Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով. «Եվրոպան ներգրավված է աշխարհում նեոնացիզմի վերածնման գործընթացին»։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքին միջամտելու, ՀԱՊԿ-ը փլուզելու փորձեր միշտ էլ եղել են և հետագայում էլ կշարունակվեն, սակայն կազմակերպությունը շարունակում է պահանջված մնալ»։

Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է հանրապետության տարածքում անօդաչու սարքերի օգտագործումը հասարակական կարգի պահպանության ուժեղացման, արդյունաբերության օբյեկտների ու տրանսպորտային ենթակառուցվածքների անվտանգության ապահովման նպատակով, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործվող անօդաչուների:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ, որում կոչ է արվում Արցախի ադրբեջանական տեղանուններ օգտագործել։ ՌԴ խաղաղապահ զորախմբի նոյեմբերի 24-ի պաշտոնական տեղեկատվության մեջ ասվում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Մաղավուզ բնակավայրի ուղղությամբ։ Փաստորեն, Ադրբեջանը չի հերքում հրադադարի ռեժիմի խախտումը, այլ նյարդայնանում է հայկական տեղանուններից:

ՌԴ ՊՆ-ն Ադրբեջանի ՊՆ-ին խորհուրդ է տվել կասկածի տակ չդնել ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը Արցախում՝ արձագանքելով խաղաղապահների տեղեկատվական ամփոփագրում օգտագործված Մաղավուզ տեղանվան օգտագործման շուրջ Ադրբեջանի ՊՆ հնչեցրած վրդովմունքին։ Պարզաբանման մեջ նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնական և մարտական առաջադրանքներ կատարելիս օգտագործում են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից հաստատված տեղագրական քարտեզներով սահմանված տեղանուններ, իսկ Բաքվի քննադատությունը զարմանալի է, քանի որ ավելի վաղ տեղեկագրերում օգտագործվել են նաև այլ ոչ ադրբեջանական տեղանուններ: Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմն օգտագործում է նաև այդ տեղանունները։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մասնակի մոբիլիզացիայի շրջանակում ավելի շատ մարդկանց հավաքագրելու կարիք չկա: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր զինված ուժերը 300 000 մարդով համալրելու մասին, ինչպես ծրագրվում էր։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների ծրագրած դիվերսիան «Հարավային հոսք» գազատարի հատվածում։ Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև գործող «Հարավային հոսքի» անվտանգության միջոցառումները համակարգելու անհրաժեշտություն կա։

Եվրամիությունն ակտիվ աշխատում է ուկրաինական հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի ուղղությամբ։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ ԵՄ-ն կանգ չի առնի, մինչև Ուկրաինայի հաղթելը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի գնահատմամբ, Ուկրաինայում հակամարտությունը կարող է տասնամյակներ տևել: Իսկ պատերազմը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ավարտվելու է բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտադաշտում ունեցած հաջողությունների ճանապարհով։

ՌԴ-ում վերականգնվում են ներմուծվող ապրանքների մատակարարումները աննախադեպ հակառուսական պատժամիջոցներից հետո: Ըստ փորձագետների՝ բիզնեսի ներկայացուցիչները, ի տարբերություն քաղաքական գործիչների, առաջվա պես ցանկանում են Ռուսաստանի հետ գործ ունենալ՝ նույնիսկ սահմանափակումների պայմաններում գտնելով նոր լոգիստիկ ուղիներ և չգովազդելով գործունեությունը:

«Ռուսաստանն աշխարհում առաջատարն է ատոմային էներգիայի զարգացման մեջ, այդ թվում՝ առաջատար տեխնոլոգիաների շնորհիվ»,- ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Չուդակովը։

 

Թուրքիա

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է մինչև 2023 թ. ավարտը թուրքական նոր անօդաչու կործանիչի արտադրությունն սկսելու մասին։

Թուրքիան և Կատարը ավարտում են Անկարային մինչև 10 մլրդ դոլար տրամադրելու մասին բանակցությունները, որից մինչև 3 մլրդ դոլարը՝ մինչեւ տարեվերջ։ Օտարերկրյա ֆինանսավորումը կօգնի ամրապնդել արժութային պահուստները՝ լիրայի կտրուկ անկման պայմաններում տոկոսադրույքների նվազմանն ուղղված  նախագահ Էրդողանի քաղաքականությանը աջակցելու համար։

Ակտաուում տեղի է ունեցել Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքիայի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների երկրորդ եռակողմ հանդիպումը։ Նախատեսվում է ստորագրել 2022-2027 թթ. միջպետական հարաբերությունների ճանապարհային քարտեզը,  պայմանավորվել երեք պետությունների տարածքով անցնող, այսպես կոչված՝ «Միջին միջանցքի» շուրջ։ Նախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում հունիսի 27-ին, որի ընթացքում ընդունվել է Բաքվի հռչակագիրը։ Փաստաթուղթը ենթադրում է համագործակցություն տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում։ Այժմ քննարկումների հիմնական թեմաները կդառնան եռակողմ և տարածաշրջանային համագործակցության զարգացումը և Կասպից ծովով Արևելք-Արևմուտք միջին միջանցքի ներուժի զարգացումը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Իրաքում և Սիրիայում օդային գործողության ընթացքում Թուրքիան 326 «ահաբեկչի» է ոչնչացրել։ Նա հերքել է տեղեկությունները, որ թուրքական բանակը հարված է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող ԱՄՆ դիտակետին և դաշնակիցների ուժերին:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան վճռական է թուրք-սիրիական սահմանն ամուր դարձնելու հարցում՝ այնտեղ ստեղծելով «անվտանգության միջանցք»: Թուրքական աղբյուրների վկայությամբ՝  դեկտեմբերից հետո Անկարան նախատեսում է խոշոր ցամաքային գործողություն Սիրիայում։ Սիրիայի քրդական ուժերը հայտնել են, որ, հնարավոր է, դադարեցնեն այն ճամբարների հսկողությունը, որտեղ պահվում են «Իսլամական պետություն» խմբավորման կալանավորները, եթե Թուրքիան նոր ցամաքային գործողություն սկսի: Դա կհանգեցնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնմանը և Սիրիայում երկրորդ քաղաքացիական պատերազմին:

«Ե՛վ Շվեդիան, եւ՛ Ֆինլանդիան դեռևս պետք է մի շարք միջոցներ ձեռնարկեն Անկարայի հետ ստորագրված հակաահաբեկչական հուշագրի իրականացման համար, ինչը Թուրքիայի պայմանն է՝ ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հաստատման համար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

 

Իրան

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի մշտական անդամակցության մասին օրինագծին: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի խոսքով՝ որոշումը վկայում է ասիական երկրների հետ տարածաշրջանային, միջազգային եւ տնտեսական համագործակցությունը զարգացնելու հարցում երկրի վճռականության և լրջության մասին: Ընթացակարգով սահմանված փուլերն անցնելուց հետո Իրանի լիիրավ անդամակցությունն ուժի մեջ կմտնի 2023 թ. ապրիլից։

Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 300 մարդ, ներառյալ ուժայինները։ Զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերին՝ հիջաբը սխալ կրելու համար ձերբակալված քրդուհի Ամինիի մահից հետո։

Իրանի ԱԳՆ տվյալներով՝ Իրանի իրավապահ մարմինները կալանավորել են անկարգություններին մասնակցած արևմտյան երկրների մի շարք քաղաքացիների:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի գնդապետ Դաուդ Ջաֆարին ռումբի պայթյունից զոհվել է Դամասկոսի մերձակայքում:

Իրանի նավթի արտահանման եկամուտը 2022 թվականին աճել է ավելի քան 11 անգամ:

ԱՄՆ-ն այլևս հրատապ չի համարում իրանական միջուկային ծրագրի վերսկսումը։

Իրանը Ռուսաստանի հետ 300 մլն դոլար արժողության ավտոմեքենաների արտահանման վերաբերյալ հուշագիր է ստորագրել:

 

Ադրբեջան

«Ադրբեջանը միշտ պատասխանել է և կպատասխանի ցանկացած հակաադրբեջանական քայլի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ խոսելով Իրանի հետ հարաբերություններում լարվածության մասին: «Ես աշխատել եմ Իրանի երեք նախկին նախագահներ Հաթամիի, Ահմադինեժադի և Ռոհանիի հետ։ Երբեք Իրանը ռազմական օպերացիա չի անցկացրել մեր սահմանների մոտ մի քանի ամիս շարունակ։ Դեռ երբեք չեն  եղել ատելությամբ և սպառնալիքներով լի նման հայտարարություններ։ Մենք ստիպված ենք Իրանի հետ սահմանին զորավարժություններ անցկացնել՝ ապացուցելու, որ չենք վախենում։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ պաշտպանելու Իրանում բնակվող ադրբեջանցիներին»,- ասել է Ալիևը:

«Իրանի հատուկ ծառայություններն ակտիվ հետախուզական-խափանարար գործունեություն են վարում Ադրբեջանի դեմ»,- ասել է Ադրբեջանի պետական անտանգության ծառայության պետի տեղակալ Ջեյհուն Շադլինսկին։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիևը ձերբակալվել է պետական անվտանգության ծառայության կողմից։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ տարբեր եղանակներով 144 մլն մանաթի պետական միջոցներ հափշտակելու մեջ։

Ավելի վաղ պետական անվտանգության ծառայությունը գործողություններ էր իրականացրել Նախիջևանի մաքսային կոմիտեում։

Նիդերլանդների արտգործնախարար Վոպկե Հուքստրան նամակ է հղել երկրի խորհրդարան՝ Ադրբեջանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետ կապված՝ հիշեցնելով ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի և այլ դեպքերի շուրջ արդար հետաքննություն անցկացնելու և մեղավորներին պատժելու անհրաժեշտության մասին: Դրանից հետո Բաքվում Նիդերլանդների դեսպան Փոլին Էյզեմային հրավիրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն և բողոք ներկայացրել:

Ֆրանսիայի Սենատում հակաադրբեջանական բանաձև ընդունելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դիվանագիտական տարրական հարգանքը խախտելով, դեմարշ է կազմակերպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ։ Նա նշել է, որ Ֆրանսիան այլևս չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #38 (1460) 30.11.2022 - 6.12.2022, Տարածաշրջան


01/12/2022