Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՄԻ ԲՈՒՌ ՀՈՂ»
«ՄԻ ԲՈՒՌ ՀՈՂ»

«ՄԻ ԲՈՒՌ ՀՈՂ»Նվիրվում է հանուն հայրենիքի մարտնչած բոլոր հայորդիներին

 

Տղան այգու նստարանին նստած մտորում էր: Միշտ էլ սիրել էր զբոսնել բնության գրկում, նստել, պառկել խոտերի մեջ, զմայլվել արեւով, երգ լսել, գիրք կարդալ, ստեղծագործել: Սակայն վերջին շրջանում նա տխուր էր: Բանակից զորացրվել էր ամիսներ առաջ՝ ժամկետից կես տարի շուտ: Ծառայությունն անցկացրել էր վտանգավոր սահմանագոտում, եւ շուտ զորացրվելու պատճառը կանխված դիվերսիայի ժամանակ ստացած վիրավորումն էր:

Զինակից ընկերներ էր կորցրել մարտի դաշտում, որոնց ծնողների աչքերին նայելը դժվար էր: Ընկերների հուղարկավորությանը չէր մասնակցել. վիրավոր պառկած էր հոսպիտալում: Նրանց մարմինները տուն էր ուղեկցել զորամասի հրամանատարի տեղակալը, որին եկել էին տեսակցելու մարտական ընկերները, հիշելու տասնամյակներ առաջ կրած տառապանքները, միասին կերտած հաղթանակները, որոնց պահպանումը այսօր անկախության սերնդի պարտականությունն է: Իսկ իրեն տեսակցելու էր եկել զորամասի հրամանատարը եւ հանձնել մեդալը, որից ընկերները հետմահու էին ստացել: Հրամանատարը հանձնել էր նաեւ  զինվորական գրքույկը եւ ասել, որ այսքանով ավարտված է ծառայությունը…

***

Իրադարձությունների անսպասելի ընթացքը փոխել է երիտասարդի ապագայի ծրագրերը, աշխարհայացքը, բնավորությունը: Երբեմնի խանդավառ, կայտառ երիտասարդն այժմ դարձել է ինքնամփոփ, լռակյաց, թախծոտ:

Ականջներում դեռ պայթող արկերի ձայներն են:

Մի օր էլ մթնեց. նա ուղեւորվում է տուն, որտեղ իրեն սպասում է ընտանիքը:

«Եռաբլուրում» է:

Իր կյանքում կարեւոր փոփոխություններից առաջ եկել է այստեղ: Հիշում է Մոնթեի ծննդյան օրը, զոհված օդաչուների հուղարկավորությունը, զորակոչվելուց առաջ այստեղ գալը, հերոսների շիրիմներին ծաղիկներ դնելը: Հիշում է, թե ինչպես ուրախացավ մի հերոսի մայր, երբ ծաղիկ դրեց նրա որդու շիրմաքարին:

Այժմ այցի է եկել իր զոհված ընկերներին:

***

Զորակոչվելուն հաշված օրեր էին մնացել: Արցախ աշխարհ, մի վայր, որտեղ եղել էր ընդամենը մեկ անգամ, բայց հասցրել էր շատ բան տեսնել եւ սիրահարվել բնությանը: Ուսումնասիրում էր Արցախի քարտեզը, հատկապես հյուսիսային սահմանամերձ շրջանները:

Չէր սխալվում…

***

Զորամասում խաչքարեր եւ հուշարձաններ են կանգնեցված նորօրյա հերոսների հիշատակին: Ծանոթ անուններ, որոնց մասին լսել, կարդացել էր համացանցում: Նույն վայրում էր հերոսացել իր ծննդավայրում ծնված անորսալի հետախույզը: Այժմ նրան բախտ էր վիճակվել պաշտպանելու նույն մարտական դիրքը, որի պաշտպանության համար զոհվել էին իրեն ոգեշնչած հերոսները:

***

Տարիներ են անցել զորացրվելուց: Նա կրկին իր զորամասում է: Ծանոթ սպաներից գրեթե ոչ մեկը չի մնացել. ոմանք զորացրվել են, ոմանք էլ՝ տեղափոխվել այլ զորամասեր: Հարազատ սպաներից միայն մեկին է հանդիպում:

Դատարկաձեռն չի եկել. ռազմարվեստի մասին նոր գիրք է բերել: Ցանկանում է ավագ զինակից ընկերոջ հետ լինել մարտական դիրքում, որտեղ տեղի էր ունեցել դիվերսիայի փորձը:

***

Սահմանից հեռու քաղաքում բնակվելն այլեւս դուր չի գալիս նրան: Ցանկանում է զգալ, թե որտեղից է սկսվում պետությունը: Որոշում է տեղափոխվել իր նախնիների սահմանամերձ գյուղը, վերանորոգել պապական տունը եւ ապրել այնտեղ: Նրա փայլուն ապագային հավատացող ընտանիքը մեծ դժվարությամբ է համաձայնում:

***

Զոհված ընկերների ընտանիքները որոշել են մարտական դիրքում նրանց հիշատակին հուշակոթող տեղադրել: Սիրով միանում է նախաձեռնությանը: Հուշակոթողի վրա անհրաժեշտ է թեւավոր խոսք փորագրել: Քննարկում են բազում տարբերակներ: Ծառայության ընթացքում իր հնչեցրած՝ «Մի բուռ ազգ ենք՝ մի բուռ հողի վրա» խոսքերն արժանանում են զոհված ընկերների հարազատների եւ զորամասի հրամանատարության հավանությանը:

Հուշակոթողի բացման ժամանակ նա արտասանում է. «Մի բուռ ազգը, որն ապրում է հազարամյակներ շարունակ իրեն պատկանած, իր հոգեկերտվածքը բնորոշող մի բուռ հողի վրա, պիտի պահպանի  այդ մի բուռ հող-հայրենին եւ  միշտ առաջ շարժվի»:

Այսուհետեւ նա հավերժ կապված է իր զորամասին, իր մարտական դիրքին, որից վերցրած մի բուռ հողը նրան հաճախ կբերի այստեղ:

 

ՍԼԱՎԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ