Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ
ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐՀայոց բանակի սիրելի՛ զինվորներ, ես վստահ եմ, որ տարեմուտի այս օրերին հայկական բոլոր օջախներում՝ Ամանորյա սեղանների շուրջ, թե տոնական արարողությունների ժամանակ, ամենից հաճախ բարձրացվող կենացները, հնչող ամենաջերմ խոսքերը ձեզ են վերաբերելու: Ուժ ու կորով են մաղթելու ձեզ, շնորհավորական սրտագին խոսքերի հետ խոնարհվելու են ձեր քաջության ու անձնվիրության առաջ: Եվ շարունակաբար սիրո ու ջերմության կենարար ալիքները զորացնելու են ձեզ, պարուրելու ջերմությամբ, որտեղ էլ լինեք այդ պահին՝ դիրքերում աչալուրջ կանգնած, թե հատուկ առաջադրանք կատարելիս, զորավարժությունների մեջ, թե թշնամու հերթական սադրանքներին համարժեք պատասխան տալիս: Հուսով եմ, նաև իմ բարեմաղթանքները, Ամանորյա սրտաբուխ շնորհավորանքները կհասնեն ձեզ, մեր քաջարի մարտիկներ:

Հայ ժողովուդը միշտ է գնահատել, առանձնահատուկ սեր ու գորով տածել իր զինվորի հանդեպ, բայց տագնապախռով այս ժամանակներում այդ ջերմությունն ու հոգատարությունը բազմապատկվել են, քանզի դարավոր ու նենգ ոսոխի հանդիման եք կանգնած դուք այսօր, մեր քաջորդիներ: Իսկ այս ընթացքում ձեր ուժն ու կամքը, հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցումը դրսևորելու առիթներ քիչ չեք ունեցել. թշնամու շարունակական սադրանքները զսպելիս, մեր երկրի հանդեպ ոտնձգությունները ետ մղելիս դուք ապացուցել ու ապացուցում եք, որ ձեր մեջ արթուն է Անդրանիկի ու Նժդեհի, Մոնթեի ու Վազգենի, մեր մյուս հերոսների անպարտ ոգին, որ մեր սահմաններին կանգնած եք միշտ զգոն, ամուր ու աննահանջ:

Բարի տարեմուտ ձեզ: Թող Նոր տարին խաղաղություն բերի մեր երկրին, ապահովություն՝ սահմաններին, թող ձեր հանդեպ մեր սերն ու երախտագիտությունը, ձեր մայրերի աղոթք-օրհնանքները պահապան լինեն ձեզ ծառայության ընթացքում ու անվնաս դուրս բերեն բոլոր փորձություններից: Շնորհավոր Ամանոր:

ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ

բանաստեղծ, թարգմանիչ

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ

 

 

Հա՛յ մարտիկ, քեզ բաժին հասան ծանրագույն օրեր. դու տեսար պատերազմ եւ կյանքի գնով վահան դարձար Հայրենիքին: Կյանքը ցույց է տալիս, որ միայն քո սեփական ուժն է երկրիդ ու ժողովրդիդ խաղաղության երաշխիքը: Ու միայն զորությունդ կստիպի ոսոխին վայր դնել զենքը: Այլընտրանք գոյություն չունի:

Հայ մնալով՝ ապրելու կա մի ճանապարհ, զինվո՛ր. քո կողքին, քեզ հետ ուս ուսի տված պետք է կանգնի յուրաքանչյուր հայ։ Դա չի բացառի թշնամու նկրտումները, բայց խստագույնս պատժվելու հեռանկարը նրան մեծապես կզսպի: Ուժեղ դիմակայությունը կկասեցնի պատերազմը։ Ուստի, որպեսզի այլևս չընդլայնվի «Եռաբլուրը», ամեն հայ պարտավոր է դառնալ մարտունակ։ Փա՛ռք հայ մարտիկին՝ անցյալում, հիմա և ընդմիշտ…

ՄԱՐԿ ԱՐԵՆ

արձակագիր

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ

 

Սիրելի՛ նվիրյալներ, հայ ազգի մեր կտրիճ հերոսներ, մեր սահմանը պահող առյուծ եղբայրներ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկանում եմ անկոտրում կամք, առողջություն և խաղաղ, անփորձանք ծառայություն։ Մենք ամեն օր աղոթում ենք և խնդրում Աստծո պաշտպանությունը ձեզ համար: Խոնարհվում եմ բոլորիդ առջև, ցանկանում հաջողակ տարի և խաղաղ երկինք։ Բոլորիդ սիրում եմ, հպարտանում եմ ձեզնով, սպասում եմ ձեր վերադարձին և պինդ գրկում եմ:

ՆԱՐԵ ԱՐՂԱՄԱՆՅԱՆ

դաշնակահարուհի

 

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ

Ես ծնվել եմ արքայանիստ Արտաշատում: Ամեն օր նայել եմ Մասիսին, քայլել եմ այն հողի վրա, որտեղ Տիգրան Մեծի, Արտաշեսի, Պապ թագավորի ոտնահետքերն են: Ես ծառ եմ, ու իմ արմատները խրված են ծննդավայրիս հողի մեջ, իմ ավիշն ու արյունը այդտեղ է: Ես միշտ զինվորի կողքին եմ: Ես բանակով եմ ապրում: Մենք որքան ինքնազոհաբար ու անթերի կռվում, նույնքան սխալ ենք օգտագործում խաղաղության տարիները: Երբ թերթել եք մեր պատմության էջերը, չե՞ք նկատել, որ պատերազմից պատերազմ ընկած ժամանակահատվածում հենց դադար ենք առել, սկսել ենք փութաջանորեն եկեղեցի կառուցել, մինչդեռ… պիտի առաջին հերթին զինագործների ազգ լինեինք, դա էր պահանջում դաժան իրականությունը:

…Պատերազմն արդեն հետևում է, ու մենք պիտի մեղմենք դրա հետևանքները: Էդ ինչ արծիվներ են սահմանին, ինչ գեղեցիկ սերունդ է` մեկը մյուսից հզոր, քաջ, պատվախնդիր, ազատ… Ես հիշում եմ մեզ Արցախյան ազատամարտի ժամանակ ու չեմ կարող չխոստովանել, որ երիտասարդ սերունդը` այսօրվա զորքը, շատ ավելի հմուտ է, կազմակերպված: Նրանց կողքին պիտի լինենք, նրանց թիկունքը պիտի ամուր պահենք: Իմ սրտում այսօր ռազմի, հաղթանակի, հերոսական երգեր են ծնվում: Դրանք կհնչեն քեզ համար, Հայո՛ց բանակ, քեզ համար, Հա՛յ զինվոր: 2023-ը բարի ու պատվաբեր է լինելու, համոզված եղեք:

ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ

երգահան

 

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԱզգային բանակը ծնող է, քույր, եղբայր, սիրած աղջիկ, հարսնացու, նշանի մատանի, դպրոցական նստարան, մանկապարտեզում լացող մանկան ձայն, օրորոցի ճռինչ, ծառ, հող, թռչնի թռիչք, խոտի բույր, ցորենի դաշտ, ճանապարհ, ազատ ընթացք՝ սիրելի տարածքներով, քաղաք, եկեղեցու հիմնաքար, որմնադիրի, հնձվորի ձեռք, նախագահի նստավայր, կաթողիկոսի գահ, որոնց վրա կախված է 18-ամյա զինվորի ամենատես աչքը, ամենահաս ձեռքը, ցուցամատը՝ ձգանին, լույսի պես տարածվող հայացքը՝ Հայրենիքի բոլոր հայտնի ու անհայտ վայրերին և այն ճանապարհին, որը անցնում է սահմանի եզրով:

Սահմանն ու 18-ամյա զինվորը հոմանիշներ են, երկվորյակներ՝ մեկը մյուսով պայմանավորված: Երբ զինվորն իր ամրակուռ ոտքը պինդ խփում է սահմանաեզրի հողին, ծնողը հպարտանում է, եղբայրը՝ պարծենում, սիրած աղջիկը՝ արտասվելով ժպտում, նշանի մատանին շողշողում է հարսնացուի մատնեմատին, դպրոցական նստարանը միանգամից եռագույն է հագնում, ցորենի դաշտը՝ շողշողում է, ճանապարհը վերադառնում է տուն, հողը՝ խլրտում, որմնադիրն ու հնձվորը մարտական խրոխտ պարով զարդարում են ժամանակը, որ մեր տանը հասնելու թշնամու փայփայած երազանքները մնան օդից կախված:

Ահա այսպիսի առաքելություն, որ ամեն ինչից բարձր է…

Շնորհավոր հայ զինվորի գալիք տարին: Փառք ու պատիվ և մնայուն հաղթանակներ եմ ցանկանում հայոց բանակին, հավերժական ընթացք մեր Հայրենիքին, փառք հերոսական Արցախին և հայ ժողովրդին:

2023 թվականը թող լույսի, հաղթանակի և հայոց փառավոր զինվորի տարի լինի:

ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

գրող, հրապարակախոս