Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԵԽԱՆԵՐՍ ՊԵՏՔ Է ԻՐԵՆՑ ՀՈՐՆ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆ
ԵՐԵԽԱՆԵՐՍ ՊԵՏՔ Է ԻՐԵՆՑ ՀՈՐՆ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆ

ԵՐԵԽԱՆԵՐՍ ՊԵՏՔ Է ԻՐԵՆՑ ՀՈՐՆ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՏասնյոթ տարի Խաչատուր Բալասանյանը ծառայեց զինված ուժերում և  կյանքը չխնայեց Հայրենիքի պաշտպանության համար…

 

Խաչատուրը 2007 թվականին ընդունվել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, որն ավարտելուց հետո զորակոչվել էր ազգային  բանակ:

Ծառայակից ընկերը՝ Ռաֆայելը, վերհիշում է նրա հետ  Մատաղիսում անցկացրած երկու տարիները.

-Խաչատուրը ինժեներասակրավորային վաշտում էր ծառայում, սերժանտի կոչումով։ Աչքի էր ընկնում պարտաճանաչությամբ ու զինակից ընկերների հանդեպ  նվիրվածությամբ, յուրաքանչյուր խնդիր առաջինն էր ստանձնում… Ես հետախուզական վաշտում էի ծառայում, հրամանատարին խնդրեցի նրան էլ բերի մեզ մոտ…

Զորացրվելուց հետո Խաչատուրը որոշում է ծառայությունը շարունակել խաղաղապահ զորքերում: Եվ սերժանտ Բալասանյանը այդ զորքերի շարքում իրականացրել է խաղաղապահ առաքելություն աշխարհի ամենաթեժ կետերում և ապահովել տարբեր ազգությունների մարդկանց անվտանգությունը: Որպես խաղաղապահ մկրտությունն ստացել է Կոսովոյում…

Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, սերժանտ Բալասանյանը մի քանի ժամով զորամասից շտապեց տուն, հրաժեշտ տվեց ընտանիքին և վաշտի կազմով մեկնեց Արցախ: Պատերազմի առաջին օրերին Խաչատուրը ականազերծում էր իրականացնում ռազմաճակատի թեժ բնագծերում:

ԵՐԵԽԱՆԵՐՍ ՊԵՏՔ Է ԻՐԵՆՑ ՀՈՐՆ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՊատերազմի տասներորդ օրը նա մի քանի զինակիցների հետ տեղափոխվում է Հադրութի շրջան։ Հոկտեմբերի 19-ին թշնամու մեծաթիվ ուժերը հարձակում են գործում, մեր տղաները մինչև վերջ կենաց-մահու կռիվ են տալիս, որի ժամանակ շատերի հետ հերոսաբար զոհվում է նաև  սերժանտ Բալասանյանը…

Զինվորականի կնոջ՝ Մելանյա Բեգլարյանի խոսքով՝ Խաչատուրի համար Հայրենիքն ու  ծառայությունը մշտապես  առաջին  տեղում էին, ու թեև ծառայության բերումով նրան շատ քիչ էին տեսնում, բայց ընտանիքի համար չափազանց հոգատար  հայր ու ամուսին էր:

Խաչատուրի պատգամն  իր որդիներին մշտապես մեկն է եղել՝ դառնալ լավ մարդ ու Հայրենիքի նվիրյալ։ Եվ այսօր Բալասանյանների ընտանիքում ևս երկու հայ զինվոր է մեծանում:

Դեռ պատերազմի օրերին Խաչատուրի ավագ որդին բանաստեղծություն էր սերտել, որը ցանկանում էր արտասանել պատերազմից վերադարձած հայրիկի համար, ցավոք, ճակատագրի դաժան հեգնանքով որդին այդ բանաստեղծությունն արտասանեց հոր շիրմի առջև…

-Հպարտ եմ, որ Խաչատուրը որդիներիս՝ Արայի եւ Արմանի հայրն է: Եվ նրանց էնպես պիտի մեծացնեմ, որ իրենց հորը արժանի լինեն: Ես չեմ ծնկել. քանի պատերազմ էլ լինի, եթե պետք լինի, ես էլ եմ գնալու։ Մեզ համար ամենաթանկ մարդիկ զոհվեցին հանուն գաղափարի, հանուն Հայրենիքի, եւ յուրաքանչյուր հայորդու պետք է էնպես դաստիարակել, որ մեր հերոսների գործը արժանապատիվ կերպով շարունակեն ու մեր նպատակները հասցնեն բաղձալի հանգրվանի,- ասաց տիկին Մելանյան:

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ