Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՍՈՐԻ ԶԻՆՎՈՐԸ



ԱՍՈՐԻ ԶԻՆՎՈՐԸՀայկական բանակում հայազգի զինվորների կողքին ծառայում եւ մեր սահմաններն ամուր ու անառիկ են պահում նաեւ ազգային փոքրամասնությունների զավակները:

Այլազգի երիտասարդները ծառայում են ոչ պակաս պատվախնդրորեն ու նվիրումով։

Ասորի Արտյոմ Այդինովը շուտով կհամալրի հայոց բանակի շարքերը։

-Եթե առողջական խնդիրներ չունես, ուրեմն՝ պիտի ծառայես, տղան պիտի ծառայի,- ասում է հաստատակամ, առարկություն չընդունող տոնով:

Հայաստանաբնակ ասորիների ամենամեծ համայնքից՝ Վերին Դվինից է Արտյոմը:

Երբ վտանգվել է Հայոց հողի խաղաղությունը, ասորի շատ տղաներ՝ կամավոր, ժամկետային, պայմանագրային, կռվել են արիաբար ու ոչ միայն կռվել, այլ նաեւ կյանքն են նվիրաբերել։ 44 -օրյա պատերազմին Վերին Դվինը երկու զավակ կորցրեց…

-Ասորիների ճակատագիրն էլ հայերի ճակատագրի նման է, -ասում է Արտյոմը,- մեր ազգն էլ հայերի նման հայրենիք-ծննդավայր է կորցրել, ցեղասպանության ենթարկվել, տեղահանվել, ցիրուցան եղել աշխարհով մեկ: Պապս ժամանակին շատ էր պատմում այդ մասին, ասում էր՝ մենք աշխարհի հնագույն ազգերից ենք, պետականություն ենք ունեցել… Պատմելիս էլ միշտ պատվիրում էր՝ լսի՛ր, իմացի՛ր եւ հիշի՛ր քո ժողովրդի պատմությունը՝ ովքեր ենք եղել մենք, ինչերի միջով անցել, ու թե որքան ծանր է հայրենիք կորցնելը… Փոքր էի այն ժամանակ, խորությամբ չէի հասկանում պապիս խոսքերի դառնությունն ու հոգու ցավը…

Հայաստանն ինձ համար հայրենիքի պես թանկ ու հարազատ է: Հավատացեք, ինձ համար աշխարհում Վերին Դվինից սիրուն անկյուն չկա:

Հայրս Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել, եղբորս հետ մի քանի ամսով գնացինք իր մոտ: Ռուսաստանում ամեն ինչ շատ գեղեցիկ էր, հազար տեսարժան վայր կար, օրերը մեկը մեկից հագեցած ու հետաքրքիր էին անցնում, չէի հասցնում ձանձրանալ, բայց երբ ընկերներս գյուղի պատկերներով նկարներ կամ վիդեոներ էին ինձ ուղարկում, սիրտս անսահման կարոտով էր լցվում, երբեք չէի մտածել, որ այդքան կկարոտեմ ծննդավայրս: Երկար չկարողացա մնալ օտար հողում, վերադարձա:

Ասորի երիտասարդը Ռուսաստանից վերադարձել է նաեւ ծառայելու նպատակով:

-Պատվի եւ արժանապատվության հարց է՝ այս հողում ենք ապրում, այստեղ քո հենարանն է, ուրեմն՝ նաեւ պիտի ծառայես։ Կգնամ, կծառայեմ, ինչպես իմ ազգակից տղաները, ես էլ իմ լուման կունենամ մեզ համար հայրենիք դարձած երկրի պաշտպանության գործում: Կոփված, մարզված եմ, կարծում եմ՝ բանակային կյանքի ֆիզիկական դժվարությունները հեշտ կհաղթահարեմ, բնավորությամբ էլ շփվող եմ, անմիջական, շուտ կմտերմանամ, կընկերանամ։ Ասում են՝ բանակային ընկերությունը մի ուրիշ համ ու հոտ ունի։ Տրամադրված եմ գնում, չզարմանաք՝ արդեն բանակ գնալուս օրերն եմ հաշվում։ Ծանուցագիրս ստացել եմ. հունվարի 10-ին զորակոչվելու եմ։

Իսկ մինչ այդ, ասորական գյուղում կթնդա դհոլի ու զուռնայի ձայնը. ասորիներն էլ հայերի նման նորակոչիկներին բանակ ճանապարհելիս խնջույք են կազմակերպում. անխախտելի կարգ է՝ զինվորին ուրախ ճանապարհ են դնում, որ ուրախ էլ դիմավորեն:

Արտյոմն էլ իր բանակի խնջույքին հաստատ դհոլ կխփի, մի լավ կթնդացնի՝ տեղը տեղին. Արեւշատի երաժշտական դպրոցում է դհոլ նվագել սովորել, բազմաթիվ մրցանակներ ունի:

-Էական չէ՝ որ զորամասում կծառայեմ ու զինվորական ինչ մասնագիտությամբ: Բայց որպես զինվոր իմ հնարավորության սահմաններում ամեն ինչ կանեմ, որ «ռահաթույթա» լինի…

«Ռահաթույթա» ասորերեն խաղաղություն է նշանակում…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #40 (1462) 14.12.2022 - 20.12.2022, Ազգային բանակ


15/12/2022