Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԾ ՊԱՀՔ
ՄԵԾ ՊԱՀՔ

ՄԵԾ ՊԱՀՔՀամաձայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնածիսական համակարգի՝  տարվա մեջ կան Տաղավար տոներին նախընթաց շրջաններ, որոնք համարվում են պահոց օրեր։ Այդ շրջաններից մեկը Սուրբ Հարության (Զատիկ) տոնին նախորդող քառասունութ օրերն են (Աղուհացից շրջան), որի ժամանակ քրիստոնյան, հրաժարվելով կենդանական ծագման կերակուրներից  (մսեղեն, ձկնեղեն, կաթնեղեն, ձու) և մեղսավոր արարքներից, փորձում է ինքնաքննության միջոցով ճանաչել իր հոգևոր էությունը՝ թուլացնելով մարմնական ցանկություններն ու ստանալով հոգևոր սնունդ։

Մեր նախահայր Ադամի գործած մեղքի արդյունքում մարդը կորցրել է Աստծո հետ անմիջական շփվելու, աստվածային տեսանելի ներկայության մեջ լինելու հնարավորությունը։ Տարվելով մարմնական արատավոր երևույթներից բխող գայթակղություններով՝ մեզնից ամեն ոք կարիք ունի հարատև աղոթքի և մարմնավոր հաճույքները թողնելու միջոցով մերձենալու Տիրոջը՝ վերագտնելու դրախտային երանավետ կյանքի շնորհը, արժանի դառնալու Աստծո մեծափառ սիրո ճաշակմանը։ Պահեցողությունն օգնում է մարդու անհատական հոգևոր պտղաբերմանը, նպաստում է մեր մեջ  զարգացնելու այն առաքինությունները, որոնք մեզ համար դառնում  են անհասանելի՝ անժուժկալ և մարմնահաճո կենցաղավարության պատճառով։ Մեր Եկեղեցու հայրերից սուրբ Հովհան Ոսկեբերանը (347-407 թթ.) պահքը համարում է «առաքինությունների ուսուցչուհի», որով ներհոգեկան արատներին տրվում է սպեղանի, հոգևոր դեղամիջոց. «Պատրաստվելով ընդունել այս հոգևոր դեղամիջոցը, այսինքն՝ այն օգտակարությունը, որ առաջանում է պահեցողությունից, պետք է ժուժկալությամբ մաքրենք մեր միտքը և թեթևացնենք մեր անձը, որպեսզի անժուժկալությամբ աղտոտված պահեցողությունը չդառնա մեզ համար անօգուտ ու անպտուղ: Պահքը հոգու սնունդ է: Եվ ինչպես մարմնավոր կերակուրը պարարտացնում է մարմինը, այնպես էլ պահքն ամրացնում է հոգին, հաղորդ է անում նրան թեթև թռիչքի, ընդունակ է դարձնում վեր բարձրանալու և երկնայինը խորհելու՝ բարձրացնելով վեր այս կյանքի հաճույքներից և քաղցրություններից: Քանի որ հարբեցողությունն ու որկրամոլությունը ծանրացնում են մեր միտքը և մարմինը՝ գերության մատնելով հոգին»:

Մեծ Պահքի ժամանակ մարմնական կերակուրներից հրաժարվելուց զատ պետք է ուշադրություն դարձնել կենցաղային կյանքին, առօրյայում տարածում գտած սովորություններին, առօրեական զանազան հարաբերությունների կերպերին, փորձել հնարավորինս նվազեցնել շփումները այնպիսի մարդկանց հետ, որոնք կարող են մղել չարագործության և տեսակ-տեսակ անպարկեշտ արարքների։ Սա հոգևոր կյանքի խորը զգացողության լավագույն շրջանն է, երբ մեղքերից ազատագրվելով, կանգնում ենք Տիրոջ առջև՝ հայցելու Իր՝ Բարերարի ապաքինող ողորմությունը, որպեսզի մեր ընթացքը շարունակենք քրիստոնեական սիրո և հավատի բարձր գիտակցությամբ։ Մեղքից հրաժարում և առաքինի կյանքի որդեգրում. ահա Մեծ Պահքի խորհուրդի համառոտ բանաձևումը։ Միջնադարյան վարդապետարաններից Տաթևի դպրոցի րաբունապետ սուրբ Գրիգոր Տաթևացին հետաքրքրական համեմատությամբ է բացատրում մեղքից հրաժարվելու կարևորությունը. «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում»։

Պահեցողության ընթացքում, սակայն, չպետք է մարդկանց առջև երևալ տրտմերես ու ամենուր տարփողել դրա մասին (ինչպես որ ընթերցում ենք Մատթեոսի Ավետարանի 6-րդ գլխում), այլ հնարավորինս պետք է Աստծո առջև ապաշխարության և զղջման սրտաջերմ աղոթքներով հայցել Նրա քավիչ զորությունը, որով ամրացած կարող կլինենք մեր կյանքը և մեր միջավայրը դարձնել ավելի բարի ու սիրառատ, սրբության և լիառատ հավատքի զգացողություններով պարուրված։ Պահքը դեռևս տրվել է դրախտում. այն եղել է մարդուն տրված առաջին պատվիրանը. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ. 2:16-17):

ՄԵԾ ՊԱՀՔՊահքը հոգևոր-բարոյական նկարագրի կերտման հնարավորություն է։ Կարևոր է ինքնասահմանափակումների հետ համատեղ ջանալ լցվել եղբայրական սիրով, հոգ տանել կարիքավորներին, աղքատներին հյուրընկալել, մտածել դիմացինին օգտակար լինելու մասին, ստեղծել կայուն և անշահախնդիր եղբայրական հարաբերություններ՝ հրաժարվելով միջանձնային գժտություններից և չարակամ նկրտումներից. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել» (սուրբ Եզնիկ Կողբացի, 5-րդ դար): Ուստի, կարևոր է ուշադրություն դարձնել միջանձնային առողջ և հոգեշահ հարաբերություններին, կռվից խուսափելու համար զիջելու կամ եղբայրորեն խրատելու կերպերով առաջնորդվելու մոտեցումներին։  Պետք է հրաժարվել ամեն տեսակ անօրենությունից ու խարդախությունից, որոնք կարող են սատանայի ծուղակը մեզ նետել.  «Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները» (Եսայի 58:6)։ Անհրաժեշտ է միևնույն ժամանակ նաև պահեցողությունը պատճառ չդարձնել դիմացինին դատելու և ստորադասելու համար։ Հիշենք Պողոս առաքյալին, որը խոսում է անհարկի դատելու մոլորության մասին. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):

Չնայած որ Մեծ Պահքը անվանվում է նաև Քառասնօրյա պահք, սակայն բաղկացած է քառասունութ օրերից։ Պահքի քառասուն օրերը խորհրդանշական են, քանզի առնչվում են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անապատում փորձությունների ժամանակահատվածին, երբ Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):  Քրիստոս մարդկության փոխարեն ապաշխարեց՝ ցույց տալով փրկության ճանապարհներից մեկը։ Քառասնօրյա պահքին հաջորդում է ևս մեկ շաբաթ, որը կոչվում է Ավագ շաբաթ: Դրանով է պայմանավորված, որ Քառասնօրյա պահքը 48 օր է տևում: Մեծ Պահքի յոթ կիրակիներից  յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը և անվանումը՝ Բուն Բարեկենդան, Արտաքսման կիրակի, Անառակի կիրակի, Տնտեսի կիրակի, Դատավորի կիրակի, Գալստյան կիրակի և Ծաղկազարդ: Ավագ Շաբաթն ընդգրկում է Հիսուսի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները՝ Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ապա Հարության բերկրալից տոնը։

Ըստ միջնադարում ծիսականոնական բնույթի ժողովածուներում տեղ գտած եկեղեցական կանոնների՝ արգելվել են Մեծ Պահքի շրջանում արվող մկրտություններն ու պսակադրությունները, սակայն անհրաժեշտության բերումով 130-րդ կաթողիկոս Վազգեն Առաջինն (1955-1994 թթ.) իր շրջաբերականով թույլատրեց այդ արարողությունների կատարումը միայն շաբաթ և կիրակի օրերին՝ ի բաց առյալ Ավագ Շաբաթվա ընթացքը։

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Մեծ Պահքի շրջանը տևում է փետրվարի 20-ից ապրիլի 9-ը։

 

ՆԱՐԵԿ սարկավագ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Զորամասի գնդերեց