Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԻՆՔՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԶԴԸ
ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԻՆՔՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԶԴԸ

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ զրույցի թեման տեղեկութահոգեբանական ներգործության հետեւանքներն են:

– Պարո՛ն Մարգարյան, ի՞նչ քայլերի է դիմում Ադրբեջանը՝ տեղեկութահոգեբանական պայքարի ոլորտում:

– Օրինակ այսպիսի՝ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումները, օգտագործելով ռադիոհաղորդումների որոշակի հաճախականություններ, ինչպես նաև ինտերնետ համացանցը, ձեռնարկում են քարոզչական և հոգեբանական ակտիվ գործողություններ` հիմնված զանգվածների գիտակցության նպատակային կառավարման և նպատակաուղղված ապատեղեկատվության միջոցով այդ գիտակցության մեջ սխալ պատկերացումների ձևավորման եղանակների կիրառման վրա: Հաղորդումներում իրականությունն այնպես է աղավաղվում, որ ունկնդիրն այդ տեղեկույթն ընկալի որպես ինքնին հասկանալի ու ճշմարտացի և գործի ըստ դրա:

– Կներեք, ի՞նչ զանգվածների մասին է խոսքը:

– Նախևառաջ Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության, քանի որ ԶՈՒ-ի անձնակազմի վրա ազդելն ավելի դժվար է: Խաղաղ բնակչության հետաքրքրություններին համապատասխան ձևավորված այդ տեղեկույթը արմատապես փոփոխակվում է: Հենց տեղեկույթի դաշտի այս փոփոխակումներն են, որ հնարավորություն են տալիս աղճատելու իրողությունը: Տեղեկույթի փոփոխակման հիմնական եղանակներն են` դրական միտումների լռության մատնումը, իրականության աղավաղումը, անցումային շրջանին հատուկ բացասական փաստերի և իրադարձությունների ուռճացումը և այլն:

– Այսինքն՝ խոսում են մեր հասարակության եղած ու չեղած բոլոր թերությունների մասին և լռության մատնում դրանք վերացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ձեռքբերումները:

– Այո՛:

– Չե՞ք կարծում, որ հենց դրանով էլ հեշտությամբ մատնում են իրենց թշնամական նպատակը, իսկ դա կտրուկ նվազեցնում է քարոզչության արդյունավետությունը:

– Իհարկե: Վարպետորեն կատարվող քարոզչությունը մերկապարանոց չէ, և այդ ամենը հաշվի է առնվում: Իմ ասածը վերաբերում է քարոզչության ընդհանուր միտումներին և ոչ թե իրագործման «տեխնիկական» հնարներին: Նկատի ունենալով hարավկովկասյան տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և Հայաստանի դեմ Ադրբեջանի վարած տեղեկութային պատերազմը` չի կարելի անտեսել այդ գործընթացների հոգեբանական գործոնները, որոնք հզոր քաղաքական և դիվանագիտական զենք են:

– Շատերը դժվարանում են պատկերացնել, որ Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը համակարգված է, և որ տարբեր ու բազմաբնույթ լրատվամիջոցները կատարում են մեկ կենտրոնից տրվող հստակ հրահանգներ:

– Այս կապակցությամբ նպատակահարմար եմ գտնում մեջբերել Ադրբեջանի Միլի Մեջլիսի 2006թ. աշնանային նստաշրջանի բացման ժամանակ Իլհամ Ալիևի ելույթից հետևյալ արտահայտությունը. «Մենք արդեն սկսել ենք տեղեկութային գրոհը, այժմ պետք է սկսենք տնտեսական գրոհը: Մինչև հայկական կողմը չզգա նման ճնշում, նա դժվար թե ինքնակամ լքի զավթած հողերը»:

– Մի՞թե այդ գրոհները սկսվել են 2006թ.:

– Իհարկե ոչ: Եւ հենց դրանից է բխում, որ Ալիևի այս արտահայտությունը պատահական չէ: Նրա նպատակն է միջազգային հանրությանը և եվրոպական համապատասխան ատյաններին ներկայացնել ոչ թե այն հանգամանքը, որ Ադրբեջանը, բացի տեղեկութային գրոհից, պետք է սկսի նաև տնտեսական գրոհ, այլ Հայաստանը համաշխարհային հանրությանը ներկայացնել իբրև ագրեսորի: Դա Ադրբեջանի համար խիստ կարևոր հանգամանք է:

– Ինչո՞ւ:

– Որովհետև այն ենթադրում է միջազգային կարծիքի միջոցով մեզ վրա ներգործություն, ինչը շատ ավելի ազդու է, քանի որ հակառակորդի կողմից տարածվող տեղեկույթի նկատմամբ այս կամ այն չափով ցուցաբերվում է քննադատողականություն, մինչդեռ միջազգային հանրության կարծիքը նման խոչընդոտի հարաբերականորեն քիչ է բախվում: Անշուշտ, ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ միջազգային հանրության կարծիքը նույնպես պետք է քննադատաբար ընկալվի, քանզի միշտ չէ, որ այդ կարծիքը կարող է օբյեկտիվ լինել և համապատասխանել ազգային շահերին:

– Փաստորեն, դա մեր երկրի վրա միջնորդավորված ազդեցության փորձ է, ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանելու նման մի բան:

– Այո՛: Այն տարբերությամբ, որ «կրակից հանելիքը» շագանակ է միայն Ադրբեջանի և ոչ թե միջազգային հանրության համար:

– Այն, ինչ ասացիք, վերաբերում էր խաղաղ բնակչության վրա ազդելուն: Իսկ զինված ուժերի՞:

– Զորքի բարձր բարոյական ոգու ապահովման պրոբլեմը մեծապես կապված է այն փոփոխությունների հետ, որոնք կարող են հակառակորդի կիրառած հոգեբանական ներգործության հետևանքով տեղի ունենալ զինծառայողների աշխարհայացքային կողմնորոշումներում, հայրենիքի նկատմամբ իրենց պարտքի, հայրենասիրության և պատվի, ռազմամասնագիտական իրազեկության մասին նրանց ունեցած պատկերացումներում:

– Իսկ ավելի կոնկրետ՝ ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել զինծառայողների և զինվորական կոլեկտիվների վրա բացասական տեղեկութահոգեբանական ներգործությունը:

– Նախևառաջ՝ իր երկրի համար զինծառայողի հպարտության զգացումի ճապաղմանը, հայրենիքի պաշտպանության նկատմամբ իր սահմանադրական պարտքի կատարման անհրաժեշտության հարցում համոզվածության սասանմանը: Երկրորդ՝ բարոյական ոգու թուլացմանը, անվստահության և անհանգստության վիճակի ստեղծմանը, կոնկրետ գործողություններ կատարելու, զինված դիմադրություն ցույց տալու կամքի թուլացմանը: Երրորդ՝ զինվորական կոլեկտիվների պառակտմանը՝ քաղաքական, կրոնական, ծառայողական և այլ շարժառիթների ազդեցությամբ: Չորրորդ՝ դասալքությանը, հիվանդությունների կեղծագործմանը, հրամանատարների՝ հրամանների կատարումից խուսափմանը: Հինգերորդ՝ զինծառայողների կողմից մարտական գործողությունների ընդհանուր պատկերի և ռազմական իրադրության, հակառակորդի իրական պլանների և մտադրությունների, ռազմական գործողությունների հետ կապված այլ հանգամանքների սխալ ընկալմանը:

– Սարսափելի հետևանքներ են: Եւ ի՞նչ պետք է անել՝ դրանք կանխելու համար:

– Քանի որ հոգեբանական օպերացիաներն իրագործվում են ոչ միայն պատերազմական, այլև խաղաղ ժամանակ, ապա դրանց կանխման կամ զինծառայողների ու զինվորական կոլեկտիվների վրա դրանց ներգործության աստիճանի նվազեցման ուղղությամբ միջոցառումները պետք է իրականացվեն մշտապես: Ռազմագետների ուսումնասիրություններից հայտնի է, որ մարտում մարտիկի ամենաուժեղ զգացումը մարտից խուսափելու ձգտումն է, որը հետևանք է մարդու ամենաուժեղ` ինքնապահպանման բնազդի: Այդ բնազդի դեմ պայքարի առավել հզոր միջոցներն են հայրենասիրությունը, արիությունը, համախմբվածությունը, իր և զինակիցների ուժերի, յուրային զորքի ռազմական հզորության նկատմամբ վստահությունը:

– Այդ ամենը, որպես կանոն, սկզբում լինում է: Պահպանելն է խնդիրը:

– Անշուշտ: Եւ դրա համար այդ պատկերացումները պետք է վերածված լինեն ներքին զգացումի, գործեն անձի հուզականության, ենթագիտակցականի մակարդակում: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվի երկար ժամանակ, ոչ թե մեկ կամ երկու սերնդի հետ. այս բնագավառում տեղ գտած բացթողումները կարող են բացասական ազդեցություն ունենալ ապագայում` մի քանի տասնյակ տարիներ հետո: Այս հանգամանքը է՛լ ավելի կարևոր է դարձնում զինծառայողների և առհասարակ բնակչության ճիշտ դաստիարակության, նրանց բարոյահոգեբանական կայունության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների կշռադատված, խելամիտ պլանավորումն ու կազմակերպումը:

Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ