Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԼՈՒՅՍԻ ԻՄ ՇՈՂԸ»



«ԼՈՒՅՍԻ ԻՄ ՇՈՂԸ»-Երբ մեծանամ, հորս պես լավ ընտանիք եմ ունենալու, մորս պես լավ կին, խոստանում եմ:

Զարուհի Զաքարյանը պահպանել է ձայնագրությունը, ու բոլորը կարող են լսել նրա որդու՝ Ռոբերտ Ասմարյանի ձայնը: Լսել ու հավատալ, որ տղան կատարելու է իր խոստումը: Հավատալ այնպես, ինչպես մայրն է հավատում՝ անվերապահ ու հաստատ:

Ռոբերտ Ասմարյանը ապագա բժիշկ է: Նա Երևանի պետական բժշկական համալսարանի 4-րդ կուրսից ուսումը կիսատ թողած՝ գնաց բանակ, որ կատարի որդիական պարտքը հայրենիքի հանդեպ: Երբ պայթեց 44-օրյա պատերազմը, 7 ամիս էր մնացել, որ Ռոբերտը զորացրվեր: Նա բուժակ էր, ու պատերազմի դաշտում կյանքեր էր փրկում: Մի անգամ մեքենան շրջվել էր, բազմաթիվ զինվորներ էին վնասվել: Ռոբերտը զանգել էր մորն ու ավետել՝ բոլորին փրկել ենք, մա՛մ, բոլորին… Ու երբ մայրն ասել էր՝ կյանքս կտայի, որ դու չանցնեիր այդ ամենի միջով, Ռոբերտը պատասխանել էր՝ երբ տուն վերադառնամ, մնացած կյանքի փորձությունները ավելի հեշտ կհաղթահարեմ:

Ռոբերտը խոստացել է վերադառնալ բանակից: Բայց ուշացնում է կատարել խոստումը: Արդեն երկու տարի է, մայրն սպասում է որդու վերադարձին: Ռոբերտ Ասմարյանի անունը 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորածների ցուցակում է:

-Իմ որդին ողջ է, նա վերադառնալու է, պարզապես պետք է համբերել,- ասում է Զարուհին:

«ԼՈՒՅՍԻ ԻՄ ՇՈՂԸ»Ու Զարուհին համբերում է: Նա չի խոսում ցավի մասին, չի ասում, թե իր հոգու ո՞ր խորքերից է գտել այն ուժը, որով կառչել է հույսին: Նրա փոխարեն պատմում են իր ստեղծագործությունները:

-Շատ հեռու էի արվեստից, բայց, պարզվեց, որ թաքուն շնորհ ունեմ ի վերուստ տրված, որը պետք է հայտնվեր անհրաժեշտ պահին…

Պետք է հայտնվեր ու փրկօղակ դառնար որդուն սպասող մոր համար: Եվ ցավից լույս ծնվեց: Գոբելեն, ասեղնագործություն, գեղանկար, կոլաժ… Ավելի քան 60 աշխատանք: 60 զրույց որդու հետ, որդու սենյակում: 60 արարում, որ օգնեցին ապրել, որ լցրին տառապանքի ու սպասման երկու տարիները:

Հունվարի 20-ին՝ Ռոբերտի 25-ամյակի օրը, Զարուհի Զաքարյանը որդուն շատ յուրահատուկ նվեր արեց. «ԱՆԻ ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ» հյուրանոցի անվանի գիտնական Ալեքսանդր Քեմուրջյանի անվան սրահում ներկայացրեց իր եւ դուստրերի՝ Գոհարի եւ Իռենի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ «Լույսի իմ շողը» վերտառությամբ: Խայտաբղետ, լուսավոր, ցնծուն պատկերներ ու գույներ, որտեղ ոչ մի կաթիլ արցունք չկա, ցավ չկա, ու ամեն ինչ շնչում է լավատեսությամբ ու հավատով: 60 ստեղծագործություն, որոնցից յուրաքանչյուրը կյանքի մասին է, որոնցից յուրաքանչյուրի մեջ մոր անբեկելի հավատն է:

-Որդիս վերադառնալու է, պարզապես համբերել է պետք:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ

Խորագիր՝ #03 (1468) 25.01.2023 - 31.01.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


27/01/2023