Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՀԱՄԱԼՐԵՆ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ



ԿՀԱՄԱԼՐԵՆ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸՍովորել, հմտանալ ու կայանալ որպես բանիմաց մասնագետ։ Այս գիտակցումով ու պատասխանատվության բարձր զգացումով կրտսեր հրամանատար դառնալու ճանապարհն են անցնում ուսումնական զորամասի զինվորները։

Վարժադաշտում հայրենիքի նորօրյա պաշտպանների գործնական պարապմունքների սկզբնական փուլն սկսվել է, ինչին աստիճանաբար կհաջորդեն մարտական զենքին  հմտորեն տիրապետելուն և այն անվտանգ կիրառելուն ուղղված ավելի բարդ ուսումնական առաջադրանքները։

-Օրերն անցնում են ծանրաբեռնված, հագեցած: Մենք տրամադրված ու լրջորեն ենք կպել գործին,- ասում է շարքային Արմեն Գրիգորյանը:

-Մեզ հետ պարապող, մեզ վարժեցնող սպաներից շատ գոհ ենք,- ընկերոջ խոսքն է շարունակում շարքային Արթուր Կարակոչյանը:

Ռազմական գործի առանձնահատկությունները սերտելու արդյունքները տեսանելի կլինեն ամիսներ անց, երբ այսօրվա կուրսանտներն արդեն որպես կրտսեր սերժանտներ կանցնեն պարտականությունների կատարմանը իրենց հիմնական զորամասերում։ Նրանք համոզված են, որ եթե կա ցանկություն, նվիրում ու պատրաստակամություն՝ ցանկացած դժվարություն հաղթահարելի է։

-Ծառայությունը շատ լավ է անցնում, նոր գիտելիքներ ենք ձեռքբերում՝ թե՛ տեսական, թե՛ գործնական,- ներկայանում է Նարեկ Կարապետյանը:

Լսարաններում, ըստ զինվորական մասնագիտությունների, անձնակազմը ծանոթանում է հաստիքային պարտականություններին։ Ուսումնանյութական հարուստ բազան ու դասավանդման հետաքրքիր ձևաչափը թույլ են տալիս արագ ու խորացված ուսուցմամբ հասնելու վերջնանպատակին։

-Ջանք ու եռանդ չեմ խնայում լավ սովորելու համար,- ասում է տանկիստ Վարդգես Մերթարչյանը:

-Ես էլ դառնալու եմ տանկի լավ հրամանատար: Վստահ եմ, որ արդյունքը գոհացնող է լինելու,- շարունակում է Հարություն Մխիթարյանը:

Լսարաններից մեկում կրակային պատրաստություն առարկայից տեսական դասընթաց է։ Նորակոչիկները յուրացնում են իրենց հաստիքային զենքերի մարտավարատեխնիկական բնութագրերը, հրահանգավորվում զենքի ճիշտ և անվտանգ կիրառման կանոնների վերաբերյալ։ Կուրսանտներն արդեն մասնակցել են գործնական հրաձգության, արդյունքները հուսադրող են։

-Դասաժամերին շատ ակտիվ են, լավ տրամադրված սովորում են, դժվարություններից էլ չեն սրտնեղում,- ներկայացնում է դասակի հրամանատար Մարիամ Մակյանը:

Լսարանային դասերի կարևորագույն բաղկացուցիչն են նաև  ուսումնական վարժասարքերով պարապմունքները: Այստեղ մասնագիտական հմտություններն է ամրապնդում ՀՄՄ-ի անձնակազմը։ Կուրսանտները ծանոթանում են հրաձգության վարժության պայմաններին ու առանձնահատկություններին՝ ըստ ցերեկային և գիշերային ժամերի, պատրաստվում խնդրի կատարմանը հայտնվող և շարժվող նշանակետերի ուղղությամբ։

Այսպիսին է կուրսանտների ուսումնական առօրյան։ Նրանք համոզված են՝  լավագույն արդյունքի հասնելու համար  պետք է լավ սովորել և ռազմական գիտելիքների հարուստ պաշարով համալրել բանակի կրտսեր հրամանատարների շարքերը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #11 (1476) 22.03.2023 - 28.03.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/03/2023