Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑԸ»՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑԸ»՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

«ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑԸ»՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ«Պաշտպան հայրենյաց» պայմանագրային ու արհեստավարժ զինվորական ծառայության անցման նոր ծրագիրը գործողության մեջ է։ Առաջիկա երեք ամիսներին հայրենյաց ապագա պաշտպանները  ուսումնական զորամասերում ու կենտրոնում ձեռք կբերեն ֆիզիկական, մասնագիտական, կամային անհրաժեշտ ու պահանջվող որակները, կհանձնեն քննություններ և որպես պատրաստված մասնագետներ կմեկնեն զորամասեր։ Ծրագրի նպատակը ծառայության գրավչությունը բարձրացնելն ու արհեստավարժ, մարտունակ ու կոփված զինծառայողներով համալրված ստորաբաժանումների ստեղծումն է:

– Արդեն երրորդ շաբաթն է, որ շարունակվում են ուսումնական դասընթացները, որտեղ հիմնական շեշտը դնում ենք կրակային, ֆիզիկական պատրաստության և մարտավարության վրա: Անձնակազմը դասընթացներին մասնակցում է մեծ ոգևորությամբ, և արդեն նկատելի են արդյունքները: Ծրագրում ընդգրկված թեկնածուների մեջ կա վեց ամսվա զինծառայող, ունենք զինվոր, որ պետք է տասը օրից զորացրվեր, սակայն նույնպես <Պաշտպան հայրենյաց>-ի մեջ ներգրավվելու ցանկություն է հայտնել,- ներկայացնում է ուսումնական վաշտի հրամանատար Խաչիկ Այվազյանը:

«ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑԸ»՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋԾրագրի հաջող մեկնարկի մասին են փաստում ոչ միայն «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի սպաները, այլև հենց իրենք՝ ծրագրի շահառուները, որոնք պատրաստ են հաղթահարելու բարդ մրցակցությունն ու պատվով  ծառայելու զինված ուժերում: Վանիկն ու Գրիգորը մինչև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դառնալը ծառայել են ԶՈՒ հակատանկային ստորաբաժանումներից մեկում։ Տեղեկանալով ծրագրի մասին, նրանք ուսումնասիրել են այն ու որոշել դառնալ արհեստավարժ զինվորական:

-Ծրագրին հաճույքով եմ մասնակցում: Միշտ էլ ցանկացել եմ զինվորական դառնալ և հենց այս ծրագրի շնորհիվ կկարողանամ ցանկությունս իրականացնել,- ասում է ժամկետային զինծառայող Վանիկ Հարությունյանը:

-Սպաները ներկայացրին «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը: Այն իմ սրտով էր և որոշեցի ընդգրկվել ծրագրում,- շարունակում է ընկերը՝ Գրիգոր Անտոնյանը:

«ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑԸ»՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ-Ուրախալի է, որ դասընթացներին զինվորները մասնակցում են ոգևորությամբ, ցուցաբերում են նախանձելի հետաքրքրություն բոլոր առարկաների նկատմամբ: Առայժմ արդյունքները գոհացուցիչ են,- ասում է  դասակի հրամանատարի տեղակալ Վահե Վարդանյանը:

-Զորամասում իմացա ծրագրի մասին: Տարի ու կես ծառայել եմ, զինվորական կյանքը սիրում եմ և ուզում եմ հենց այս ծրագրով շարունակել ծառայությունս զինված ուժերում,- ասում է Նարեկ Խաչմանյանը, որը մեկուկես տարի ծառայել է հրթիռահրետանային զորամասում՝ որպես «Գրադ» կայանքի մասնագետ։

Ուսումնական զորամասի կարգացուցակով անձնակազմի ֆիզիկական պատրաստությունը, մարտավարական գիտելիքները բարձրացնող ինտենսիվ պարապմունքներն անցկացվում են ամեն օր, անկախ եղանակային պայմաններից: Արգելագոտու հաղթահարումն այնքան էլ հեշտ գործ չէ, սակայն բոլոր զինծառայողները պետք է կարողանան դա անել։ Նրանց գործողություններին հետևում են սպաները, արձանագրում թերությունները և տեղում շտկում։

«ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑԸ»՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋԾրագրի շահառու Սերոբ Խաչատրյանը  Շինուհայր գյուղից է։ Նա մեկ տարվա զինվոր էր, երբ զորամասի սպաներից տեղեկացավ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին ու առանց երկմտելու ընդգրկվեց ծրագրում։

-Որպես երիտասարդությանը աջակցող ծրագիր՝ այն ինձ շատ դուր եկավ: Սկզբում մտածում էի՝ դժվար կլինի, բայց կամաց-կամաց ընտելացա իրավիճակին և հասկացա, որ բոլոր նախադրյալները կան, որ ես էլ համալրեմ «Պաշտպան հայրենյաց»-ի շարքերը ու դառնամ արհեստավարժ զինվորական: Դժվարություններից չեմ նեղվում, ընդհակառակը, դրանք ինձ ավելի են ուժեղացնում, և ես կհասնեմ նպատակիս,- վստահեցնում է նա:

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը հնարավորություն կընձեռի պարտադիր  զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնել ծառայության հինգ տարի ժամկետով՝ ստանալով բարձր և երաշխավորված դրամական բավարարում։ Ատեստավորման և մարտական հերթապահություն իրականացնելու դեպքում նախատեսվում են նաև հավելավճարներ։ Իսկ պայմանագրի ժամկետի ավարտին ծրագրի շահառուն կստանա հինգ միլիոն դրամ պատվովճար։

 

ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ