Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱԶՈԽ
ԱԶՈԽ

ԱԶՈԽՀադրութ քաղաքից 22 կմ, իսկ Ստեփանակերտից 50 կմ  հեռավորության վրա է տեղակայված Ազոխ գյուղը, որը Արցախ աշխարհի հնագույն բնակավայրերից է։ Ազոխ նշանակում է խակ, չհասած խաղող։ Ազոխ գյուղը հայտնի է իր պատմամշակութային հուշարձաններով՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (XVII դ.), 10-19-րդ դարերով թվագրվող պատմական  գերեզմանոցը, Ամարխաթունի վանքը, Ցիցքար բերդը, Մելիք Սագամի պարիսպը, Ծիլտախաչ կամուրջը։ Վերին, Մեծ, Մալլուլուվա, Գետին և Միշկերակա աղբյուրները։ Իսկ ամենանշանավորը, թերևս, Ազոխի քարանձավն է։

Ազոխի քարանձավը հնում անվանել են նաև Որվան, Որվանի անձավ։ Քարանձավի ուսումնասիրությունները փաստում են, որ այն ոչ միայն Արցախի, այլ նաև աշխարհում հայտնի ամենահին բնակավայրերից է։ Համաձայն ավանդության՝ թաթար-մոնղոլական ասպատակիչ արշավանքների ժամանակ քարանձավում են պահվել  Ամարասի վանքի գանձերը։ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, որը հիշատակում է քարանձավը դեռևս XIX դարի վերջին, նշում է, որ այստեղ տեսել է քարից կոփված կնոջ արձան։ Իսկ Րաֆֆին իր նշանավոր «Խամսայի մելիքությունները» գրքում գրել է. «Ժողովուրդը ապրում էր լեռների մեջ, քարանձավների խորքում, կերակրվում էր իր անտառների պտուղներով, իր անասունների բարիքներով և որպես դարանամուտ մի գազան իր թաքստոցի միջից հարձակումներ էր գործում, երբ թշնամին հանդգնում էր վրդովել նրա խաղաղությունը»։

ԱԶՈԽՔարանձավի առաջին և գլխավոր պեղումներն սկսվել են դեռևս խորհրդային տարիներին՝ 1960-ական թվականներին։ Պեղումների առաջին փուլում հնավայրից հայտնաբերվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված, որը մոտավորապես 300 000 տարեկան է (գտածոն այժմ պահվում է Բաքվում և փակ է օտարերկրացի ուսումնասիրողների համար), որը համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջանների միջև անցումային ժամանակաշրջանին, որը ներկայումս կոչվում  է հեյդելբերգյան մարդու դարաշրջան։ Պեղումների այս փուլում քարանձավն ահռելի վնասներ է կրել, բավական մեծ տեղեկատվություն կորել է ադրբեջանցիների իրականացրած պայթեցումների պատճառով, քանի որ, ինչպես պատմում են գյուղի բնակիչները՝ ադրբեջանցիներն այստեղ ոսկի են փնտրել։

Պեղումների երկրորդ փուլն սկսվել է 2002 թվականին: Արցախի Հանրապետության մշակույթի նախարարության նախաձեռնությամբ այստեղ աշխատել է Թանիա Քինգի գլխավորած միջազգային գիտահետազոտական խումբը՝ միավորելով մասնագետների Հայաստանից, Իռլանդիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից և Մեծ Բրիտանիայից։ Այս ամբողջ ընթացքում հայկական արշավախմբի ներկայացուցիչները, հնագետները պարբերաբար ահազանգել են ադրբեջանական կողմի՝ պեղումներին տեղեկատվական «գրոհով» խոչընդոտելու անդադար փորձերի մասին։

Հայ և միջազգային հնագետներից բաղկացած արշավախմբի աշխատանքներում կիրառվել են պեղումների արդի և համակարգված մեթոդներ. գտածոների եռաչափ արձանագրում՝ դրանց տարածական և ժամանակային բաշխվածության  տեղեկատվությունն ապահովելու նպատակով, նստվածքաշերտերի զննում՝ մանր կաթնասունների հայտնաբերման նպատակով, երկրաբանական մանրազնին աշխատանք՝ ուղղված քարանձավի շերտագրության ուսումնասիրմանը, ինչպես նաև հաջորդականության ռադիոմետրիկ թվագրում։ Վկայություններ կան, որ այս տարբեր ժամանակաշրջանների ընթացքում Ազոխի քարանձավում բնակվել է հնագույն մարդու երեք տեսակ՝ Homo heidelbergensis, Homo neanderthalesis  և  Homo sapiensis:

ԱԶՈԽԱզոխի կրաքարե քարանձավն զբաղեցնում  է  շուրջ 8000 քմ տարածություն, ունի բազմաթիվ ելքեր ու մուտքեր, վեց հսկայական դահլիճներ, որոնք նման են լաբիրինթոսի։ Այդ դահլիճներում պեղումների ընթացքում հայտնաբերվել են երեք հարյուր հազար տարվա վաղեմություն ունեցող քարե գործիքներ, բուսական և կենդանական աշխարհի բրածո մնացորդներ, նախամարդու արվեստի հետքեր։ Քարայրում հայտնաբերված կենդանիների մնացորդները թույլ են տալիս եզրակացնելու, որ քարայրի առաջին «բնակիչները» եղել են շատ բազմազան։ Այստեղ հայտնաբերվել են այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնց ցեղատեսակներն այսօր գոյություն չունեն. մոտավորապես 43 տեսակի կենդանիների ավելի քան 20 հազար ոսկորներ, ինչպես նաև 6000 քարե գործիքներ և այլ իրեր։

Ուսումնասիրությունների ընթացքում Ազոխի քարանձավի տարածքում հայտնաբերված բազմաթիվ գտածոների մեջ առանձնահատուկ ուշադրություն են գրավում կենդանական աշխարհի ներկայացուցիչների՝ քարանձավային արջի (հասակը մոտ 4 մ, քաշը՝ 700 կգ), հսկա եղջերուի, ռնգեղջյուրի, ընձառյուծի, բիզոնի, սողունների ու կրծողների, ձկների ու բազմաթիվ այլ կենդանատեսակների կենսաբանական մնացորդները։ Ազոխում բնակվող հնագույն մարդիկ քարե գործիքների պատրաստման համար հիմնականում օգտագործել են տեղական ծագման հումքային նյութեր, ինչպես, օրինակ, քարանձավում և շրջակայքում գոյացած կայծքարերի տեսակներ։ Փոքր քանակության վանակատի (օբսիդիանի) գործիքների առկայությունը վկայում է ավելի հեռավոր աղբյուրների մասին։ Ազոխից շուրջ 100 կմ հեռավորության վրա գտնվող Սյունիքը, ըստ երևույթին, եղել է այս նյութի ամենամերձավոր աղբյուրը։ Ազոխի քարանձավում հայտնաբերված արջի ոսկորները պատկանում են աշխարհում հայտնաբերված խոշորագույնների թվին։ Գտածոների ուսումնասիրությունը հնագետներին թույլ է տալիս պնդելու, որ մարդը Հայաստանի տարածքում ապրել է շուրջ 2 000 000 տարի առաջ։

Վերջին տարիներին Ազոխի քարանձավի տարածքում այլևս պեղումներ չէին իրականացվում։ Այն որպես պատմահնագիտական հուշարձան ներառված էր պետական արգելոցի կազմում, մուտքերը ցանկապատված էին, ելումուտը՝ սահմանափակված։ Նախատեսվում էր Ազոխ գյուղում հիմնել թանգարան, որտեղ կցուցադրվեին պեղումներից հայտնաբերված գտածոները։ Ցավոք, ԱԶՈԽ2020 թ. 44-օրյա պատերազմից օրեր անց համացանցում  հայտնվեց տեղեկություն, որ Ազոխի հնագիտական արգելոցից շուրջ 20 արկղ իրեր են տեղափոխել Բաքու։ Այդ արկղերում, փաստորեն, այն գտածոներն էին, որոնք նախատեսում էին ցուցադրել նոր կառուցվող թանգարանում։

2021 թվականին  համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ հստակ երևում էր, որ Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմի, Հայոց ցեղասպանության նահատակների և Արցախյան պատերազմում անմահացած հայ քաջորդիներին նվիրված երեք առանձին հուշարձանները։

Այսօր Արցախում վտանգված է ոչ միայն մարդկային կյանքը, այլ նաև բոլոր մշակութային արժեքների ճակատագիրը։ Այժմ մենք մեր վերջին ճիգերով պետք է զորավիգ լինենք Արցախին, զորավիգ լինենք մեր մշակույթին, քանի որ առանց մշակույթի մենք որպես ազգ և հասարակություն գոյություն ունենալ չենք կարող։ Մեր մշակույթն է մեր ինքնության առհավատչյան։ Տեղին է հիշել Հրանտ Մաթևոսյանի խոսքը. «Մշակույթն է ստեղծում ՀԱՅՐԵՆԻՔ»։

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ