Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆՎՈՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ
ԶԻՆՎՈՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

ԶԻՆՎՈՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԸՈւսումնական զորամասերից մեկում ժամկետային զինվորները սերտում են առաջին բուժօգնության հիմունքները։

Դասաժամի ունկնդիրները, սակայն, սովորական ժամկետային զինծառայողներ չեն. նրանք աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած, բանակի կենտրոնական մարզական ակումբում ժամկետային ծառայություն իրականացնող մարզիկներն  են։

Գոռ Բեգլարյանը աթլետիկա մարզաձևից մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է։

-Բայց այս երկու տարվա ընթացքում բոլորս նախ և առաջ զինվոր ենք և պետք է իմանանք, կարողանանք անել այն ամենը, ինչ պետք է անի զինվորը, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանանք կիրառել։

Մյուս մարզիկը՝ Արթուր Սերոբյանը, ֆուտբոլիստ է, Հայաստանի ազգային հավաքականի անդամ։

-Արդեն երկրորդ անգամ ենք մասնակցում նմանօրինակ դասընթացների,- ասում է նա։ – Շատ հետաքրքիր են անցնում դասաժամերը։ Վստահ եմ, որ այստեղ ստացած գիտելիքները մեզ ամբողջ կյանքում են պետք գալու։

ԶԻՆՎՈՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԸԵռօրյա մարտական պատրաստության պարապմունքների ծրագրով կրակային, բժշկական և տեխնիկական պատրաստություն անցնող զինվորները նշում են, որ ամենայն լրջությամբ են վերաբերվում դասաժամերին, գիտակցում են դրանց դերը թե՛ իրենց և թե՛ բանակի մարտական պատրաստականության բարձրացման գործում։

-Քանի որ, հարկ եղած դեպքում, մենք պետք է լինենք առաջնագծում՝  մեր երկիրը պաշտպանելու համար,- հավելում է Արաս Հակոբյանը։- Բռնցքամարտիկ է Արասը, Եվրոպայի արծաթե մեդալակիր։ Աշխարհի առաջնությունում իր տարիքային ու քաշային կարգում զբաղեցրել է 5-րդ տեղը։

Պարտադիր ժամկետային զինծառայությանը զուգահեռ, երկիրն ու բանակը միջազգային առաջնություններում ներկայացնող մարզիկները նշում են. ամեն անգամ մրցապայքարի դուրս գալիս իրենք ակամայից ուժ ու կորով են ստանում՝ գիտակցելով, որ ներկայացնում են ոչ միայն մեր երկիրը, այլև  վերջինիս հարատևության համար անմահացած իրենց զինակիցներին ու մտերիմներին։

ԶԻՆՎՈՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ-Բոլոր զինվոր տղերքը, որ զոհվել են, մեզ պարտավորեցնում են, որ մենք երկրից դուրս կայացող մրցույթներում մեզ ավելի լավ դրսևորենք։ Մեր բոլոր հաղթանակները մենք հենց նրանց ենք նվիրում,- ասում է սամբոյի աշխարհի փոխչեմպիոն և Եվրոպայի բրոնզե մեդալակիր  Նարեկ Ամիրյանը։ 44-օրյա պատերազմում զոհվել է նրա մտերիմ ընկերը՝ Նարեկ Բալասյանը։

Խոսելով զինծառայության ընթացքում արձանագրած մարզական հաջողությունների մասին՝ տղաներն անկեղծանում են. դրանցից ամենահիշարժանները հակառակորդ պետության մարզիկների նկատմամբ տարած հաղթական ելույթներն են։

Բռնցքամարտիկ Արաս Հակոբյանը վերհիշում է իր մենամարտերը և նկատում.

-Դժվար պայքարում հիշում ես, որ դու համազգեստ ես կրում։ Ինձ դժվար պահերին օգնության է գալիս Հայրենիքի հանդեպ սերը։ Երբ ռինգ եմ մտնում, հիշում եմ, թե մեր տղաներն ինչպես են օրերով կանգնել դիրքերում, անզիջում կռիվ տվել։ Իսկ երբ ռինգում եմ, ես հնարավորություն եմ ունենում հակառակորդիս դեմ առ դեմ ապացուցելու, թե մեզնից ով է ավելի ուժեղ։ Մենք արդեն քանիերորդ անգամ դա ապացուցում ենք տարբեր մրցումներում և շարունակելու ենք ապացուցել։

-Քանի որ հիմա առաջնագծում չենք ծառայում,- հավելում է աթլետ Գոռ Բեգլարյանը,- առայժմ մեր ծառայության գլխավոր նպատակը մեր Եռագույնը բարձր պահելն է։ Որպես զինվոր՝ դա ինքս ինձ համար հրաման եմ համարում։

ԶԻՆՎՈՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ-Նոր եմ վերադարձել Լիտվայից, որտեղ մասնակցում էի միջազգային մրցաշարին,- ասում է ըմբշամարտիկ  Նարեկ Ամիրյանը,- այնտեղ բրոնզե մեդալի համար պայքարում իմ դեմ ադրբեջանցի մարզիկն էր, ու ես հաղթեցի։ Ուրախ ու հպարտ էի, որ պատերազմից ու այսքան կորուստներից հետո կարողացա ապացուցել մեր ուժը։

Ինչ վերաբերում է եռօրյա պարապմունքներին, ապա միջազգային տարբեր առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն ու հայկական բանակում ծառայող զինվորները չեն էլ երկմտում, լինի այսօր թե վաղը, իրենք պատրաստ են կանգնելու առաջնագիծն ու հայրենիքի սահմանը պահող տղաների կողքին։

-Փորձը ցույց է տալիս, -ասում է Արասը,- որ մեր հայ ազգը միշտ պետք է լինի պատրաստ։

-Պատերազմի ժամանակ մեր շատ ընկերներ զոհվեցին,-հավելում է Նարեկը,- և հիմա մենք այստեղ ենք, որպեսզի ապացուցենք, որ նրանց զոհողությունն իզուր չէր։ Եթե պետք լինի, մե՛նք էլ ենք կռվելու։

-Դրա համար մենք այժմ պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, մեր ազգի կողքին լինենք, մեր զինվոր ընկերների կողքին,- ասում է Արթուրը։

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ