Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿ-ՔԱՄԵԼԵՈՆ



Շվեդ մասնագետները ստեղծել են նոր պաշտպանիչ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս հրասայլին (տանկ) ուղղակիորեն խաբել հակառակորդին և կատարել մարտական առաջադրանքը: Շվեդ մասնագետների խոսքով, այս տեխնոլոգիան հրասայլը վերածում է քամելեոնի, որը կարողանում է ընդունել շրջակա միջավայրի գույնը: Ենթադրվում է, որ ռազմական մեքենան, գտնվելով շարժման մեջ, լիովին անտեսանելի է ինֆրակարմիր տիրույթում, այդպիսով եւ` անհասանելի հակառակորդի հակատանկային միջոցների համար, որոնք ունեն ջերմային ինքնուղղորդող համակարգ: Մասնագետներն այս տեխնոլոգիան անվանել են «Անտեսանելի ծածկոց»:

Այն իր մեջ ներառում է հատուկ նյութեր, որոնք կարող են արագ փոխել ջերմությունը: Հրասայլի վրա տեղադրված հատուկ սկաներները շրջակա միջավայրից հավաքում են ինֆորմացիա, այնուհետև «անտեսանելի ծածկոցին» հաղորդում համապատասխան ջերմաստիճանը: Տանկը «անտեսանելի ծածկոցով» քողարկելու համար անհրաժեշտ է հարթակ, որը բաղկացած է հարյուրավոր պլաստինե բլոկներից: Արտադրողները հավաստիացնում են, որ այս տեխնոլոգիան կարելի է կիրառել նաև ռազմական տեխնիկայի այլ նմուշներում: Կառավարելով բլոկների ջերմաստիճանը` կարելի է շփոթության մեջ գցել հակառակորդին` հրասայլը առերեւույթ նման դարձնելով սովորական մեքենայի, կամ մեկ այլ օբյեկտի: Սա «հիանալի» անակնկալ է թշնամու համար: Այս տեխնոլոգիան դեռևս փորձարկման փուլում է, սակայն մասնագետները հավաստիացնում են, որ մի քանի տարուց այն լիովին պատրաստ կլինի կիրառության:

Քողարկող տեխնոլոգիաների հանդեպ պահանջարկը վերջին տարիներին զգալիորեն մեծացել է: Գիտնականներն այսօր փորձում են առարկաները թաքցնել ոչ միայն ինֆրակարմիր, այլ նաև իրականի տիրույթում: Լուրջ ձեռքբերումների են հասել հատկապես Լոնդոնի Կայսերական համալսարանի մասնագետները: 2010թ. նրանց հաջողվեց 1մմ-անոց օբյեկտն անտեսանելի դարձնել երեք հարթությունում, ինչը, սակայն, դեռ հնարավոր չէ մեծ չափեր ունեցող օբյեկտների դեպքում:

Անգլիացիներից հետ չեն մնում նաև ռուսները: Հիշեցնենք, որ «ՄԱԿՍ- 2011» ցուցահանդեսում ցուցադրվեց մարտական հանդերձանքի նոր շարք, որը ստեղծել են ռուս գիտնականները: Ռուս մասնագետները հավաստիացնում են, որ նոր ռազմական հանդերձանքը հիմնովին տարբերվում է մյուսներից: Այն իր մեջ ներառում է մի շարք բաղադրամասեր, որոնք հարմարեցնում են հագուստը շրջակա միջավայրին, եւ նման հանդերձանքով զինվորն արդեն իսկ աննկատ է մնում շրջակա միջավայրում: Այս տեխնոլոգիաները, բնականաբար, թանկ արժեն, ուստի ռուս մասնագետներն առաջարկում են նման հագուստով ապահովել միայն հատուկ նշանակության ստորաբաժանումները:

Խորագիր՝ #01 (917) 12.01.2012 – 18.01.2012, Ռազմական


18/01/2012