Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՊատերազմի օրերին ու նաև հետո հաճախ կարելի էր լսել պատմություններ զինվորի, սպայի անօրինակ սխրանքների մասին, երբեմն անհավանական թվացող պատմություններ, իսկ դրանք որքան էլ անհավանական թվան, բայց մեր անկոտրում ոգու ու հավատի ուժի մասին իրական մարդկանց իրական սխրանքների պատմություններ են։

Փոխգնդապետ Տարոն Քոչարյանի հրամանատարությամբ Մատաղիսի պաշտպանական ուղղությամբ հրաձգային գումարտակի մարտիկները մի քանի անգամ կարողացան կասեցնել թշնամու առաջխաղացումը և ձախողել Մարտակերտ քաղաք հասնելու նրանց փորձերը։  Իսկ ինքն իր մասին երբեք չի պատմում, համեստորեն լռում է, ու կարճ է պատասխանը՝ արել է այն, ինչը սիրտն է թելադրել։

…Տարոնը դեռ վաղ մանկության տարիներին սիրում էր կարդալ, իր տարիքի համար անսովոր ընկալունակ էր, սուր վելուծական միտք ուներ: Ներշնչվում էր իր բացահայտած հերոսների կերպարներով, համադրում էր անցյալն ու ներկան ու ինքն իր համար ճշմարտություններ սահմանում, որոնք ժամանակի հետ սկզբունքներ ու հավատամք դարձան։

Մի օր էլ Տարոնը նոր հերոսներ գտավ արդեն հեռուստաէկրանին։ Պատերազմ էր մոլեգնում։ Լրատվական ծրագրերով ցուցադրվող մարտական գործողություններից դրվագներն ու զինվորական համազգեստով մարդիկ բորբոքում էին Տարոնի պատանեկան վառ երևակայությունը, ու այսպես քայլ առ քայլ Տարոնը դարձավ ազատագրական պայքարի փոքրիկ վկան, իսկ հետո արդեն մեծ մասնակիցը…

2004 թ. Տարոն Քոչարյանը ավարտեց Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտոհրաձգային ֆակուլտետը և ծառայության վայր ընտրեց Արցախը ու հետո այնքան սիրեց հայոց աշխարհի այդ գողտրիկ անկյունը, որ ընտանիք կազմեց ու բնակություն հաստատեց այնտեղ, ավելին՝ ծնողներին ևս համոզեց տեղափոխվել Արցախ։

Տարոնը ծառայությունը սկսեց դասակի հրամանատարի պաշտոնում, բայց արդեն երեք տարի անց վաշտի հրամանատար էր, այնուհետև գումարտակի շտաբի պետ։ 2012 թ. արդեն գումարտակի հրամանատարի պաշտոնում Տարոն Քոչարյանը ստացավ իր մարտական մկրտությունը։ Արցախի «Մարտական ծառայություն» մեդալը փոխգնդապետ Քոչարյանը վաստակեց 2016 թ. ապրիլին։

Հենց մարտի դաշտում զգում էր, որ ոչ միայն գործնական հմտություններն է անհրաժեշտ անընդհատ կատարելագործել, այլև հարկ է մշտապես զինվել նոր գիտելիքներով։ 2017 թ. Տարոն Քոչարյանն ընդունվում է Վ. Սարգսյանի անվան  ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետ, գերազանցությամբ ավարտում է այն եւ անմիջապես նշանակվում գումարտակի հրամանատար։

2020 թ. սեպտեմբերի 28-ին գումարտակը, Տարոն Քոչարյանի հրամանատարությամբ, ստանձնում է Ասկերանից հյուսիս ընկած մարտական բնագծի պաշտպանությունը։

Մի քանի օր անձնակազմը մարտական հերթապահություն էր իրականացնում, սակայն հոկտեմբերի երեքին թշնամին ճեղքեց մարտական բնագիծը Մատաղիս բնակավայրի ուղղությամբ։ Հակառակորդը գրոհել էր ամբողջ ուժով։ Երկարատև մարտական կրակից հետո հակառակորդի հետևակային ուժերը սկսեցին դեպի հայկական դիրքերի ուղղությամբ շարժվել՝ հավանաբար վստահություն ունենալով, որ այլևս դիմադրություն չի լինի, սակայն տղաներն իրենց տեղերում էին՝ պատրաստ մինչև վերջին շունչը կռվելու հանուն պատվի ու հանուն հայրենիքի։

Ամբողջ առաջնագիծը ոգևորվում էր հրամանատարի խրոխտ բացականչություններից։ Իսկ ինքը ե՛ւ կռվում էր, ե՛ւ ոգևորում ծառայակիցներին։ Թշնամու կրակի ներքո Տարոնը ոչ միայն կարողանում էր կառավարել մարտը, այլև ճշգրիտ կրակի տվյալներ էր հաղորդում հայկական հրետանային ուժերին։ Հակառակորդի ուժերը վստահ լինելով, որ ճնշել են դիմադրությունը, փորձում են առաջխաղացում ապահովել Մարտակերտի ուղղությամբ։ Սակայն այստեղ ևս նրանց դիմավորում են գումարտակի մարտիկները և օգնության հասած Արթուր Հովսեփյանն իր ստորաբաժանման կազմով։

Հրամանատար Քոչարյանի ճշգրիտ հաշվարկների ու ճկուն ղեկավարման շնորհիվ հաջողվում է թիրախավորել, ապա ոչնչացնել հակառակորդի հրամանատարական «Նիվա» մակնիշի ավտոմեքենան։ Եվս մի քանի հրետանային գրոհի փորձ, ևս մի քանի հետևակային հարձակում հայկական դիրքերի ուղղությամբ, և բոլորը ապարդյուն։

Ավաղ, հերթական գնդակոծության ժամանակ հրամանատար Քոչարյանը վիրավորվում է, նրա կողքին զոհվում են  տեղակալը՝ Վաշինգտոն Եսայանը և Արթուր Հովսեփյանը, բայց գումարտակը աներեր ու անկոտրում ոգով մնաց իր պահպանության տեղամասում՝ մինչև վերջին պահը չընկրկելով թշնամական ուժերի առաջ…

Այսօր Տարոն Քոչարյանը շարքում է՝ իր անձնակազմի հետ, եւ նրա հրամանատարությամբ գումարտակը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կատարելու ցանկացած մարտական խնդիր։

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ