Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԴՈՒ ԻՄ ԿՅԱՆՔՆ ԵՍ, ԲԱՅՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԹԱՆԿ Է ԿՅԱՆՔԻՑ»



«ԴՈՒ ԻՄ ԿՅԱՆՔՆ ԵՍ, ԲԱՅՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԹԱՆԿ Է ԿՅԱՆՔԻՑ»Վաղուց ես մի ասորական երգ եմ լսել զինվոր տղայի ու նրան սպասող աղջկա՝ Աթուրինայի մասին: Գեղեցիկ, հուզիչ մեղեդի էր: «Դու իմ կյանքն ես, բայց հայրենիքը թանկ է կյանքից»՝ գետնատնակում երգում էր ասորի զինվորը:

-Գիտե՞ք զինվորի երգը Աթուրինայի մասին,- հարցնում եմ Սերգեյ Միխայլովին: Տղամարդը բացասաբար օրորում է գլուխը:

-Ափսոս,- ասում եմ,- սրտառուչ երգ է: Կուզեի էլի լսել:

-Առանց երգի էլ զինվոր ու հայրենիք բառերը հուզում են: Կամ գուցե ինձ այդպես է թվում, որովհետև որդիս՝ Միխայիլը, սահմանին է: Մեր տանը երեք տղամարդ կա՝ ես ու երկու որդիներս: Ես 90-ականներին եմ պաշտպանել հայրենիքս, ավագ որդիս՝ Անդրեյը, 2020-ին է զորացրվել, կրտսեր որդիս էլ յոթ ամսվա ծառայող է: Տղամարդու կյանքի ճանապարհը պիտի բանակով անցնի:

Սերգեյն աթոռը հենում է ծիրանենու բնին ու նստում:

-Բանակային տարիներս հիշեցի: Հորադիզում էի ծառայում, 1996 թվականն էր: Պատերազմը նոր էինք ավարտել, անկախ երկիր ու բանակ էինք կառուցում: Հազար պակասություն կար, հազար հոգս ու դժվարություն, բայց գիտեինք՝ հանուն ինչի ենք դիմանում: Բանակի արժեքն էլ գիտեինք, միասնության ուժն էլ:

Անդրեյս 2018-ին զորակոչվեց: Մեր զավակները մեզ լսելով չեն դաստիարակվում, այլ մեզ տեսնելով: Վստահ էի, որ տղաս իր արժանապատվությունն ու հպարտությունը ամեն ինչից բարձր է պահելու: Վարանդայում ծառայեց, տանկային զորամասում: Երբեք չխոսեց դժվարության մասին, երբեք չբողոքեց, երբեք ոչինչ չխնդրեց մեզնից: Ես մի բառ ունեմ՝ տղավարի: Որդիներս գիտեն, թե որն է տղավարին: Տղան պիտի իր պատիվը ամեն ինչից վեր դասի: Պիտի ինքնուրույն լուծի իր խնդիրները: Պիտի պաշտի իր ծնողներին, պիտի հարգի ծերերին, պիտի մեծարի կանանց ու պաշտպանի փոքրերին:

-Իսկ հայրենի՞քը..

«ԴՈՒ ԻՄ ԿՅԱՆՔՆ ԵՍ, ԲԱՅՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԹԱՆԿ Է ԿՅԱՆՔԻՑ»-Պատվի մասին ասածս հայրենիքի մասին էր: Եթե տունդ պաշտպանված չի, էլ ի՞նչ պատիվ… Յոթ ամիս է, ինչ կրտսեր տղաս՝ Միխայիլը, զինվոր է: Որդիներս շատ տարբեր են խառնվածքով: Անդրեյս երգիչ է, արվեստագետի հոգի ունի, խաղաղ է, մեղմ, Միխայիլս կտրուկ է, բռնկուն, երևի զինվորական ծառայությունն ավարտելուց հետո մնա համակարգում… Տարբեր են, բայց տղավարի վարքը երկուսի համար էլ պարտադիր է:

Զարմանալի է. Սերգեյ Միխալյովի ձայնն ինձ աստիճանաբար հիշեցնում է վաղուց մոռացված ասորական երգը: Ասես՝ մի կախարդական ձեռք մեղմ ու տարտամ նվագում է գլխիս մեջ:

-Ո՞ր հայրենիքի մասին էր երգում ասորի զինվորը,- հարցնում եմ Սերգեյին: Նայում է զարմացած:

-Եթե հարցնեիք, անպայման կասեր, որ Հայաստանում ապրող ասորիները միայն մի հայրենիք ունեն՝ Հայաստանը: …. Իմ պապերը այս հողի վրա ապրում են արդեն երկու դար:

-Դվինո՞ւմ…

-Հենց Դվինում: Իմ նախնիների մի քանի սերունդ տուն է կառուցել այս հողի վրա, հաց է քամել այս հողից, ապրել է, աշխատել, արարել, սիրել, երազել… հետո ձուլվել է այս հողին: Այսպես է հողը Հայրենիք դառնում: Սիրելով: Հայաստանը նրանն է, ով պատրաստ է կյանքը տալ Հայաստանի ազատության համար:

Օրը տաք է, հողից գոլորշի է բարձրանում: Ծառերի մերկ ճյուղերը ձգվում են դեպի արևը: Ամենուր այգիներ են:

-Հողն է մեզ ապրեցնում,- ասում է Սերգեյը,- գարունը բացվում է, հողի հետ ենք մինչև խոր աշուն: Անգիր գիտենք մեր հողի լեզուն:

Ո՞նց մի երկու բառ չսովորեցի ասորերեն՝ մտածում եմ, հայկական բանակում ծառայած, հայկական բանակին երկու զինվոր տված Սերգեյ Միխայլովին կբարևեի իր լեզվով: Փոխարենը ժպտում եմ՝ հոգուս ամբողջ ջերմությունն ու գորովանքը դրած ժպիտիս մեջ:

«ԴՈՒ ԻՄ ԿՅԱՆՔՆ ԵՍ, ԲԱՅՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԹԱՆԿ Է ԿՅԱՆՔԻՑ»-Հայերը շատ խաղաղասեր, հյուրընկալ, բարի ժողովուրդ են:

Երևի ժպիտս տրամադրեց՝ մտածում եմ, իսկ Սերգեյը շարունակում է.

-Մենք հայերի կողքին մեզ միշտ էլ զգացել ենք ինչպես սեփական տանը: Մեր երեխաները դպրոցում սովորում են ասորերեն, փորձում ենք պահպանել մեր մշակույթը՝ պարերը, երգերը, սովորույթները… Մենք շատ նման ենք հայերին: Ես ինքս հայկական եկեղեցում եմ մկրտվել: Բազմաթիվ սովորույթներ ընդհանուր են մեզ համար: Գուցե դա է պատճառը, որ այդքան ամուր ենք կապվել միմյանց: Հայ-ասորի խառնամուսնությունները սովորական են դարձել: Տարբերություններ էլ ունենք, օրինակ, մեր Նոր տարին գալիս է ոչ թե հունվարին, այլ ապրիլի 1-ին: Անդրեյս երաժշտական կրթություն է ստանում, մեր գյուղի մշակույթի տանը երգի-պարի խումբ ունի, որտեղ հավասարապես սովորեցնում է ասորական ու հայկական ժողովրդական պարեր ու երգեր:

Ես հիշել եմ ասորի զինվորի երգը ու դնդնում եմ քթիս տակ. «Աթուրինա՛, դու իմ կյանքն ես, բայց հայրենիքս թանկ է կյանքից»:

Ասորերեն եմ երգում:

– Բառերը ճի՞շտ եմ ասում,- հարցնում եմ ու շարունակում երգել. «Դու ինձ սպասիր, Աթուրինա՛, ասորի աղջիկ, ու ես հերոս կդառնամ սահմանին»:

Սերգեյ Միխայլովը ժպտում ու գլխով է անում:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #09 (1474) 08.03.2023 - 14.03.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


13/03/2023