Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅԱՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ



Վերջին շրջանում համաշխարհային ԶԼՄ-ներն ուղղակի ողողված են հետևյալ արտահայտություններով` «Մայաները կանխագուշակել են, որ աշխարհի վերջը կգա 2012 թվին: 2012թ. դեկտեմբերին մարդկությունը կոչնչանա»: Նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, գրվել են գրքեր, որոնցում ամեն հեղինակ յուրովի է տեսել աշխարհի վերջը:

Որոշ գիտնականներ, մայաների օրացույցը համապատասխանեցնելով ժամանակակից համակարգին, այն եզրակացության են հանգել, որ 2012թ. դեկտեմբերի 23-ին Երկրագնդի վրա տեղի կունենան աղետալի իրադարձություններ: Սակայն ամեն մի «փորձագետ» աղետի իր վարկածն է առաջ քաշում. «արեգակնային համակարգը կոչնչանա Կաթնծիրի կենտրոնում պայթյունի հետեւանքով», «մայաների գլխավոր աստվածության վերադարձը կուղեկցվի երկրաշարժերով, հրաբուխներով, փոթորիկներով, մակընթացության հզոր ալիքներով, որոնք կոչնչացնեն մեր մոլորակը», «Երկիրը կբախվի աստերոիդի հետ», «այլմոլորակայինները կիջնեն մեր Երկիր, որպեսզի այն վերածեն անկենդան հարթավայրի»:

Իսկ ընդհանրապես ի՞նչ գիտենք մայաների մասին:

Մայաները ոչ միայն անիվ էին օգտագործում, այլ նաև այնպիսի բաներ գիտեին, որ հին հույները նույնիսկ չէին էլ կարող այդ ժամանակ պատկերացնել: Մ.թ.ա. 9-7-րդ դդ. մայա հնդկացիները յուրացնում են Հարավային Ամերիկայի ողջ հյուսիսային մասը, բնակեցնում Մեքսիկական ծոցի ափը, իրենց տնտեսությունն են զարգացնում ժամանակակից Մեքսիկայի հարավային մասում: Այսօր արդեն գտնվել է մայաների 1000 փոքր քաղաք և 3000 բնակավայր: Հայտնի է այս ժողովրդի գրերի, արվեստի ու ճարտարապետության բարձր վարպետությունը: Մայաները հասել են բարձր իմացության աստիճանի մաթեմատիկայի և աստղագիտության բնագավառներում: Օրինակ` «զրոն» որպես թիվ Եվրոպայում սկսեց օգտագործվել միայն 18-րդ դարում, իսկ մայա քրմերն այն օգտագործում էին մ.թ.ա. 6-րդ դարում` այս հարցում առաջնությունը զիջելով միայն շումերներին ու հնդիկներին:

Մայաների` քարի վրա փորագրված արեգակնային օրացույցը թվագրվում է մ.թ.ա. 400թ.: Նրանց գլխավոր քաղաքը Տեոտիուականն էր, իսկ 500թ.-ից` Տիկալը: Մայաների կարծիքով, տիեզերքը բաղկացած էր 13 երկնքից և 9 ստորերկրյա աշխարհից: Այդ մակարդակներում տիրող ուժերի միջև մշտապես պայքար էր մղվում, պայքար կյանքի, ջերմության, լույսի ու պտղաբերության և գիշերվա, մահվան, երաշտի, հիվանդությունների, սովի միջև:

Ծիսական գնդակախաղն արտացոլում էր այդ մշտական պայքարը, որը երբեք չէր դադարում տիեզերքում: Մայաները հավատում էին, որ ամեն անգամ, երբ իրենք գնդակ են խաղում, կյանք տվող ուժերը մեծանում են, իսկ մութ ուժերը` ժամանակավորապես պարտվում: Այդ խաղի համար տաճարի կողքին կառուցված խաղադաշտը տիեզերքի ձև ուներ, որի երկու կողմում դարպասներ էին դրված, որի միջով պետք է անցներ գնդակը: Այնտեղ կային նաև նստարաններ հանդիսականների համար: Թիմերը չար ու բարի ուժեր, մահ ու կյանք էին խորհրդանշում: Խաղացողները միմյանց հրում էին ուսերով ու ազդրերով` իրենց համար ճանապարհ բացելու և հաշիվը մեծացնելու նպատակով: Խաղի ելքն էլ դիտվում էր որպես նախագուշակություն:

Գերագույն աստվածությունը Իտցամնա արևային աստվածն էր: Արևը դուրս է գալիս արևելքից, ուստի մայաների առասպելների բոլոր հերոսները հայտնվում են արևելքից, ծագող արևի ճառագայթներով ողողված: Նրանք մարդկանց բերում էին մշակույթ, գիտելիքներ, օրենքներ, սովորույթներ: Սակայն այս հավատը շատ թանկ արժեցավ մայաների համար, երբ արևելքից նրանց հող խուժեցին եվրոպացի նվաճողները: Սկզբում հնդկացիները կարծեցին, թե իրենց մոտ են եկել իրենց առասպելների սպիտակամաշկ հերոսները: Սակայն… շարունակությունը բոլորին քաջ հայտնի է…

Մինչև 900թ. մայաների շատ քաղաքներ ու գյուղեր ամայանում են: Մինչև հիմա պարզ չէ դրա պատճառը: Երբ մի քանի դար անց այստեղ հայտնվեցին իսպանացիները, մնացել էին տասից ավելի փոքր ու թույլ իշխանապետություններ, որոնք մշտապես կռվում էին միմյանց դեմ:

Իսպանական առաջին արշավախմբերը Յուկատանի ափեր են հասնում 1517-18թթ, իսկ 1519-ին էլ հայտնվում է տխրահռչակ Կորտեսը: Սակայն այս ընթացքում մայաները մեռնում են ոչ թե իսպանացիների թրերից կամ փամփուշտներից, այլ եվրոպացիների բերած վարակներից` գրիպից, կարմրուկից, ջրծաղիկից:

1527թ. իսպանացիները Յուկատանը գրավելու նոր փորձ են ձեռնարկում, և նորից` անհաջող: Նրանց հարկավոր եղավ 170 տարի, որպեսզի ամբողջությամբ իրենց ենթարկեն այդ շրջանը: Միայն 1670թ. իսպանացիները կարողացան զավթել մայաների ամենավերջին ազատ քաղաքը` Տայյասալը: Դիմադրություն ցույց տվող քրմերն ու ազնվականները ֆիզիկապես ոչնչացվեցին, իշխանությունն անցավ իսպանացիների ձեռքը: Ժողովրդին պարտադրվեց կաթոլիկություն, ոչնչացվեցին մայաների աստվածների պատկերները, տաճարները, այրվեցին ձեռագրերը: Մթագնեց մի ամբողջ հնագույն ժողովրդի պատմությունը:

… Բայց վերադառնանք մայաների հայտնի օրացույցին և աշխարհի վերջին:

Բանն այն է, որ մայաները երկու օրացույց են ունեցել: Այսպես կոչված «քաղաքացիական օրացույցը»` հաաբը, օգտագործվում էր կենցաղում և տարվա մեջ ուներ 365 օր:

Ինչ վերաբերում է երկրորդին` քրմական օրացույցին, ապա այն չափազանց բարդ էր, սակայն շատ ճշգրիտ: Քրմական օրացույցը բաղկացած էր մի քանի մասից` միաժամանակյա 13-օրյա և 20-օրյա հաշվարկ, նաև` ժամանակային պարբերությունների իմաստային անվանումներ, օրերի խորհրդանշաններ, այսպես կոչված` «երկար օրացույց», որը սկսվում էր աշխարհի արարման օրվանից:

Ինչպես տեսնում ենք, իրոք, շատ երկար օրացույց է: Արարման օրից անցած տարիների թիվը մայաների գրավոր աղբյուրներում նշված է 32 նիշ ունեցող թվով (համեմատության համար նշենք, որ 100 միլիարդը 12 նիշանի թիվ է):

Ի դեպ, մայաների քրմական օրացույցով նրանց հարևանները` ացտեկները, յուրաքանչյուր 52 տարին դիմավորում, նշում և ճանապարհում էին… աշխարհի վերջը: Նրանք վերլուծում էին արվածը, խեղդում, այրում կամ կենդանի թաղում էին այդ ընթացքում մեղք գործածներին, իսկ հետո շատ ուրախ ու շքեղ նշում էին նոր դարաշրջանի սկիզբը:

Այսպիսով, ըստ քրմական օրացույցի ավարտվում է Հինգերորդ Արևի Դարաշրջանը, որը սկսվել է մ.թ.ա. 3114թ. օգոստոսի 13-ին և կավարտվի 2012թ. դեկտեմբերի 21-ին կամ 23-ին (ըստ տարբեր հաշվարկների): Իսկ դրանից հետո, ըստ մայաների, սկսվում է Վեցերորդ Արևի Դարաշրջանը…

Այսինքն` մայաների օրացույցը ոչ թե ավարտվում է, այլ 2012-ից «սկսում է հաշվվել զրոյից»: Ավելին, մայաների հնագույն ձեռագրերում աղետների մասին կանխագուշակություններ չկան:

FAMSI հետազոտական կազմակերպության գործադիր տնօրեն Սանդրա Նոբլը նկատել է, որ «հին մայաների համար լրիվ ցիկլի ավարտը մեծ տոն էր»: Իսկ 2012թ. դեկտեմբերը որպես աշխարհի վերջ մեկնաբանելը նա համարում է «իսկական խեղաթյուրում և շատ մարդկանց համար հարստանալու միջոց»:

Ինչպես հայտարարել է մայաների ավագանիներից մեկը` գվատեմալացի Ապոլինարիո Չիլի Պիկստունը, 2012թ. աշխարհի վերջ չի լինի, մայա հնդկացիներն ուղղակի նշելու են «արարչության հոբելյանը»: Նա ասել է, որ արդեն հոգնել է այս հիստերիայից և զզվեցնող մարդկանցից, որոնք իրեն խելագարության են հասցնում:

Իսկ 2011թ. դեկտեմբերի 21-ից Հոնդուրասում սկսվել են ժամանակը հաշվելու նոր պարբերությանը նվիրված տոնակատարություններ, որոնք կտևեն ուղիղ մեկ տարի: Իշխանությունների կարծիքով, այս միջոցառումների շնորհիվ հազարավոր զբոսաշրջիկներ կայցելեն հնագիտական կենտրոն Կոպան քաղաք, որտեղ կցուցադրվեն հնագույն քաղաքակրթության նոր հուշարձաններ:

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #01 (917) 12.01.2012 – 18.01.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


18/01/2012