապես հայտնել է Իրաքի դաշնային կառավարությանը, որ դադարեցրել է Իրաքյան Քրդստանից նավթի տեղափոխումը։

Անկարայում Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Ֆրանսիայի Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգեւատրելուց հետո։ Վերջիններին Անկարան ահաբեկիչներ է համարում։

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, տեղական արտադրության առաջին «Ալթայ» մարտական տանկերը կստանան։ Այժմ տանկերի վրա տեղադրված են կորեական նախագծման ուժային բլոկներ, թուրքական բաղադրիչը պատրաստ կլինի մինչեւ 2026 թվականը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է, որ Թուրքիան պետք է ստանա ամերիկյան F-16 կործանիչների արդիականացված տարբերակը, քանի որ դա կամրապնդի ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը։

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու մայիսի 14-ի ընտրություններում։ Էրդողանի հիմնական հակառակորդը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքից» միասնական թեկնածու Քեմալ Քիլիչդարօղլուն է:

Թուրքական Turkish Aircraft Industries (TAI) ավիաընկերությունը ցուցադրել է ցածր տեսանելիության տեխնոլոգիայով նախագծված ANKA-3 անօդաչուն։ Այն իր չափսերով համադրելի է թեթեւ կործանիչի հետ, նախատեսված է հարվածային, դիտորդական, ռադիոէլեկտրոնային պայքարի համար։ ANKA-3-ը նախատեսվում է կիրառել թուրքական հեռանկարային սթելս-կործանիչի հետ։

Նախնական տվյալներով՝ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժերի հասցրած վնասը գերազանցել է 104 մլրդ դոլարը։

 

ԻՐԱՆ

Իրանը պատրաստ է վերականգնել տնտեսական հարաբերությունները Մերձավոր Արևելքի տարածաշրջանի բոլոր արաբական երկրների հետ՝ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագրից հետո։ Այժմ էլ հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցություններ են ընթանում Բահրեյնի հետ։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Պեկինը կաջակցի Էր Ռիադի եւ Թեհրանի միջեւ հետագա երկխոսությանը: Նա ողջունել է Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունների կարգավորումը և հույս հայտնել, որ գործընթացը կշարունակվի Պեկինում կայացած երկխոսության արդյունքների հիման վրա։

Իրանի ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Մոհսեն Խոջաստեփուրը հայտնել է, որ նավթի եւ գազի արդյունահանումը 50%-ով ավելացնելու համար անհրաժեշտ է 89 միլիարդ դոլարի ներդրում նավթի եւ 71 միլիարդ դոլարի ներդրում գազի արդյունահանման ոլորտում։ Նա նաև նշել է, որ իրենց օրակարգում աշխարհի 10 խոշորագույն նավթահանքերից մեկի՝ Ազադեգանի նավթահանքի շահագործումն է։ Հանքավայրից նավթի օրական արդյունահանումը արդեն 200 հազարից հասել է 570 հազար բարելի։

Իրանը կարող է ատոմային ռումբի համար բավարար վառելիք արտադրել առնվազն երկու շաբաթում, հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին։

Նա ընդգծել է՝ ԱՄՆ-ը հաստատակամ է թույլ չտալու Իրանում միջուկային զենքի ստեղծումը: Այդ նպատակով ԱՄՆ զինված ուժերը մի քանի տարբերակ են մշակել երկրի ղեկավարության համար:

Իրանը եւ Ռուսաստանը շահագրգռված են, որ Թեհրանը դառնա ռազմավարական տնտեսական հանգույց։

Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ Ասիայի պետությունների հետ Թեհրանի կապերը զգալի աճ են գրանցել։

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի եւ Թուրքիայի չորս կազմակերպությունների եւ երեք քաղաքացիների դեմ՝ նրանց մեղադրելով Եվրոպայից իրանական անօդաչուների եւ այլ զինատեսակների արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների եւ շարժիչների գնման հարցում։ Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր կիրառել Չինաստանում տեղակայված նմանատիպ ցանցի դեմ։

 

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) սկսել է ղազախական նավթի տարանցումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով:

2023 թ. առաջին երկու ամսում Ադրբեջանը գազի արտահանումը 2022 թ. հունվար-փետրվարի համեմատ ավելացրել է 13 տոկոսով՝ հասցնելով 4,3 մլրդ խորանարդ մետրի։ Եվրոպան ստացել է 1,9 մլրդ խորանարդ մետր գազ՝ բոլոր մատակարարումների 44 տոկոսը։ Միևնույն ժամանակ, Թուրքիա գազի մատակարարումները կազմել են 1,7 մլրդ խորանարդ մետր՝ ամբողջ արտահանման 40 տոկոսը, Վրաստան՝ 0,7 մլրդ խորանարդ մետր՝ արտահանման 16 տոկոսը։

Հակառուսական պատժամիջոցների ֆոնին Ադրբեջանը 2022 թ. 18 տոկոսով ավելացրել է գազի արտահանումը՝ հասցնելով 22,3 մլրդ խորանարդ մետրի, Եվրոպա մատակարարումները կազմել են 11,4 մլրդ խորանարդ մետր՝ ավելացումը կազմել է 39 տոկոս։

Ադրբեջանի 2023 թ. պլանները նախատեսում են ավելի քան 24 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարում, եվրոպական ուղղությամբ նախատեսված է այդ ծավալի մոտ կեսը։

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ