Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԸՆՏՐՎՈՒՄ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
ԸՆՏՐՎՈՒՄ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

ԸՆՏՐՎՈՒՄ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸԶորակոչին զուգընթաց այս օրերին նաև զինված ուժերի առանձին ստորաբաժանումների կազմի համալրման աշխատանքներ են ընթանում: Ծրագրավորման, թվային տեխնոլոգիաների և հարակից այլ ոլորտների մասնագետ երիտասարդները, որոնք արդեն իսկ ժամկետային զինվորական ծառայության որոշակի ժամանակահատված անցկացրել են ԶՈՒ առանձին ստորաբաժանումներում, վստահեցնում են, որ համապատասխան մասնագիտություններով զորակոչված զինծառայողների համար լիարժեք ապահովվում է շարունակական կրթության հնարավորությունը, առկա է բազմակողմանի զարգացման և մասնագիտական հմտությունների յուրացման լայն ընտրանի:

Հայկական զինված ուժերի կազմում ստեղծված հատուկ միավորները իրականացնում են ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ: Այս զորակոչին ևս դիմորդների թիվը բավական մեծ է:

Նրանք, ովքեր կհամալրեն այս ստորաբաժանման շարքերը, ձեռք կբերեն հիմնարար գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան անցնելու աշխատանքի ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝ շարունակելով կիրառել ստացած գիտելիքները և զարգացնել դրանք, աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:

ԸՆՏՐՎՈՒՄ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ***

ԶՈՒ պատվո պահակային վաշտը ոչ ավել, ոչ պակաս մեր երկրի այցեքարտն է, ուստի այս ստորաբաժանման կազմում ծառայությունը ևս հատուկ նշանակություն ունի և պահանջում է հատուկ մոտեցումներ։ Եվ ահա հատուկ ընտրությամբ էլ այս զորակոչի ընթացքում կհամալրվի նաև այս ստորաբաժանումը։

Մանրամասն քննության են առնվում յուրաքանչյուր զինծառայողի անձնական տվյալները, գործը։ Բարոյահոգեբանական հատկանիշներ, կենտրոնացվածություն, սառնասրտություն, դիմացկունություն, պատվի և արժանապատվության բարձր ընկալում, կեցվածք, բարետես արտաքին, նեղ մասնագիտական հմտությունների և կարողությունների ներդաշնակում զինվորական ծառայության հետ… Սրանք անհրաժեշտ պահանջներից ոչ բոլորն են, իհարկե, բայց պատասխանատուները վստահեցնում են, որ ընտրվում են բացառապես լավագույնները։

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ