Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԻՏԻ ԱՄԵՆ ՄԵԿՍ ԱՍԵՆՔ՝ ԵՍ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒԺԸ…»



«ՊԻՏԻ ԱՄԵՆ ՄԵԿՍ ԱՍԵՆՔ՝ ԵՍ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒԺԸ…»«Շենգավիթ» ԲԿ փոխտնօրեն և վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, բուժծառայության փոխգնդապետ, Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ Սևակ Շահբազյանը ՀՀ նախագահի հրամանագրով հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար պարգևատրվել է «Մխիթար Հերացու» մեդալով:

 

-Պարոն Շահբազյան, Ձեր կենսագրությունից տեղեկացա՝ պաշտպանության համակարգում ծառայելու տարիներին պարգևատրվել եք «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով և ահա ստանում եք առողջապահության ոլորտի բարձրագույն պետական պարգևը՝ «Մխիթար Հերացու» մեդալը, երբ դեռ այդքան երիտասարդ եք: Եթե հավելեմ, որ հասցրել եք ղեկավարել ՊՆ կենտրոնական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքը, հիմա Երևանի գլխավոր վիրաբույժն եք, իսկ այդ պաշտոնները զբաղեցրել են պատկառելի տարիք ու վաստակ ունեցող ճանաչված մասնագետներ, պարզ կդառնա, որ Դուք հաջողակ ու գնահատված բժիշկ եք: Արագ ու նշանակալի ձեռքբերումները չե՞ն կասեցնում արդյոք բժշկի մասնագիտական առաջընթացը, չե՞ն նվազեցնում նոր հաջողությունների հասնելու նրա ջանքերը:

-Անշուշտ, հաճելի է գնահատված լինելը, և գերատեսչական մեդալներն ու պետական պարգևները ոչ թե քեզ դրդում են, որ ննջես փառքի դափնիների վրա, այլ ամփոփում են քո ձեռքբերումները ու հուշում նոր տարածքներ նվաճելու հրամայականը: Վիրաբուժությունը բժշկության ամենաարագ զարգացող ոլորտն է: Այն, ինչ նորարարություն էր երեկ, այսօր իր տեղը զիջում է ավելի համարձակ ու արդյունավետ մեթոդներին: Այսինքն՝ վիրաբույժին միշտ սպառնում է ժամանակավրեպ լինելու հեռանկարը, եթե նա թեկուզ կարճատև դադար առնի ու դանդաղեցնի ինքնակատարելագործման տեմպերը: Ես ամեն տարի գոնե մեկ անգամ վերապատրաստվում եմ արտերկրում ու ամեն վիրահատության ժամանակ փորձում եմ մի քայլ ինքս ինձնից առաջ անցնել: Վիրաբուժության մեջ այնքան չնվաճված տարածքներ, բարձունքներ կան, որ քեզ երբեք թույլ չեն տալիս բավարարվել օրվա ձեռքբերումներով:

-Դուք ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցիք վիրաբույժի մասնագիտությունը: Ես գիտեմ, որ Ձեր գերդաստանում բժիշկեր չեն եղել: Ո՞վ հուշեց բժիշկ դառնալու միտքը: Կա՞ օրինաչափություն՝ մարդու բնավորության ո՞ր գծերն են խաչվում բժշկի մասնագիտական որակների հետ:

-Եթե փորձենք օրինաչափություն փնտրել, ապա պիտի խոստովանենք, որ իմ մանկությունն ու պատանեկությունը բոլորովին ուրիշ ապագա էին կանխատեսում ինձ համար: Իմ Հարութ մեծ պապը հայտնի հեղինակություն է եղել իր շրջապատում՝ արդարասիրությամբ, վճռականությամբ, կամքով ու ամենամեծ ուժի դեմ անգամ չընկրկելու քաջությամբ: Երբ փոքր էի, հաճախ էին ինձ նմանեցնում պապիս: Տատս ասում էր՝ իսկը Դալի Հարութն է:

-Դալի, այսինքն՝ խենթ:

«ՊԻՏԻ ԱՄԵՆ ՄԵԿՍ ԱՍԵՆՔ՝ ԵՍ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒԺԸ…»-Այո՛: Ես համարձակ էի, համառ, եռանդուն ու նպատակասլաց: Սրանք իմ խառնվածքի ամենաակնառու գծերն էին, որոնք ընդգծված են մինչ օրս: Եթե ես վճռել եմ, ինձ անհնար է տարհամոզել: Եթե ես նպատակ եմ դրել, ոչ մի դժվարություն ինձ չի կանգնեցնի կեսճանապարհին: Պապս միակն էր, որ չէր փորձում ինձ վերափոխել ու շատ խորհրդավոր ասում էր՝ մեծ մարդ է դառնալու: Ինչ վերաբերում է մասնագիտական ընտրությանը, ես կարծում եմ, որ այստեղ նախախնամության մատն էր խառը: Մի օր ես արթնացա ու որոշեցի, որ պիտի վիրաբույժ դառնամ: Ես վստահ եմ՝ մարդն աշխարհ է գալիս մի ներքին մղումով, մի առաքելությամբ, մի սիրով, որը գտնելու համար պիտի վերանա բոլոր հաշվարկներից ու շահախնդրությունից ու կարողանա լսել սեփական սրտի ձայնը: Այո, կան մասնագիտություններ, որոնք արագ ու հեշտ հարստանալու ավելի մեծ հնարավորություններ են խոստանում, կան մասնագիտություններ, որոնք կարող են քեզ արագ փառք ու ճանաչում բերել, բայց մասնագիտություն ընտրելիս դու պիտի հասկանաս՝ ո՞րն է քեզ ավելի սրտամոտ, ո՞րն է քո կյանքի գործը, հենց դա էլ քեզ փառք ու երջանկություն կբերի:

Ես չեմ կարող ապրել առանց վիրահատարան մտնելու: Ես հանգստանում եմ վիրահատության ժամանակ, ես վայելում եմ այդ ամբողջ ընթացքը, դա իմ տարերքն է, իմ հաճույքը…

-Լսել էի, որ վիրահատարանը ռինգի հետ համեմատեն, վիրահատությունը՝ մենամարտի…բայց վայե՞լք…

-Վիրահատությունը արվեստ է, արարում: Ու դու՝ որպես կատարող, ուզում ես ավելի ու ավելի վիրտուոզ լինել, ավելի ու ավելի հմուտ: Եթե դու իսկական բժիշկ ես, չես կարող չխոստովանել, որ ինչ-որ անկառավարելի, անբացատրելի կապ է առաջանում քո ու հիվանդի միջև: Բոլորովին անծանոթ մարդը գալիս գրավում է միտքդ, դառնում է քո կյանքի առանցքը: Ընտանիքդ, երեխաներդ, ծնողներդ, ընկերներդ մղվում են հետին պլան, դու միայն հիվանդիդ ու նրա փրկության մասին ես մտածում:

-Եթե անգամ նա վճարունակ չէ՞:

-Հիվանդի վճարունակության հարցը առհասարակ այս տիրույթում դեր չունի: Այն, որ դու՝ որպես բժիշկ, ամեն ինչ տալիս ես քո հիվանդին, ավելի ուժեղ մղում է, քան նույնիսկ մարդասիրությունը: Դա մարդասիրություն է՝ գումարած մասնագիտական պարտքը, գումարած պատասխանատվությունը, գումարած բժշկի քո վարկը, ինքնագնահատականը: Երբ ես ծանր հիվանդ եմ ունենում, մինչև նրա վիճակի կայունանալը դառնում եմ ուրիշ մարդ՝ լարված, նյարդային, չշփվող:

Պատահում է՝ դու անում ես անհնարը, բայց հիվանդը չի ապրում: Ինձ նույնպես ծանոթ է անկումային տրամադրությունը: Բայց …ի հեճուկս ցանկացած որոշման, քայլերս ինձ նորից տարել են վիրահատարան:

-Ինչո՞ւ հենց ռազմական բժշկի մասնագիտությունն ընտրեցիք:

-Իմ հայրը զինվորական է: Նա մասնակցել է Արցախյան ազատամարտին, հետո ծառայել հայկական բանակում: Միայն ճշմարիտ զինվորականի ընտանիքում ծնված մարդիկ կհասկանան ինձ…Օդը լցված էր Հայրենիքով, բանակով, զինվորով: Աշխարհը նրանց շուրջն էր պտտվում, նրանք ամեն ինչի առանցքում էին: Այս ամենը քո հոգում նստվածք է տալիս: Ու ամենակարևոր պահին հայտնվում է մի որոշում, որը գրեթե ենթագիտակցական է, բայց այնքան ուժեղ, որ չես էլ կասկածում: Ես այնքան շնորհակալ եմ բախտին, որ հենց բանակում եմ սկսել իմ մասնագիտական գործունեությունը: Արտաբերեցի Հայրենիք բառը, ու աչքերիս առաջ պատկերվեց Ջրականը…

«ՊԻՏԻ ԱՄԵՆ ՄԵԿՍ ԱՍԵՆՔ՝ ԵՍ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒԺԸ…»-Դուք արցախցի՞ եք: Հայրենիք ասելիս ամեն մարդ իր ծննդավայրն է պատկերացնում:

-Ո՛չ, ես արցախցի չեմ, բայց Հայրենիքն առաջին անգամ սրտով «շոշափել եմ» Ջրականում: Նոր էի ավարտել համալսարանը, ու ինձ նշանակել էին ծառայության Ջրականի հոսպիտալում: Ես հոսպիտալում վիրաբույժն էի, քիչ հեռու առաջնագիծն էր, որտեղ մեր զինվորներն էի կանգնած թշնամու առաջ: Այսինքն՝ դա սահմանապահ հոսպիտալ էր: Եվ հրազենային վիրավորումները անպակաս էին: Հիմա բառերով դժվար է նկարագրել այդ զգացողությունը, այդ կապը Հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորի, նրա կյանքի համար պատասխանատու վիրաբույժի ու այն հողի միջև, որի վրա քայլում ես: Դուք երեքդ միասին դառնում եք մի ամբողջություն: Ու ծնվում է մի անսասան միտք, որ աշխարհում չկա ավելի կարևոր բան, քան այդ հողը: Մարդն այդպես է հերոսանում:

-Ասացիք՝ շնորհակալ եք բախտին, որ հենց բանակում եք սկսել մասնագիտական գործունեությունը:

-Բանակում ծառայության մի քանի տարին մի քանի տասնամյակի փորձ, հմտություն, հոգեբանական ամրություն ու մասնագիտական գիտելիքներ է տալիս բժշկին:

-Ասում են՝ երբ քեզ հրում են բարձր լեռան կատարից, կա՛մ պիտի ընկնես, կա՛մ պիտի թռչես:

-Եվ դու ամեն ինչ անում ես, որ թռչես…Դու «ստիպված» խիզախում ես: Դու հավաքում ես ամբողջ մասնագիտական ներուժդ, հոգուդ ամրությունը, կամքդ: Ապրիլյան պատերազմի ժամանակ ես Կենտրոնական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետն էի: Ավելի քան 10 օր հոսպիտալից տուն չգնացի: Վիրավորների հոսքը աննախադեպ էր: Չեմ ուզում անհամեստ հնչի, բայց մեր բաժանմունքի յուրաքանչյուր անդամ անմնացորդ, ինքնամոռաց նվիրումով պայքարեց զինվորի կյանքի համար, մենք մահվան ճիրաններից հարյուրավոր կյանքեր խլեցինք:

-Հայտնի խոսք կա՝ զինվորականը նախկին չի լինում, դա զինվորական բժիշկների՞ն էլ է վերաբերում:

-Անշուշտ: 44-օրյա պատերազմի լուրը լսելուց մի քանի ժամ հետո ես Կենտրոնական հոսպիտալում էի ու իմ ծառայությունն էի առաջարկում բանակին: Ես պատրաստ էի կատարել յուրաքանչյուր հրաման: Հետո «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ուռումյանը որոշեց, որ կլինիկան պատերազմի օրերին պիտի դառնա հոսպիտալ և ընդունի բուժօգնության կարիք ունեցող վիրավորներին: Այսպես ասած, ռազմաճակատի սպասարկումը ես էի ղեկավարում: Մենք աշխատում էինք օրը 24 ժամ: Մենք արեցինք անհնարը: Երբեմն պաշտպանության նախարարության մեքենաները չէին հերիքում, ուշանում էին, ու տղաներին հոսպիտալ էինք տեղափոխում Ալեքսանդր Ուռումյանի մեքենայով: Չկար իմ ու քո, կար մերը: Երկիրը մերն էր, բանակը մերն էր, զինվորը մերն էր:

-Դուք  «Մխիթար Հերացու» մեդալով պարգևատրվել եք հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար: Այն, կարելի է ասել, զինվորական պարգև է:

-Այդ պատճառով էլ կրկնակի թանկ է, կրկնակի պարտավորեցնող: Ես արտերկրում աշխատելու բազմաթիվ հրավերներ եմ ստացել: Աշխատանք, որը կարող էր միանգամից փոխել իմ ու ընտանիքիս կենսամակարդակը, բայց ես մի պահ անգամ չեմ քննարկել այդ առաջարկները:

-Որովհետև Դուք պետք եք Հայրենիքին:

-Որովհետև Հայրենիքը պետք է ինձ: Իմ տքնանքը, իմ ջանքերը, իմ նպատակները իմաստավորվում են, որովհետև դրանք իմ երկրի, իմ ժողովրդի համար են: Այդ միտքը ինձ լրացուցիչ ուժ է տալիս, ու իմ աշխատանքի արդյունքը բարեկեցությունից առաջ երջանկություն է պարգևում ինձ: Ես միշտ լինելու եմ բանակի ու զինվորի կողքին, ու որքան էլ զբաղված լինեմ, ոչ մի զինվոր կամ սպա, Հայրենիքի ոչ մի պաշտպան ձեռնունայն չի հեռանալու, եթե դիմել է ինձ:

-Երեք որդի ունեք, ինչպիսի՞ ապագա եք երազում նրանց համար:

-Կուզենայի, որ նրանցից մեկը վիրաբույժ դառնար: Ավելի ճիշտ՝ ավագ որդիս, նա հավասարակշռված է, խաղաղ, կամային: Դա իմ ցանկությունն է, բայց չեմ պարտադրելու: Միջնեկ որդիս իմ մանկությունն է կրկնում. համառ է, անզիջում կռվարար, կրտսերս դեռ 4 ամսական է: Ուզում եմ, որ նրանք լավ մասնագետ դառնան, ինչ մասնագիտություն էլ ընտրեն: Իսկ բոլորի համար ես խաղաղություն եմ ուզում: Ես անցել եմ 44-օրյա ցավի էպիկենտրոնով: …Մենք պիտի ամեն ինչ անենք, որ այն երբեք չկրկնվի:

Պիտի ամեն մեկս ասենք՝ ես եմ Հայրենիքի ուժը, ես եմ այն հենասյունը, որը կանգուն է պահում Հայրենիքը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #39 (1461) 07.12.2022 - 13.12.2022, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


07/12/2022