Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՈՐ ՏԱՐԻՆ ՀԱՅՈՑ ՄԵՋ
ՆՈՐ ՏԱՐԻՆ ՀԱՅՈՑ ՄԵՋ

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՀԱՅՈՑ ՄԵՋՍկիզբը՝ նախորդ համարում

 

Ամանորը Հայոց մեջ համընկնում էր Սուրբ Ծննդյան պասին, և այդ էր պատճառը, որ ամանորյա ուտեստների շարքում գերակշռում էին պասին հատուկ կերակուրները։ Պատրաստում էին ոլոռ, ոսպ, բլղուրով ու բրնձով տոլմա, բլղուրի ու սիսեռի խառնուրդից գնդիկներ, ավելուկ, տարբեր տեսակի և բաղադրության առանց մսի, հատիկեղենով տոլմաներ, որ ժողովուրդն ասում էր՝ սուտի տոլմա։ Հատիկեղենի առատ օգտագործումը կյանքի հարատևության խորհրդանիշն էր։ Լոռեցիներն ասում էին, թե՝ «Նոր տարին գալ չի առանց լոբու»։ Հիմնական կերակրատեսակներից մեկն էլ մարիամապուրն էր՝ կորկոտով, չամիչով, ծիրանաչրով ու ալյուրով ճաշը, որի մեջ եփելուց հետո դոշաբ էին լցնում։ Շատ կարևոր տեղ ունեին ընդեղենն ու մրգերը։ Ընդ որում, յոթ տեսակի պետք է լինեին թարմ ու չոր մրգատեսակները՝ խնձոր, տանձ, սերկևիլ, նուռ, խաղող, սեխ, զկեռ, արմավ և յոթ տեսակի չիր։

Նոր տարին պետք է սկսեին նոր հացով, որը պետք է խորհրդանշեր նոր տարվա առատությունը։ Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ 8-ից 10 տարեկան մի անմեղ աղջիկ շաղում էր առանց թթխմոր խառնելու. այն պետք է թողնվեր ինքնաբերաբար թթվելու և սկսվող տարվա առաջին թթխմորը դառնալու։ Հնում հայերը միայն թոնիրում էին հաց թխում։ Թոնիր շատ ազգեր ունեն, բայց միայն հայերն են, որ թոնիրը գետնի մեջ են սարքել։ Թոնիրը արևն է, որին խոնարհվում է հայ կինը, որ վերջինս հաց պարգևի։ Տարբեր գավառներում տարբեր կերպ էին անվանում ծիսական հացը՝ կրկենի, կլոճ, ղովլաթ, փուռնիկ։ Խմորի մեջ դնում էին դրամ, լոբի, ուլունք, և Նոր տարվա առավոտյան կամ Սուրբ Ծննդյան օրը կտրելիս ում որ բաժին էր ընկնում, նրանից էլ ակնկալվում էր տան բարեհաջողությունը։

Նոր տարվա տոնական խնջույքն սկսվում էր դեկտեմբերի 31-ի գիշերային ընթրիքով։ Նշանված աղջիկները իրենց փեսացուներին մետաքսյա գույնզգույն թելերով փնջած խնձոր էին ուղարկում և նրանից նույնպես խնձոր էին ստանում՝ մեջը արծաթե դրամներ։ Տան նահապետը բարձրացնում էր առաջին բաժակը, օրհնում սեղանը, շնորհավորում ընտանիքի անդամների Նոր տարին և առաջարկում բոլորին՝ առաջին բաժակի հետ մեղր հյուրասիրել. «Անուշ մեղր ուտենք, որ տարին բոլոր անուշ զրուցենք, անուշ լսենք, անուշ վարվենք»։ Տան տիրուհին կարմիր շոր վերցրած տանից դուրս էր գալիս, մի քիչ մեղր քսում դռանը և այդ շորը որևէ տեղ փռում՝ տարին քաղցր ու արգասաբեր անցնելու ակնկալիքով։ Չարը կանխելու նպատակով ընդեղենը ջարդում էին Նոր տարվա նախորդ գիշերը, իսկ հունվարի 1-ից մինչև Սուրբ Ծնունդը՝ հունվարի 6-ը, ջարդել չէր կարելի, չարագուշակ էր։

Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում հայտնի էր «Կախու», «Կախուկ» կամ «Գոտեկախի» սովորույթը։ Երիտասարդ պատանիներն ու աղջիկները Նոր տարվա նախորդ գիշերը փոքրիկ խմբերով գուլպաներ, տոպրակներ կամ կողովներն առած շրջում էին երդիկից երդիկ և դրանք երդիկից պարանով ցած իջեցնելով՝ բարեմաղթանքի երգեր էին ասում ու շնորհավորում համագյուղացիներին։ Տանտերը կամ կինը կախված գուլպայի կամ կողովի մեջ զանազան անուշեղեն էր լցնում, որը երդիկին կանգնած երիտասարդը բարձրացնում էր վեր։ Արցախում և Սյունիքում գոտկախաղի սովորույթը հայտնի էր հակառակ տարբերակով։ Նրանք պատրաստում էին չոր մրգերի, ընկույզի շարուկներ, որ կոչվում էին «Ճլոլունք» և իջեցնում էին հարազատների, իսկ ավելի հաճախ խնամիների երդիկից ցած։

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՀԱՅՈՑ ՄԵՋՄինչև 20-րդ դարի սկիզբը հայերի ամանորյա ծիսաշարում տոնածառն ու Ձմեռ Պապն աննշան տեղ էին գրավում։ Երկուսն էլ օտարածին երևույթներ էին։ Ամանորին և Սուրբ Ծնունդին եղևնի զարդարելու սովորույթն սկիզբ է առել Գերմանիայում 1513 թ.։ Այդ ծեսի հիմքը դրել է Մարտին Լյութերը՝ եղևնին զարդարելով մոմերով։ Հայոց մեջ տոնածառը ոչ թե եղևնին էր, այլ ձիթենին, որի ճյուղերը եկեղեցում օրհնելուց հետո տանում էին տուն, ամրացնում ծիսական մեծ հացի վրա և դնում սեղանի կենտրոնում։ Ճյուղերը զարդարում էին ընկույզով, չրերով և մրգերով։ Հավատում էին, որ զարդարված ծառը հաջողություն կբերի ընտանիքին։

Ձմեռ Պապը օտարածին երևույթ է, իսկ Հայոց մեջ պահպանվել է Սահակ Պարթևի հետ կապված «Մեծ Պապուկի» ավանդազրույցը, որի կերպարում մասամբ առկա էին Ձմեռ Պապի նկարագրին նմանվող որոշակի գծեր։ Ձմեռ կամ Կաղանդ պապի կերպարը մեծ մասամբ կապվում է Սուրբ Նիկողայոսի ավանդության հետ։ Եվրոպայում տարածում գտած Սանտա Կլաուսը մարմնավորում էր հայտնի Հայրապետ Նիկողայոս Սքանչելագործը (ծնվ. 280-ական թթ.), որի հայրը հույն Յեպիֆանն էր, մայրը՝ հայազգի Նունեն, ովքեր երկար ժամանակ երեխա չէին ունենում և խնդրում էին Աստծուն, որ իրենց զավակ պարգևի։ Կատարվում է նրանց երազանքը, ծնվում է մի հրաշամանուկ, որը դեռևս դեռահասության տարիքում ուներ առաքինության շնորհներ, օգնության ձեռք էր մեկնում հիվանդներին, դժբախտներին։ Նրա կատարած բարեգործություններից ամենատարածվածը ամանորյա գիշերը մանուկներին նվերներ մատուցելն էր։ Բարեպաշտ հոգևորականը մահացել է 340-ական թթ., և նրա գերեզմանը սրբավայրի է վերածվել։

Հարավից եկած Սուրբ Նիկողայոսի, որի հոմանիշ անվանաձևերն են՝ Սանտա Կլաուս, Սանթա Քլոզ, Սանքթ Նիկոլաս, կերպարը պատմական քրիստոնեական հիմքեր ունի, իսկ հյուսիսային պապը՝ Դեդ Մորոզն ուներ նաև գեղանի թոռնուհի՝ Ձյունանուշիկը։ Ձմեռ Պապը ժամանակի ընթացքում դաժան կամ պատժողի կերպարից վերափոխվեց բարեգործի, և նրա գլխավոր առաքելությունը դարձավ արդար մարդկանց և հատկապես մանուկներին օգնելը, նրանց անակնկալ նվեր մատուցելը։

Հայոց մեջ նմանատիպ կերպար է եղել Սահակ Պարթև կաթողիկոսը, որը երեխաների ամենասիրելի սուրբն էր, որ կոչում էին Մեծ Պապուկ։ Սահակ Պարթևի տոնից սկսվում էր Բարեկենդանի, գարնանային Նավասարդի կամ ավանդական նոր տարվա խրախճանքը։ Երբ ընտանիքի անդամները նստում էին սեղանի շուրջ, մեծերից մեկն աննկատ դուրս էր գնում և հանկարծ ներս մտնում՝ գլխին սրածայր գլխարկ, ձեռքին մեծ գավազան, կռնակին՝ մորթի։ Նրա հայտնվելուն պես տունը լցվում էր տոնական ուրախ մթնոլորտով։ Մոտենալով գինու կարասին՝ նա մեկական գավաթ գինի էր հյուրասիրում տնեցիներին և ասում. «Եկավ Մեծ Պապուկը, հազար բարով մեր Բարեկենդան»։

Ամանորի գիշերը կրակն անշեջ պահելը պարտադիր էր։ Օջախի ծուխը միշտ պետք է վառ մնար։ Նոր տարվա երեկոյան այրում էին «Տարեմուտի քյոթուկը»՝ մի մեծ գերան, որի մի ծայրը դնում էր կրակի մեջ և այրվելու ընթացքում այն աստիճանաբար ներս էին հրում։ Գերանի այրվել-վերջանալուց հետո ածուխը թաղում էին դաշտերում, արտերում, որպեսզի Նոր տարին բերքառատ լինի, կորուստներ չլինեն։

Նոր տարվա հետ կապված հայոց կենցաղում բավականին տարածված էր «առաջինի» հմայական խորհրդի հավատալիքը։ Մեր նախնիները հավատում էին, որ «առաջինն» ուներ առարկաների և երևույթների վրա ներգործելու մեծ հատկություն։ Տարածված էին առաջին այցելուի հետ կապված ամանորյա գուշակություններ, հավատում էին, որ եթե տան դուռն առաջինը բացի ուրախ բնավորության տեր անձնավորություն, ապա տարին ուրախ կանցնի։ Ամեն ընտանիք սպասում էր, որ առաջին դուռ բացողը, առաջին տուն մտնողը լինի բարի մարդ՝ «Ձեռքը թեթև, ոտքը՝ խերով»։ Այդ էր պատճառը, որ տոնական այդ օրերին տան դուռը միշտ պետք է բաց մնար։

Հավատում էին, թե Նոր տարվա նախորդ գիշերը բոլոր հոսող ջրերը մեկ վայրկյան ոսկեբեր են դառնում, ուստի պատանիներն ու աղջիկները, նորապսակները այդ գիշեր գնում էին իրենց ավանդական ուխտավայրի մոտ գտնվող աղբյուրը՝ սպասելով հրաշալի սովորույթին, որ ջուր ու ջրի հետ նաև բարիք տանեն տուն։ Բարիք ստանալու ակնկալությամբ աղբյուրների գուռերի մեջ նետում էին ցորեն, գարի կամ հաց ու բլիթ՝ տարին առատ լինելու ակնկալիքով։ Մինչև հիմա էլ պահպանվել է դեկտեմբերի 31-ի երեկոյան եկեղեցիներից օրհնված ջուր բերելը։

Նոր տարվա գիշերը չամուսնացած աղջիկները ձուն դնում էին թոնրի վրա գտնվող ամանի մեջ՝ ածուխի ու հինայի մեջ։ Առավոտյան, եթե ձուն սևանար, տխրում էին իրենց անհաջող բախտից, իսկ եթե հինայից կարմրեր՝ հաջողությունը կժպտար նրանց։ Աղջիկները չոր հացի կտորներ էին դնում և ունկնդրում, թե ագռավները որ ուղղությամբ են տանում, և այդ ուղղությունից էլ սպասում էին փեսացուին։

Հնում հայերը մի լավ ասացվածք ունեին. «Առանց գինու Նոր տարին կգա, առանց նգածաղկի՝ կուշանա»։ Նգածաղիկը ամենատարածված ու սիրված համեմունքն էր հայ ընտանիքներում։ Այս ախորժաբեր ու անուշահոտ ծաղիկն աճում էր միայն Արարատ լեռան լանջերին։ Մարդիկ հավաքում ու չորացնում էին այն, հետո տարածում ամբողջ Հայաստանով մեկ։ Անկախ բնակության վայրից, Ամանորի կերակրատեսակները պատրաստելիս միշտ օգտագործում էին չորացած նգածաղիկը։

Նոր տարվա տոնը միշտ սիրելի է եղել հայոց մեջ։ Տոն, որը լի է եղել ակնկալիքներով, նորանոր հաջողություններով ու երջանկության բարեմաղթություններով, իղձերի իրականացման սպասումներով։

ՆՈՐ ՏԱՐԻՆ ՀԱՅՈՑ ՄԵՋ          Թե աշխարհում փակ դռներ կան,

          Թող որ բացվեն այս գիշեր,

          Թե կան լացող, տխուր աչքեր,

          Թող ծիծաղեն այս գիշեր,

          Կանչող ձեռքերն իրար հասնեն,

          Հրաշք ապրեն այս գիշեր…

Ամանորը ժամանակի յուրօրինակ սահմանագիծ է հնի և նորի, անցյալի ու ապագայի միջև և առիթ՝ գնահատելու անցած ուղին, արարված լավն ու բարին, թույլ տրված սխալները, որովհետև դրանց անկեղծ ու շիտակ գնահատականն է պայմանավորում այն ակնկալությունները, որոնցով մուտք ենք գործում նոր թվական։

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ