Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ, ՆՈՐ ՈԳՈՎ



ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ, ՆՈՐ ՈԳՈՎԱմանորի նախաշեմին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն այցելել էր հարավարեւմտյան սահմանագոտի՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքը  փոխանցելու  հայրենի եզերքն  ամուր ու անառիկ պահող զինվորին ու զորականին:

-Ամեն անգամ, երբ հանդիպում եմ մեր զինվորներին, հիմնական խոսակցության թեման հավատքն է, և միշտ իմ խորհուրդ, հորդորն է՝ շեշտը դնել գիտակցության, գաղափարի, ոգու վրա, և այս ամենի սնուցող հիմքն էլ հավատքն է: Այս առաքինությունները՝ թե՛ քաջությունը, թե՛ անձնվիրումը, թե՛ ազնվությունը, կարգապահությունը, այս բոլորը գալիս են հոգևորից, հավատքից, որով սնվում է մարդու հոգին, միտքը և մարդուն դարձնում մարդ:

Տեր Մովսեսը մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ զրույցի ժամանակ,  կարևորելով  նրանց  հայրենանվեր առաքելությունը, ասաց.

-Գուցե դժվար, բայց և պատվաբեր ու աստվածահաճո է ձեր ծառայությունը: Բոլոր հայերի համար հայրենիքի պաշտպանությունը, անկախ մասնագիտությունից, աշխատելու ոլորտից,  տարիքից, միշտ մնում է արդիական, և միշտ պետք է պատրաստ լինենք:

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը  Նոր կտակարան և Մայր Աթոռից օրհնված խաչեր նվիրեց հայրենյաց պաշտպաններին, պատվիրեց և հորդորեց  հաճախակի աղոթել.

-Իմացե՛ք, որ Աստված ձեզ լսելու է առաջնահերթ, ձեր յուրաքանչյուր քայլը, ծառայողական պարտականություններից ելնելով, Աստծո համար ընդունելի արարք է, որովհետև դուք այստեղ պաշտպանում եք ձեր սրբությունները:

Հրաժեշտից առաջ Տեր Մովսեսը պահպանիչ աղոթք կարդաց և շնորհավորեց հայրենյաց պաշտպաններին:

-Մենք ասում ենք՝ շնորհավոր Նոր տարի, և այս արտահայտության մեջ կարևորը նորն է, նորի ակնկալիքը, հոգևոր  նորոգությունը, առօրյա կյանքում նորություն մտցնելը: Նոր տարին արժևորվում է Տեր Հիսուսի Սուրբ Ծննդյամբ: Սուրբ Ծննդով հեղափոխություն մտցվեց մարդկային մտածողության մեջ, հոգևոր կյանքի մեջ, փրկության հույսը վերստին արթնացավ մարդկության մեջ, Աստծո եւ մարդկանց միջև կապը նորոգվեց…

Մաղթանքս է՝  շեշտը դնենք նորի վրա՝  նոր գաղափարներով, նոր ոգով ու նորոգենք մեր հավատքը, գիտելիքներն  ու կարողությունները:

Խորագիր՝ #43 (1465) 30.12.2022 - 03.01.2023, Ազգային բանակ


30/12/2022