Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՁԵՐ ՄԵՋ ԷԼ ՎԱՐԴԱՆՆԵՐ ԿԱՆ»…



Վարդան Հովհաննիսյանը 1978թ. առաջին անգամ ոտք դրեց Երեւանի թիվ 142 միջնակարգ դպրոց: Սովորում էր բարձր գնահատականներով: Իր ազնիվ բնավորությամբ սիրելի էր բոլորի համար. «Օրինակելի վարք եւ բարձր առաջադիմություն ուներ: Ես Վարդանին դասավանդում էի ռուսաց լեզու, եւ երբ մտնում էի դասարան, ու հայացքս Վարդանի հայացքին էր հանդիպում, անկախ ինձնից զգաստանում էի. աննկարագրելի վեհություն կար նրա աչքերում: Հիշում եմ՝ Գորկի էինք ուսումնասիրում եւ «Մարդու կյանքում միշտ էլ տեղ կա սխրագործությունների համար» արտահայտությունը անչափ ոգեւորել էր նրան: Ձեռք բարձրացրեց եւ ասաց՝ մինչեւ պահը վրա չհասնի, չես իմանա, թե ինչ սխրագործության ես ընդունակ: Ո՞վ կմտածեր, որ քսան տարեկանը բոլորած երիտասարդի համար սխրագործելու պահը Արցախյան ազատամարտը կդառնար»,-ասում է Վալերիա Թորոսյանը:
***
Դպրոցի մուտքի մոտ հուշարձան է տեղադրված` ի հիշատակ շրջանավարտ-ազատամարտիկների: Վարդանի անունով դասարան էլ կա, որտեղ պարբերաբար հայրենասիրության բաց դասեր են անցկացվում: Հայրենասիրության եւ արիության այդպիսի մի դաս կարելի է համարել նաեւ Վարդան Հովհաննիսյանի ծննդյան 40-ամյակի առիթով հունվարի 18-ին կազմակերպված միջոցառումը, որին ներկա էին Վարդանի մարտական ընկերներն ու հարազատները, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունը, ներկայացուցիչներ քաղաքապետարանից, ուսուցիչներ եւ աշակերտներ:

Յուրօրինակ դասին ներկա էր նաեւ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, որն էլ աշակերտներին ուղղեց իր խոսքը. «Ես հպարտ եմ, որ կռված տղաների մի մասն այստեղ է: Մենք փորձում ենք մեր ապրումները ձեզ փոխանցել, որպեսզի հավատաք, որ ձեր մեջ էլ կան Վարդաններ: Կան եւ կլինեն, սակայն ցանկանում եմ, որ կռվելու առիթ չունենաք, խաղաղության մեջ ապրեք ու զարգացնեք մեր երկիրը»:

Վարդանի եղբայրը` Վահեն, պատմում է. «Ես իրենից փոքր էի երկու տարով եւ զարմանքով ու հիացմունքով էի հետեւում նրա կյանքին: Ուզում էր ամեն ինչ փորձել, ամեն ինչ հասցնել՝ կենդանիներ էր պահում, երաժշտական դպրոց էր հաճախում, մարտարվեստ էր ուսումնասիրում: Արցախյան պատերազմի առաջին օրերից փորձեց անդամագրվել երկրապահ ջոկատներին եւ մեկնել ռազմի դաշտ: Ջոկատների հրամանատարները մերժեցին՝ պատճառաբանելով, թե ուսանող է: 1992թ. հանձնեց կիսամյակի քննությունները եւ փոխադրվեց ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետի 4-րդ կուրս, սակայն Արցախ գնալու մտադրությունից երբեք չհրաժարվեց: Բոլորից թաքուն անդամագրվեց Վազգեն Սարգսյանի հավաքագրած մահապարտների ջոկատին»:

Նա ամենաերիտասարդներից էր: Մեծ ոգեւորությամբ Վարդանը մասնակցում էր կազմակերպված տասնօրյա զինավարժություններին: Վահեն հիշում է` եղբայրը հիացած էր Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանով, որ տղաներին զինվորական գործի հմտություններին էր ծանոթացնում: Զինավարժությունների ընթացքում Վարդան Հովհաննիսյանը յուրացրեց գնդացրորդի մասնագիտությունը եւ 1992 թ. օգոստոսի 30-ին «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմում մեկնեց Արցախ: Սեպտեմբերի 1-11-ը մասնակցեց Մարտակերտի շրջանի Չլրդան, Դրմբոն, Հարությունագոմեր բնակավայրերի ազատագրման մարտերին:

Ազատամարտիկ Սայաթ Եսայանը Վարդանի հետ ծանոթացել էր դեռեւս Ոսկեպարում եւ նորից հանդիպեց 1992թ. սեպտեմբերի 11-ին` Վաղուհասի բարձունքի ազատագրման ժամանակ. «Տաքարյուն էր, առաջ մղվող, մենք` փորձվածներս, ուզում էինք երիտասարդներին հետ պահել, բայց Վարդանը անդրդվելի էր: Վարպետորեն բանեցնում էր գնդացիրը, որը մեր հիմնական հարվածային ուժն էր: Նա այդ օրը շատերի կյանքը փրկեց, քանի որ գնդացիրի աշխատանքը թույլ տվեց մի փոքր հետ նահանջել` նոր գրոհի անցնելու համար: Նման երիտասարդներ ունեցող ազգը անկասկած հաղթում է»:

1992թ. Վաղուհասի բարձունքը գրոհելու ժամանակ «Արծիվ» մահապարտների գումարտակի 5-րդ դասակի գնդացրորդ` Վարդանը զոհվեց զենքն ամուր գրկած. նա չէր կարող բաժանվել իր սիրելի գնդացրից:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/01/2012