Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄՆ Է



ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄՆ ԷԼուսանկարիչ Վահան Ազիբեկյանն օրերս է վերադարձել պահեստազորային ուսումնավարժական հավաքներից: Վահանը առաջատար մեդիա մասնագետ է։

-Մանկությունս անցել է հայրենի Կոթի գյուղում։ Այդ օրերից հատկապես տպավորվել են ապաստարանները, տեղատարափ կրակը… Ավագ եղբայրս ու ես, ապաստարանում պատսպարված, փորձում էինք կրակոցներից կռահել, թե ինչ զենքից են ադրբեջանցիները կրակում։ Այդ տարիներին Նոյեմբերյանի սահմանամերձ բոլոր գյուղերն էին թիրախ թշնամու համար։ Ի դեպ, ոստիկանությունում ծառայող հայրս 90-ականներին Նոյեմբերյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերի մասնակիցներից էր։

Հետագայում մեր ընտանիքը տեղափոխվեց Վանաձոր, սակայն ամռանը  միշտ գյուղում էի՝ ավելի շատ Կոթիի «Ձիան ուրթ» կոչվող սարում։ Այնտեղ չկար լույս, չկար հեռախոսակապ, կյանքը սկսվում էր արևածագով և ավարտվում մայրամուտով: Իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին և միշտ կարոտով ու ջերմությամբ եմ հիշում երփներանգ ծաղիկներով զարդարված սարալանջերը, ծաղկած ուրցի բույրը,  մեր խաղերը, տատիս թխած հացի անմահական համը, մարդկանց շիտակ խոսքը, նրանց անսահման բարությունն ու  պարզությունը…

Վահանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում է ուսանել, հետագայում նաև՝ «Աբելյան» արվեստի դպրոցի «Ֆիլմմեյքինգ» բաժնում։ Բազմաշնորհ երիտասարդը, բացի լուսանկարելուց, նաեւ ֆիլմ է նկարահանել։

ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄՆ Է-2020 թվականի ամռանը՝ Covid-ի առաջացրած սահմանափակումների պայմաններում, շատ դժվարությամբ նկարահանվեց իմ առաջին խաղարկային կարճամետրաժ ֆիլմը՝ «Ընդվզումը», որի սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորն եմ նաեւ։  Շնորհանդեսը նախատեսված էր 2020 թվականին, սակայն  44-օրյա պատերազմի պատճառով հետաձգվեց և 2021 թվականի փետրվարին միայն էկրան բարձրացավ։ Ֆիլմի հիմքում, ընդհանուր առմամբ, երկու թեմա է՝ պետություն-պատերազմի մասնակից հարաբերությունը և հայր ու որդի փոխհարաբերությունը։ Ֆիլմը պայքարի, պայքարող մարդու մասին է,  փորձել եմ ներկայացնել պատերազմն անցած  մարդու հոգին փոթորկած հույզերն ու ապրումները, նրա ընդվզումը: Կյանքն անընդհատ և անընդմեջ պայքար է ու ընդվզում,- բանաձեւում է Վահանը:- Քո տեսակը պահելու համար  պետք է անվերջ, անդադար մաքառես, պայքարես: Մենք էլ, ճակատագրի բերումով, այնպիսի  տարածաշրջանում ենք ապրում, որ լիուլի է բազում մարտահրավերներով. մեր դիմաց հակառակորդն է, որը երբեք չի խաղաղվում, չի հանդարտվում, անընդհատ ոտնձգություններ է կատարում: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի՝ կին թե տղամարդ, միշտ պատրաստ  պետք է լինի ցանկացած զարգացման, պետք է պատրաստ լինենք բոլորս՝ ազգովի, ու  հույսը մեզ վրա դնենք. հարկ է՝ պարբերաբար վերհիշենք, թարմացնենք, ամրապնդենք մեր ռազմական գիտելիքներն ու ունակությունները, հնարավորինս  տիրապետենք ժամանակակից զինատեսակներին։  Նժդեհն ասում է՝ բավական չէ միայն ազգի զավակը լինել, պետք է նաեւ նրա հրաշունչ զինվորը լինել…

Վարժական հավաքների կազմակերպումը  համարում եմ ճիշտ որոշում, պետք է ունենանք պատրաստված ու մարտունակ պահեստազոր:

Ի դեպ, ուսումնավարժական այս հավաքների ժամանակ հանդիպեցի նաեւ բանակային ընկերոջս՝ Սլավիկ Սաղաթելյանին, ամենից ուշագրավն այն է, որ ուղիղ տասնմեկ տարի հետո կրկին հանդիպեցինք նույն  վայրում եւ շարքում կրկին իրար կողք կողքի կանգնեցինք ու զինվորական կարգով, հանգով եւ պատվով անցանք մեր այս ծառայությունն էլ:

ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄՆ Է-Բավարար չափով հագեցած էր անցնում ամեն օրը,- նշում է Վահանը:- Եթե փորձեմ գնահատել հավաքի կազմակերպման մակարդակը, կարող եմ  ընդգծել, որ 7-օրյա զինպատրաստությունը մաքսիմալ հագեցած էր, խիտ գրաֆիկով, տարբեր պարապմունքներով, որոնք օգնեցին շարունակելու հետագա ծառայությունը: Միայն մի նկատառում ունեմ՝ ցանկալի կլինի հնարավորինս ավելի բարելավել կենցաղ-կացարանային պայմանները և կարգապահական որոշ հարցեր, ինչը, ըստ իս, կնպաստի այս շատ կարևոր ու անհրաժեշտ ծրագրի արդյունավետության բարձրացմանը։

Սերժանտ Վահան Ազիբեկյանը հավաքների ժամանակ մոտոհրաձգային դասակի   հրամանատար  էր:

-Միանշանակ կարող եմ փաստել, որ դասակիս տղաների հետ միասին փորձել ենք  առավելագույնս արդյունավետ եւ նպատակային օգտագործել  ամեն ժամն ու րոպեն: Տարբեր մասնագիտության, տարբեր տարիքի, տարբեր կրթության ու մտածելակերպի էինք ամենքս, բայց ընդհանուր էր բոլորիս նպատակը՝ հայրենիքի պաշտպանություն ու ամրապնդում:

-23 օր «զինվորանալուց» հետո «ուվալնյատ» եղա,- Վահանի դեմքին լուսավոր ժպիտ է՝ որդու դիմավորումն է հիշել,- տղաս՝ Մոնթես, դեռ չորս տարեկան չկա, անհամբերությամբ սպասում էր վերադարձիս, շատ ոգևորված և կարոտով ընդունեց։

Մենք պարտավոր ենք մեր զավակներին արժանապատիվ եւ ամուր հայրենիք ժառանգել…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ՎԱՀԱՆ ԱԶԻԲԵԿՅԱՆԻ անձնական արխիվի

Խորագիր՝ #40 (1462) 14.12.2022 - 20.12.2022, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


15/12/2022