Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
4-1-0
ԶԻՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ

ԶԻՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ-Մշուշը իջել, հասել է սարերի լանջերին: Մերձակա գյուղերը արդեն կտրվել են տեսադաշտից, իսկ ձյունը, տե՛ս, շարունակում է մաղել ու համատարած ճերմակով ներկել ամեն ինչ,- ասում է մայոր Հայկ Ջանինյանը: Նա գումարտակի հրամանատարի տեղակալն է և իր զորքի հետ պաշտպանում է Տավուշի սահմանը: Ես նրա ձայնի մեջ դժգոհության երանգներ եմ որսում:

-Չե՞ք սիրում ձմեռը,- հարցնում եմ, թեև անհնար է պատկերացնել, որ կարելի է չսիրել ձյունապատ, երկնամերձ լեռներն ու ոտքերիդ տակ ճռճռացող անապակ ճերմակը:

-Ես իջևանցի եմ: Սա իմ ծննդավայրի համայնապատկերն է, ասես՝ տանը լինեմ: Մեր բնությունը դրախտային է, այստեղ գարունները ծաղկազարդ են, ամռանը ամենուր թանձր կանաչ է, աշնանը լեռ ու ձոր դառնում են գունավոր, իսկ ձմռանը առատ ձյուն է գալիս: Մեր դիրքերը բարձրում են, ու Տավուշի ամբողջ գեղեցկությունը ամառ, թե ձմեռ աչքիդ առաջ է:

-Ես լերկ բլուրներ եմ սիրում,- ասում եմ: Հայկը նայում է տարակուսած:

-Խանձված բլուրներ,- մանրամասնում եմ: Հայկը ծիծաղում է.

-Խանձված բլուրները ի՞նչ սիրելու բան են:

-Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ պատկեր է եղել աչքերիդ առաջ մանկության տարիներին: Ես նայել եմ հորիզոնին ու արևագույն բլուրներ եմ տեսել երկնքին կպած…

-Լարվում եմ, երբ տեսադաշտս չի երևում,- ասում է Հայկն ու քայլում դեպի գետնատնակ: Երբ դուռը բացվում է, ականջիս է հասնում վառարանի խուլ գվվոցը: Գետնատնակում ոչ ոք չկա:

-Ամեն մեկն իր գործին է. որը պոստում է, որը ձյունն է մաքրում, որը ընթրիք է պատրաստում, մյուսները ինժեներական աշխատանքներ են կատարում: Դիրքերում միշտ անելու բան կա:- Հայկը վերցնում է իր բաժին սուրճը ու հարմար տեղավորվում աթոռին:

-Ինչի՞ց խոսենք:

-Դուք ինչի՞ց կուզենայիք…

Գետնատնակի թույլ լույսը, միալար գվվացող վառարանը, պատուհանին ծվարած մշուշն ու անվերջ թափվող ձյունը այնքան տրամադրող են, որ ես չեմ ուզում հարցեր տալ. թող զրույցը հնարավորինս սրտամոտ լինի դիրքապահ սպային:

-Կարոտել եմ աղջկաս…

Հայկի դեմքին մի ուրիշ ժպիտ է իջնում: Բառերով դժվար է նկարագրել:

-Անունը Սիլվի է, մորս անունն ենք դրել: Արդեն 6 ամսական է: Երբ 15 օրվա ընդմիջումից հետո դիրքերից տուն եմ գնում, մտնում եմ ներս, միանգամից աշխուժանում է: Չգիտեմ՝ ինձ է ճանաչում, թե զինվորական համազգեստս է հավանել, որովհետև, երբ համազգեստով չեմ լինում, ուշադրություն չի դարձնում ինձ:

…Հայրս չտեսավ աղջկաս: Նա շատ երիտասարդ մահացավ: Երևի բոլոր հայրերն էլ իրենց զավակներին մի շատ կարևոր բան են թողնում, որը զավակները պահպանում են ամբողջ կյանքում: Իմ հորից ինձ մի պատգամ մնաց՝ երբեք ոչ ոքի մի՛ նեղացրու, անգամ ամենավատ մարդուն… Հայրս այդպես էր ապրում: Լևոն Ջանինյանը իմ տեսած ամենաազդեցիկ մարդն էր, նրան սիրում էին, նրան հարգում էին: Ես մանկության տարիներին փոքրիկ մեքենա ունեի՝ իսկական պեդալներով: Դա թերևս իմ մանկության ամենասիրուն հուշն է, ամենաթանկ իրը: … Ու ոչ միայն իմ, որովհետև մեր թաղի բոլոր երեխաները հավասարապես օգտվում էին իմ մեքենայից: Հայրս էր այդպես որոշել: Նա ասում էր՝ ուրախությունն այն չէ, որ դու ունես, ուրախությունն այն է, որ քո ունեցածը ուրախացնում է մեկ ուրիշին:

-Հրաշալի է ասել:

-Տատիս եղբայրը՝ Ֆրոնտիկ Բլբուլյանը «Սարո» կամավորական ջոկատի ղեկավարներից էր, կռվել էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Նա երբեմն համազգեստ էր կրում: Առանց համազգեստի սովորական մարդ էր, համազգեստով միանգամից կերպարանափոխվում էր, դառնում էր ուրիշ, ավելի ինքնավստահ, համարձակ, ձիգ… Մարդկանց վերաբերմունքն էլ էր փոխվում նրա հանդեպ, երբ համազգեստով էր, հարգանքն ու ջերմությունը ավելանում ու բազմապատկվում էին: …Ես մի օր որոշեցի, որ պիտի Ֆրոնտիկ քեռու պես համազգեստ կրեմ և ընդունվեցի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան: Այսպես սկսվեց… Իմ առաջին պաշտոնը «Եղնիկներում» էր: Սկսեցի դասակի հրամանատարից, հասա գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնին: Բախտավոր եմ, որ հենց «Եղնիկներում» եմ սկսել ծառայությունս: Գաղտնիք չէ, որ այնտեղ, տեղանքով պայմանավորված, դժվարությունները շատ են: Բայց կար մեկ ուրիշ բան, շատ կարևոր, որ մտնում էր արյանդ մեջ ու էլ դուրս չէր գալիս: Մարտական ընկերությունը: Քո զինվորը քո մարտական ընկերն էր, քո հրամանատարը քո մարտական ընկերն էր: Այդտեղ զինակցության օրենքն անխախտ էր, զինակցությունը արյունակցական կապից էլ ուժեղ էր: Զինակցությունը պարտք էր, պատասխանատվություն էր, սեր էր, հարգանք էր…Ուրախ եմ, որ զինակցության օրենքը այս զորամասում էլ է գործում:

-Զինակցության օրենքը ո՞րն է:

-Դու չես քննարկում, չէ՞, եղբայրդ լավ մարդ է, թե՞ վատ, ի՞նչ արժանիքներ ու թերություններ ունի: Նա քո եղբայրն է, ու վե՛րջ, դու սիրում ես նրան, օգնում ես, ցավում ես նրա համար, անկախ նրա դրական ու բացասական կողմերից:

Հայկը վառում է լույսը, ու գետնատնակի պատուհանները ավելի են մթնում:

-Եթե հակառակորդը մշուշով քողարկված մոտենա, մինչև չհասնի դիրքին, չեք իմանա, չէ՞,- ասում եմ ես:

Հայկը ժպտում է:

-Կիմանանք: Համապատասխան սարքեր կան: Դիրքերը լավ կահավորված են: Ես պատասխանատու եմ դիրքերի համար: Օրվա մեջ հասցնում եմ մի քանի դիրքում լինել:

-Զինվոր ունե՞ք:

-Չէ՛, բոլորն էլ պայմանագրայիններ են, հիմնականում մոտակա գյուղերից են եկել: Հզոր, հայրենապաշտ տղաներ են: Զինակցության ուխտի նվիրյալ: Զրուցեք Ամրամ Հայրապետյանի, Ադիկ Դալլաքյանի, Գևորգ Գևորգյանի, մյուսների հետ, ինքներդ կհամոզվեք: Ափսոս, Գալստյան Հայկին տուն ուղարկեցինք: Դիրքերում լուր տվին, որ որդի է ունեցել: Հայ տղամարդը բնատուր հայրենիքի պաշտպան է, նա ձուլված է իր հողին: Նրան իր հողից չես կարող բաժանել:

Ես ուրիշ տեղ եմ նայում, որ աչքերս չմատնեն այն, ինչ պտտվում է գլխիս մեջ:

-Մենք անձնուրաց ենք կռվել 44-օրյա պատերազմի ժամանակ,- ասում է Հայկը:

-Գիտե՛մ, ուղղակի ուժերն էին խիստ անհավասար,- ես ուզում եմ արագ փակել 44-օրյա պատերազմի թեման: Ինձ թվում է՝ լեռները կլսեն ու կկծկվեն ցավից: Առաջվա պես հպարտ ու հաղթանակած չեն ձգվի դեպի երկինք…

Մայոր Հայկ Ջանինյանը դուրս է գալիս գետնատնակից ու քայլում դեպի մոտակա խրամատը: Մշուշը փոքր-ինչ ցրվել է, ու հեռվում աղոտ կայծկլտում են գյուղի լույսերը:

-Զինակցության ուխտը հասկացա, բայց էդ ուխտին նվիրվելու համար պիտի իմանաս՝ հանուն ինչի ու դեպի ուր ես գնում…,- ասում եմ: Հայկը ուսերն է թոթվում:

-Իսկ կա՞ մեկը, որ դա չգիտի, այն էլ 44-օրյա պատերազմից հետո: Հանուն պաշտպանված հայրենիքի:

-Հնարավո՞ր է ազգովի միանալ զինակցության ուխտին,- հարցնում եմ մայոր Հայկ Ջանինյանին հրաժեշտ տալիս:

-Ուրիշ ելք չունենք,- ասում է Հայոց բանակի սպան:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ